«Այս իրավիճակում ամենակարևոր քայլը հակահարված տալն է և պաշտպանելը ԼՂ խաղաղ բնակչությանը»

168.am-ի ու Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ խորհրդի նախագահ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը

– Պարոն Արզումանյան, ներկայիս դրությամբ ի՞նչ կարելի է արձանագրել՝ ղարաբաղաադրբեջանական շփման գոտում ստեղծված իրավիճակի հետ կապված:

 – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի առջև այսօր խնդիր է դրված՝ ապահովել նույն շփման գիծը, որը կար մինչև ապրիլի 1-ը: Իսկ Ադրբեջանը հավանաբար նպատակ ունի ինչ-որ փոքր տարածք պահել իր վերահսկողության տակ` ներքին օգտագործման համար, որ ասի, թե կարողացան ազատագրել դա:

– Տեսակետ կա, որ հայկական ուժերը պետք է նույնիսկ ավելի առաջ գնան, որ Ալիևի «քթին կպնի», և երկար ժամանակ չհամարձակվի նորից խախտել զինադադարը:

– Ես չեմ սիրում, որ դիլետանտները կողքից հուշում են, թե ինչ անի բանակը: Ես վստահ եմ, որ ռազմական գործողություններն իրենք են թելադրում, տրամաբանություն ունեն, ըստ այդ տրամաբանության՝ չի բացառվում, որ ռազմական ղեկավարությունը որոշի նաև ավելի խորացնել դիրքերը: Դա կախված է տեղանքից, կախված է, թե ինչ ուժեր են պետք լինելու այդ դիրքերը պահելու համար: Դիրքեր վերցնելն ինքնանպատակ չէ, դիրք պահելն է կարևոր:

– Հայկական կողմն ի՞նչ դասեր պետք է քաղի այս իրավիճակից, ի՞նչ պետք է անել:

– Այս իրավիճակում ամենակարևոր քայլը հակահարված տալն է և պաշտպանելը ԼՂ խաղաղ բնակչությանը: Սա պարտադրված պատերազմ է, մենք գիտենք, որ Ադրբեջանը, արդեն երկու տարի է, պարբերաբար խախտում է և փորձեր է կատարում ահի մթնոլորտ ստեղծել: Այս վերջին հարձակումներն աննախադեպ էին, փառք Աստծո, մեր պաշտպանության բանակը ցույց տվեց, որ պատրաստ է, իսկ մնացած քայլերը` ինչ է անելու մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, ցավոք սրտի, այնքան էլ ակտիվություն չկա, անհասկանալի պասիվություն է: Այսօր լսումներ ունենք ԱԳ և ՊՆ փոխնախարարների մասնակցությամբ, հուսով եմ, պատասխաններ կստանանք, բայց Արտգործնախարարության այդ կրավորական կեցվածքն անհասկանալի է այս պահին:

– Հնարավո՞ր է, որ այս ագրեսիայի արդյունքում հակամարտության մեջ բեկում ստացվի մտցնել և վերջնական լուծում գտնել:

– Եթե վերջնական լուծում ասելով՝ նկատի ունեք՝ կապիտուլյացիա պարտադրել Ադրբեջանին, գնալ Բաքու, ես կարծում եմ՝ այս պահին՝ ոչ:

– Ցանկացած ձևով խաղաղության համաձայնություն կնքել:

– Չեմ կարծում՝ էապես փոխելու է, այս գործողություններն Ադրբեջանն անում է նաև ճարահատյալ, պետք է հաշվի առնել իրենց վերջին քննադատական հայտարարությունները, որ ՄԽ-ն անգործության է մատնվել, Ադրբեջանի փորձերը՝ բանակցային գործընթացը տեղափոխել այլ ատյաններ, ցույց են տալիս, որ Ադրբեջանը, թերևս, պատրաստ չէ շարունակել ՄԽ առաջարկած շրջանակներում բանակցությունները: Այսօր հանդիպում են համանախագահողները, մեծ սպասելիքներ չունեմ, բայց կտեսնենք՝ ինչ կլինի: Այդ ֆորմատը մեզ համար կարևոր է, մենք միշտ ասել ենք, որ Մինսկի խումբը միակ ֆորմատն է բանակցությունների: Հակամարտության լուծումը երկար ժամանակ է պահանջում: Օրինակ` արաբաիսրայելական կոնֆլիկտն էլ 47 թվից է ընթանում, և լուծումը չի երևում: Մենք միշտ էլ քաջ գիտակցել ենք, որ նման կոնֆլիկտները կարճաժամկետ լուծում չունեն: Այս կոնֆլիկտը շատ հիշեցնում է 1973 թ.-ի պատերազմը, երբ Եգիպտոսը փորձ էր անում նաև Սինայից ինչ-որ տարածք վերցնել, ինչը չհաջողվեց, և արդյունքում՝ ընդամենը մի քանի տարի հետո ստորագրվեց եգիպտաիսրայելական խաղաղության պայմանագիրը: Այս ագրեսիան կարող է նպաստել ավելի ինտենսիվ բանակցությունների, բայց ժամանակը ցուց կտա: Այս պահին մենք պետք է հասկանանք, որ կա մեկ խնդիր մեր ԶՈՒ-ի առջև, որը պետք է լուծել, իսկ ապագայի մասին կխոսենք, երբ այդ խնդիրը լուծված կինի:

– Արցախի ճանաչման հարցն է բարձրացվում, պե՞տք է այն օրակարգ մտցնել:

– Դա մեր զինանոցում միշտ էլ եղել է, երեք նախագահներն էլ ասել են, որ, եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժետությունը լինի՝ կճանաչեն, բայց այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ կլինի, քանի որ նշանակում է՝ բանակցային գործընթացից դուրս գալ, ինչը չի բխում Հայաստանի շահերից: Այս պարագայում ռազմական փոխօգնության պայմանագիրն է լուծում, որովհետև մենք դրանով հայտարարում ենք, որ ստանձնում ենք ԼՂ-ի համար քաղաքական և ռազմական պատասխանատվություն, և օրինական հիմունքներով պատրաստ ենք ռազմական փոխօգնության գալ՝ դրանով իսկ չվտանգելով բանակցային գործընթացը: Մենք պատասխանատու բանակցային կողմ ենք, և երկու կողմն էլ` թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ են մնացել 1994 թ. ստորագրած զինադադարին, այստեղ կա մեկ կողմ, որ խախտում է զինադադարը: Այս պահին չեմ տեսնում անհրաժեշտություն Արցախի անկախության ճանաչման:

– ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ուղերձներն ի՞նչ ազդեցություն կունենան:

– Նման ֆորմատով հանդիպումները կարևոր են, կային հստակ պատգամներ, ներկայացվեց իրավիճակը և ասվեց մեր անելիքների մասին, որոնցից մեկը հենց ռազմական փոխօգնության պայմանագիրն է, և չբացառվեց անկախության ճանաչման հնարավորությունը, ինչը մենք երբեք չենք բացառել, և հստակ ասվեց, թե ով է նախահարձակ կողմը, և ինչ պատասխանների է պատրաստ հայկական կողմը: Այդ առումով դա կարևոր բրիֆինգ էր միջազգային հանրությանը:

– Այսօր փաստացի երևում է Ռուսաստանի քաղաքականության հետևանքը, երբ մեծածավալ զենք վաճառվեց Ադրբեջանին, որ արդեն անգամ «Սմերչ» զինատեսակով են կրակում: Ռուսաստանի պահվածքը դաշնակցի՞ պահվածք է:

– Իմ գնահատականները չեն փոխվել, տարիներ շարունակ ես ասել եմ, որ դա պատից կախված հրացան է, մի օր կրակելու է: Այդ «Սմերչը», որ վաճառում էին, մենք այն ժամանակ էինք ահազանգում, բայց գտնվում էին մեզանում մարդիկ, որ ասում էին` դա ընդամենը բիզնես գործարք է, թող հիմա այդ բիզնես գործարքի հետևանքի համար պատասխան տան: Իհարկե, դա դաշնակցի, ռազմավարական գործընկերոջ պահվածք չէ, ավելին` այսօր մեր որդիները զոհվում են հենց ռուսական զենքից, դա փաստ է: Անշուշտ, պետք է ոչ թե՝ մտահոգություն հայտնել այդ վաճառքի կապակցությամբ, այլ՝ պետք է կոնկրետ քայլեր անել: Մեր հասարակությունն էլ գալիս է այն մտքին, որ մեր ռազմավարական գործընկերն այս պարագայում իրեն այնքան էլ դաշնակցի նման չի պահում:

– Ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի դիրքորոշումը, կարծես, ավելի հստակ է, Պետդեպը հայտարարություն է տարածել, որում նաև նշել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի վրա, երեկ էլ CNN-ի հարցազրույցը երկու երկրների արտգործնախարարների հետ աղմուկ բարձրացրեց, ընդ որում, ոչ թե՝ ՀՀ, այլ՝ Արցախի ԱԳ նախարարի հետ էր:

– ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ չի տարբերվում մյուս երկրների դիրքորոշումներից, դա ընդամենը կոչ էր՝ դադարեցնել բռնությունները և անհապաղ բանակցությունները վերսկսել, և այլն: Այդ փաստը, որ խոսվում է միայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին, տարածվեց ռուսական մամուլի կողմից: Իրականում վերահաստատվել է Մինսկի խմբի այն մոտեցումը, որ հարցը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք են` պետությունների տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի մերժումը և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը: ԱՄՆ Պետքարտուղարությունն ընդամենը վերահաստատել է այն տրամաբանությունը, որի շրջանակներում գործում է ՄԽ-ն: CNN-ի հարցազրույցն էլ, ի վերջո, պետք է հասկանանք, որ CNN-ը Հ1 չէ, մասնավոր ընկերություն է, առաջնորդվում է իր մոտեցումներով: Ողջունելի է, որ ԼՂ արտգործնախարարը տեղ է գտել, հուսանք, որ մյուս ընկերություններն էլ կհետևեն նրա օրինակին: Այսօր ամենաօբյեկտիվ մեկնաբանություններն ու լուսաբանումը «Ալ Ջազիրայի» կողմից է կատարվում, որ շատ հանգամանորեն անդրադառնում է կոնֆլիկտին: Այդտեղ էլ մեր ԱԳՆ թերացումը կա, որ մամուլի կենտրոն չի բացել ԱԳՆ-ում և չի զբաղվում ինֆորմացիոն սպասարկմամբ, դրանով զբաղվում է ՊՆ խոսնակը, որ փայլուն է կատարում, բայց դա իր պարտականությունը չէ, բանակն իր գործն անում է ռազմի դաշտում: Հուսանք, կսթափվի Արտգործնախարարությունը և ավելի բաց կգործի և հստակ հանձնարարականներ կտա տարբեր երկրների իր դեսպաններին:

Տեսանյութեր

Լրահոս