«Ղարաբաղի շուրջ լայնամասշտաբ պատերազմի վտանգն իրատեսական է դառնում». Ֆելգենգաուեր
«Գերտերությունները Ղարաբաղյան լարվածության հետ առնչություն չունեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ընթացող ծանր մարտական գործողություններին:
Ֆելգենգաուերը, ով հետևում է իրավիճակին ու այն զինատեսակներին, որոնք օգտագործվում են ղարաբաղաադրբեջանական շփման գծում՝ ասաց, որ տեղի ունեցողը շատ նման է պատերազմի, բայց դեռ պատերազմ չէ, քանի որ չի ներգրավել ողջ շփման գիծն ու հայ-ադրբեջանական սահմանը:
Սակայն, նրա խոսքով, կողմերը պատերազմի երկար են պատրաստվել` զինամթերք գնել, զորքեր կուտակել շփման գծում և սահմանին, հրամանատարներ ու հրահանգիչներ են պատրաստել: «Եվ թեև նախապես մտածում էին, որ մի քիչ կպատերազմեն ներքաղաքական խնդիրների ֆոնին, և դրանով ամեն ինչ կավարտվի, և տեղի կունենա որոշակի թուլացում, այդպես չեղավ: Հիմա տեղի է ունենում անհասկանալին, հատկապես, երբ երկու կողմերից կան այնպիսիք, որոնք կցանկանային օգտագործել իրավիճակը և հասնել ավելի էական հաջողությունների: Այնպես որ, հետագա առավել սրման վտանգը լուրջ է և իրատեսական է դառնում»,- կանխատեսեց Ֆելգենգաուերը:
Անդրադառնալով մարտական գործողությունների հանկարծակի բռնկման պատճառներին՝ վերլուծաբանն ասաց, որ պատճառները Հայաստանում և Ադրբեջանում են` պայմանավորված ներքաղաքական խնդիրներով: Ռուսաստանցի փորձագետն ակնարկեց Ադրբեջանին, քանի որ հղում կատարեց նաև ադրբեջանցի պաշտոնյաների այն պնդումներին, թե ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել: Ֆելգենգաուերի համոզմամբ` արտաքին ոչ մի դերակատար չի հրահրել նման լարվածություն: «Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի համար ևս անակնկալ էր այս և նման բռնկումը»,- ասաց նա: Սակայն, վերջինիս կարծիքով` սա առիթ է Մոսկվայի համար, որը թույլ է տալիս էլ ավելի մեծացնել Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը:
«Բնականաբար, Ռուսաստանը կօգտվի այս առիթից՝ փորձելով վերահաստատել իր դերակատարությունը, քանի որ Ռուսաստանի համար սա կարևոր տարածաշրջան է, կարևոր են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- ասաց նա: Իսկ թե ինչպես Ռուսաստանը կվերահաստատի իր ազդեցությունը՝ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ վաղ է այդ մասին խոսել: