«Մահացու մեղքի տակ է մտել Է. Նալբանդյանը, ինչի համար պետք է ներողություն խնդրի Հայաստանի հասարակությունից և գլխիկոր հեռանա իր պաշտոնից». Ռուբեն Մեհրաբյան

«Մեջբերում եմ Էդվարդ Նալբանդյանի խոսքից. «Բազմամիլիարդ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին որևէ խնդիր չէ Հայաստանի համար. դա մեր դաշնակցի բիզնեսն է»: Մահացու մեղքի տակ է մտել պարոն Նալբանդյանը, ինչի համար պետք է ներողություն խնդրի Հայաստանի հասարակությունից և գլխիկոր հեռանա իր պաշտոնից: Մեզ այդպիսի արտգործնախարար ոչ միայն պետք չէ, այլ այդպիսի արտգործնախարարը մեզ համար փորձանք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման հայտարարություն արեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ վերջին իրադարձություններն ավելի շատ ձեռնտու էին հենց Ռուսաստանին. «Ռուսաստանին, իհարկե, լայնամասշտաբ պատերազմը հակացուցված է, որովհետև դա անկառավարելի է դարձնում տարածաշրջանը և վտանգում է Ռուսաստանի ներսը, բայց նրան ձեռնտու չէ նաև խաղաղությունը, որովհետև դա զրկելու է Ռուսաստանին լծակներից՝ շանտաժի ենթարկել տարածաշրջանը՝ պատերազմի վերսկսման հնարավորությամբ: Եվ այդ լծակը ձեռքում պահելու համար էր, որ Ռուսաստանը ժամանակին զինեց Ադրբեջանին: Եվ որպեսզի լինի հավասարակշիռ վիճակ, նա նաև զինում է Հայաստանին: Վստահության միջազգային մեխանիզմների և հետաքննության մեխանիզմների ներդրումով Ղարաբաղում Ռուսաստանը նույնպես զրկվում էր այդ շանտաժի մեխանիզմներից։ Ալևին նույնպես ձեռք չէր տալիս այդ իրավիճակը, երբ նա չի կարողանա թե՛ հայկական կողմին շանտաժի ենթարկել, թե միջազգային հանրությանը և այդ իմաստով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկան»:

Նրա դիտարկմամբ` պատերազմական գործողությունների սանձազերծումը մի պրոցես է, որ կարող ես պայմանավորվել՝ երբ սկսել և ինչպես սկսել, բայց արդեն ընթացքը դառնում է անկանխատեսելի, ցանկացած պլաններ բախվում են կրակի. «Եվ երդեն երեկվանից մենք տեսանք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից խիստ քննադատական խոսքեր, որոնք շատ ծանր ակնարկ էին Ադրբեջանի հասցեին: Նաև տեսանք, որ ԱՄՆ դիվանագիտության հետ համատեղ քայլերի ուրվագծեր են նշմարվում: Բացի դրանից՝ այսօր սպասում ենք ՄԽ համանախագահների շատ կարևոր նիստին Վիեննայում, որից հետո նոր կարելի է արդեն պատկերացում կազմել, թե ինչքան կտևի այս ապակայունացումը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս