«Ռուսաստանը կփորձի, միակողմանի միջնորդություն ծավալելով, հասնել «խաղաղապահներ» տեղակայելու իր ցանկության իրականացմանը»

168.am-ի զրուցակիցն է «Ջեյմսթաուն» հիմնադրամի սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, արդեն երեք օր է՝ շարունակվում է աննախադեպ մարտական դրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Երեկ Սերժ Սարգսյանն Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում անդրադարձավ Արցախի հետ փոխօգնության պայմանագիր կնքելու հարցին։ Ինչո՞ւ է սա արվում և ինչո՞վ է վտանգավոր։

– Դա հավանաբար ԼՂՀ-ի անվտանգության համար պատասխանատվությունը վերահաստատելու մասին հայտարարություն է, որը պետք է ուղեկցվի ինտենսիվ դիվանագիտական աշխատանքով` ԼՂՀ-ին բանակցային գործընթացում կրկին ներգրավելու համար:

Իրավիճակի զարգացման ինչպիսի՞ սցենարներն եք իրատեսական համարում։ Ամենաքննարկվողներից մեկն այս օրերին Ռուսաստանի կողմից իրավիճակի առաջնորդությունը ստանձնելն է, հաշվի առնելով փաստը, որ ԱՄՆում չկայացավ ԱլիևՍարգսյան հանդիպումը, իսկ այսօր ՌԴ պաշտոնատար անձինք ամբողջությամբ սեպարատ գործողությունների են անցել այս հարցում, որի վառ ապացույցը ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի այցն է Բաքու։ Հնարավո՞ր է՝ Ռուսաստանն անցնի ամբողջությամբ բացահայտ՝ ՄԽից անկախ գործողությունների։

Կարծում եմ, Ռուսաստանն իրոք կփորձի միակողմանի միջնորդություն ծավալել` փորձելով հասնել «խաղաղապահներ» տեղակայելու իր ցանկության իրականացմանը: Շոյգուի այցը Բաքու և Մեդվեդևի գալիք այցը Երևան կարող են այդ նպատակով օգտագործվել, նաև կարծում եմ, որ դրանից մի փոքր ուշ Ս. Սարգսյանին ու Ի. Ալիևին կհրավիրեն Ռուսաստան:

Որքանո՞վ է իրատեսական խաղաղապահների տեղակայման հարցն այսօր։

– Հաշվի առնելով «խաղաղապահների» տեղակայման դեպքում տարածաշրջանային իրավիճակի փոփոխության մեծ պոտենցիալը` հօգուտ Ռուսաստանի, Մոսկվայում դա հավանաբար իրատեսական են համարում: Իսկ որքանով է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի կողմից նման սցենարը տապալելու պատրաստակամությունը` ժամանակը ցույց կտա:

Տեսնում ենք, որ արևմտյան կառույցներն ու պաշտոնյաները շարունակում են իրենց նախկին մարտավարությունը՝ ի տարբերություն ռուսական կողմի։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ ռուսական կողմին խոչընդոտներ չեն սպասվում:

Քաղաքականությունը կարող է փոխվել, եթե պարզվի, որ ռուսական միակողմանի քաղաքականությունն իսկապես արդյունավետ է: Կարճաժամկետ պլանավորման և իրականացման առումով Ռուսաստանը, այնուամենայնիվ, ունի մի առավելություն. բռնատիրության պայմաններում միանձնյա որոշում ընդունելու և նյութական ու այլ ռեսուրսներն անմիջապես դրա իրականացմանն ուղղելու հնարավորություն կա, մինչդեռ արևմտյան որևէ պետության կամ կառույցի ղեկավար չի կարող նույն կերպ վարվել` առանց իր երկրի խորհրդարանի կամ դաշնակիցների հետ խորհրդակցելու:

Տեսանյութեր

Լրահոս