Բաժիններ՝

Մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը. Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ի համար մեծ պատիվ է համարում երիտասարդների աշխարհի առաջնության հնարավոր հյուրընկալությունը, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միասնական հայտը:

Մելիքբեկյանն ասել է, որ 2029 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու միասնական հայտ ներկայացնելու վերաբերյալ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի հետ նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել անցած տարի։

«Սա ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող խոշորագույն մրցաշարերից է: Եթե մենք կարողանանք հաղթել, ապա մեզ համար մեծ պատիվ կլինի անցկացնել երիտասարդների աշխարհի առաջնությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքբեկյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության հետ:

«Արդեն հաստատված է, որ կառավարությունն աշխարհի առաջնությունից առաջ երկու մարզադաշտ կառուցելու ծրագիր ունի: Երկուսն էլ լինելու են Վրաստանի սահմանի մոտ: Մարզադաշտերը լինելու են Դիլիջանում և Լոռու մարզում, ըստ ամենայնի` Վանաձորում: Հայաստանի կողմից մրցաշարի համար օգտագործվելու է նաև Հանրապետական մարզադաշտը: Ունենք նաև ազգային ստադիոնի ծրագիրը, որը նախնական կերպով հաստատված է: Հայաստանը կօգտագործի 4 մարզադաշտ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։

Աշխարհի երիտասարդների առաջնության անցկացման վայրը պարզ կլինի 2025 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս