Բաժիններ՝

Հետաքննություն. Ալիևի դուստրերն ունեն միլիարդավոր դոլարների ակտիվներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկներին է պատկանում 6 ոսկե հանքավայրեր տնօրինող ընկերությունների 56%-ը, որոնց արժեքը կարելի է գնահատել միլիարդավոր դոլարներ: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, նշված է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի (OCCRP) հետազոտության մեջ, որը հիմնված է Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայի վրա:

9 տարի առաջ Ադրբեջանի նախագահը ոսկու այդ 6 հանքավայրերի շահագործման իրավունքը տվել է Մեծ Բրիտանիայի ինչ-որ ընկերության և 3 օֆշորների, սակայն իրականում, ինչպես պնդում է OCCRP-ը, հանքավայրերը դարձել են Ալիև ընտանիքի սեփականությունը:

Հետաքննության արդյունքներով, որը 2012թ. անցկացրել էր ներկայում Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խադիջա Իսմայիլովան RFE/RL ռադիոկայանի և OCCRP-ի հետ, պարզվել էր, որ Ալիևի ընտանիքին է պատկանում ընկերության 11 տոկոս մասնաբաժինը, սակայն ներկայիս զեկույցում ասվում է, որ «նրա աղջիկների մասնաբաժինները, երևի թե, զգալիորեն շատ են, քան մինչ այդ ենթադրվում էր»:

Ավելի վաղ BBC-ի ադրբեջանական ծառայությունը ասել էր, թե օրենքը չի արգելում երկրի նախագահի աղջիկներին ունենալ կոմերցիոն կառույցներ:

«Նրանք կարող են ունենալ սեփական բիզնես: Դա արգելված չէ»,- հայտարարել էր Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Ազեր Հասիմովը:

Մեկնաբանելով ենթադրությունը, որի համաձայն՝ Ալիևի ընտանիքի անդամներն ունեն գաղտնիի մասնաբաժիններ ոսկի արդյունահանող ձեռնարկություններում, Հասիմովը ասել է, որ «տեղյակ չէ, թե ինչ է գրված այդ փաստաթղթերում», իսկ նախագահի երեխաները «Ադրբեջանի քաղաքացիներ են, ու ցանկացած մարդ բիզնեսով զբաղվելու իրավունք ունի»:

Հաղորդվում է, որ Իլհամ Ալիևի կինը, ինչպես նաև նրա քույրն ու երեխաները օգտագործել են Պանամայում գրանցված իրավաբանական անձանց, որպեսզի «գաղտնի պահեն ոսկի արդյունահանող ընկերություններում ունեցած ու Լոնդոնի անշարժ գույքի իրենց մասնաբաժինները»:

Հիշեցնենք, որ կիրակի օրը համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները հրապարակել են ցանկ, որտեղ նշված են օֆշորային բիզնեսին առնչություն ունեցող աշխարհի 72 նախկին և գործող նախագահների անունները: Փաստաթղթերում հիշատակվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անունը:

Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության 11 միլիոն փաստաթուղթը հայտնվել էր գերմանական Suddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ, ինչից հետո դրանցով սկսել էր զբաղվել Լրագրող-հետաքննողների միջազգային կոնսորցիումը (ICIJ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս