«Արդեն հայկական կողմ-Ադրբեջան հակամարտություն չէ, այստեղ տարբեր ուժերի շահերի բախում կա». Արա Պապյան

«Ցանկացած բարդ երևույթ, ինչպիսին պատերազմն է, ունենում է բազմաթիվ գործոններ, այստեղ եղել են նաև արտաքին գործոնները, և պատահական չէ, որ Ալիևի և Էրդողանի հանդիպումից հետո սա տեղի ունեցավ»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանային լարված իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո, Թուրքիան հենց սկզբից էլ սպառնաց ղարաբաղյան հակամարտության ապասառեցմամբ, ինչպես ռուս որոշ մեկնաբաներ նշեցին, Ռուսաստանի դեմ երրորդ ճակատ բացելու համար:

«Այն, ինչ իրենք հաշվարկում էին, իրենց առջև դրված խնդիրները չկարողացան իրականացնել: Հիմա շատ կարևոր է՝ ինչպես մենք կկարողանանք այս արդյունքն օգուտի բերել մեզ համար: Մեր խնդիրը պետք է լինի՝ առնվազն վերականգնել նախկին դիրքերը: Ադրբեջանի հասարակությունը պետք է իմանա, որ ինքը տալու է մարդկային, նյութական, գուցե և՝ տարածքային կորուստներ նման ոտնձգություններից հետո, դա էապես կփոքրացնի ախորժակը, նաև արտաքին քաղաքական խաղացողների»: Ա. Պապյանը կարծում է՝ այստեղ արդեն Ղարաբաղ-Ադրբեջան, անգամ հայկական կողմ-Ադրբեջան հակամարտությունը չէ, ըստ նրա՝ այստեղ տարբեր ուժերի շահերի բախում կա: «Լուր եղավ, որ ադրբեջանական կողմը հրթիռակոծել է (ենթադրվում է՝ սխալմամբ) իրանական բնակավայր, հիմա մենք չգիտենք՝ սա սադրա՞նք է, թե՞ ինչ է, այսինքն՝ փորձ է արվում՝ ընդլայնելու այդ հարցը:

Լուրեր կան, որ Նախիջևանի կողմից իսլամիստներ են հավաքվում, այսինքն՝ նույն Սիրիայի խնդիրը կա, եթե նրանք փախել են սիրիական ռազմաճակատից ու լցվել են Թուրքիա, Էրդողանին ձեռք չի տալիս պահել վառոդի տակառ սեփական երկրում, նրանց պետք է զբաղված պահել, լուրեր եղան, որ իրենք արդեն իսկ մասնակցել են պատերազմական գործողությունների»: Խոսելով ՌԴ պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարելիք այսօրվա այցելության մասին՝ Ա. Պապյանն ասաց, որ ընդունված կարգ է, որ հակամարտության մեջ դերակատարությունը մեծացնելու ձգտում ունեն կողմերը, բայց նրա խոսքով՝ դրա մասին որևէ հրապարակում չի եղել. «Այնուհանդերձ, ես ուզում եմ հավատալ, որ դա լինելու է գոնե եռանախագահների կողմից առաջարկվածի մայրուղու մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս