
Այսօր կհրապարակվեն զոհված հայ զինծառայողների անունները. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր կհրապարակվեն ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների անունները: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Երեկ երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ հայկական կողմն ունի 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր:
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված գործողությունների արդյունքում սպանվել էր նաև 12-ամյա տղա` 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը: Ապրիլի 2-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով ևս երկու երեխա վիրավորվել էր:
Գործողությունների արդյունքում մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ է ունեցել հակառակորդը: Երեկվա տվյաներով` մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը խոցել է ադրբեջանական ՄԻ-24 ուղղաթիռը, խփված տանկերի թիվը 14-ն է, շարքից հանվել է հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), անօդաչու թռչող սարքեր: