ԱՄՆ պետդեպն ազգերի ինքնորոշման իրավունքը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկն է համարում

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները պետդեպում կայացած ասուլիսին հիշատակել է ազգերի ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում` անտեսելով ադրբեջանցի լրագրողների մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով կրկնվող և իրականությունը խեղաթյուրող հարցերը: Դրանց ի պատասխան Թոները հղում է կատարել Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին և նշել, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ կայուն հրադադարի վերականգնումից հետո պետք է անդրադառնալ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, որը կարող է տանել խաղաղ կարգավորման: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, որը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների»,-նշել է Մարկ Թոները: Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակելու է այս հարցում գործակցել համանախագահ մյուս երկու երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ:

Նրա խոսքով` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտաքին գործերի նախարարների` ապրիլի 4-ի հեռախոսազրույցի քննարկման առաջին թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության դադարեցմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: «Մենք դատապարտում ենք տեղի ունեցող բռնությունները, ցավում ենք մեծաթիվ զոհերի, այդ թվում քաղաքացիական անձանց համար: Կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը և խուսափել լարվածության աճից»,- շեշտել է Թոները:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն հրադադարի և ի վերջո երկարատև խաղաղության հասնելու համար: «Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակելու ենք ջանքեր գործադրել երկու կողմերին բանակցային գործընթացին բերելու համար»,- ասել է Թոները:

Տեսանյութեր

Լրահոս