Աղետի գոտում մեծ քանակությամբ տիղմ ու անկած կենդանիներ կան. Սանոսյանը խոսել է հնարավոր համաճարակի վտանգից
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բնակավայրեր են լցվել մեծ քանակությամբ տիղմ, անկել են կենդանիներ, որոնց մի մասի մարմինները դեռ չեն հայտնաբերվել:
Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով համաճարակի վտանգի վերաբերյալ հարցին:
«Բավականին մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել: Մյուս կողմից կան անկած կենդանիներ՝ խոզեր, հավեր և այլն: Նրանց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ ոչ: Դրա համար Առողջապահության ոլորտի տեսչական մարմնի գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից հորդորում են զգույշ լինել և շարունակում են գետի ափերով որոշակի որոնողական աշխատանքներ: Անասունների համար գերեզմանոցներ են առանձնացվել, որ հիվանդություն չտարածվի»,–ասաց Սանոսյանը:
Կան բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով և տիղմով էին լցվել: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները նախնական ուսումնասիրություններ են անում: Բայց դեռ բավական ժամանակ կպահանջվի՝ հասկանալու, թե շենքերն ինչ աստիճանի են վնասվել, վթարայնության ինչ աստիճան ունեն, ապրելու ենթակա են, թե ոչ:
Աշխատանքներ են տարվում՝ գնահատելու աղետի հետևանքով վնասի ծավալները: Ըստ նախարարի՝ ցավոք, մեծ թվեր կլինեն:
Նախարարի խոսքով՝ ամենաշատը տուժել է Ալավերդին, իսկ գյուղական բնակավայրերից Քարկոփ բնակավայրը: Ամբողջ Քարկոփ գյուղը լցվել է ցեղով, ցեղաջրով, տիղմով:
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։