Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական զորքերի եւ ՌԴ օբյեկտների մասին. NYT
Ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց խոսքով՝ Ուկրաինան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից խնդրել է ավելի շատ հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական զորքերի եւ Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտների տեղակայման մասին, քանի որ ուկրաինական զորքերը փորձում են պահել դիրքերը պատերազմի ընթացքում, գրել է The New York Times-ը։
Ուկրաինայի խորհրդարանի անդամների խումբը Վաշինգտոնում հանդիպել է Կոնգրեսի անդամների հետ, որպեսզի համոզի ԱՄՆ-ին թույլ տալ, որ ամերիկյան զենքն օգտագործվի Ռուսաստանում։
Ուկրաինայի խնդրանքներն սկսել են ավելի համառ դառնալ վերջին շաբաթներին, քանի որ Ռուսաստանն օգտվել է ամերիկյան զենքի մատակարարումների ուշացումից եւ ակտիվացրել ռազմական գործողությունները Խարկովի մարզում, ընդգծել է ամերիկյան պարբերականը։
Բայց Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ վարչակազմի այդ քաղաքականությունը մնում է անփոփոխ. Միացյալ Նահանգները չի խրախուսում եւ թույլ չի տա գրոհներ Ռուսաստանի ներսում։
ԱՄՆ պաշտոնատար անձինք պնդում են, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի ամերիկյան զենքն օգտագործվի սահմանամերձ գրոհներում, իսկ իրենց հետախուզական տվյալները օգտագործվեն Ռուսաստանի օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։
Նրանց խոսքով՝ այս խնդրանքը ստացվել է վերջին օրերին, եւ վարչակազմի ներկայացուցիչները սկսել են դրա քննարկումը։ Նախկինում նման դիմումները մերժվում էին։
Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրում է որոշ հետախուզական տվյալներ Ռուսաստանում ռուսական զորքերի, օրինակ՝ այն զորքերի մասին, որոնք պատրաստվում են պոտենցիալ գրոհների համար։ Ուկրաինան նաեւ կոմերցիոն արբանյակային լուսանկարների հասանելիություն ունի, որոնք թույլ են տալիս նրան տեսնել Ռուսաստանի ակտիվությունը խոշոր ռազմակայաններում։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարում են, որ անհրաժեշտ է, որպեսզի ավելացվեն իրենց սահմանամերձ գրոհների քանակն ու արդյունավետությունը, որպեսզի Ռուսաստանին ստիպեն դադարեցնել պատերազմը։ Դրա համար, նրանց կարծիքով, իրենց ավելի շատ հետախուզական տվյալներ են անհրաժեշտ իրական ժամանակի ռեժիմում եւ լրացուցիչ տեղեկություններ դաշնակիցներից այն մասին, ինչը, ԱՄՆ եւ Եվրոպայի պաշտոնական անձանց կարծիքով, ամենակարեւոր թիրախներն են հանդիսանում։