ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ` ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ անցկացվող հետաքննությունների համար։
Axios լրատվական հարթակը հայտնում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 247 օրենսդիր, 155-ը դեմ է արտահայտվել:
Հանրապետականների նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի տեքստում ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի ՄՔԴ-ի դեմ, եթե այս մարմինը փորձի հետաքննություն անցկացնել, ձերբակալել, կալանավորել կամ պատասխանատվության ենթարկել որևէ անձի, որը գտնվում է պաշտպանության ներքո: Այս կատեգորիային են պատկանում ամերիկացիները, ներառյալ զինվորականները, բոլորը, ովքեր աշխատում են ԱՄՆ կառավարության համար, Վաշինգտոնի դաշնակից երկրների քաղաքացիները, եթե այդ պետությունները չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է այցագրերի մերժում, ակտիվների սառեցում ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների համար արգելք` բիզնես վարելու պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հետ։
Մայիսին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»: