«Եթե Իսլամական պետությունը որոշի գործողություններ սկսել Ադրբեջանի տարածքում, ապա առաջին նրա թիրախը կլինի Ադրբեջանի անհավատ վարչակարգը». Արմեն Պետրոսյան
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ադրբեջանը մարտադաշտ է բերել Իսլամական պետության զինյալներ: Արաբագետ Արմեն Պետրոսյանը վստահեցնում է՝ նման լուրերը բացահայտ ապատեղեկատվություն են: 168.am-ի հետ զրույցում արաբագետն ասաց, որ նման լուրերը շրջանառող անհայտ ծագման լրատվամիջոցների կողմից քարոզչական բնույթ են կրում և հոգեբանական ազդեցություն գործելու նպատակ են հետապնդում.
«Դրանց նպատակը նախ և առաջ հայ հասարակության շրջանում խուճապի մթնոլորտի առաջացումն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համենայնդեպս ապրիլի 2–ին տեղի ունեցած այդ ակնհայտ սրացումները որևէ կերպ չկարողացան խուճապի տրամադրություններ առաջացնել հայ հասարակության շրջանում: Իսկ ինչ վերաբերում է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության զինյալների տեղակայման հնարավորությանը, ապա չի կարող նման բան լինել, որովհետև, ըստ էության, ԻՊ-ը և՛ իր գաղափարական հենքով, և՛ իր գործելաոճով մրցակից է այսօրվա Ադրբեջանի հանրապետությանը, որը ոչ պակաս ահաբեկչական պետություն է, և այս առումով նրանք ոչ թե պետք է համագործակցեն, այլ կմրցակցեն միմյանց հետ: Իսկ եթե ԻՊ-ն որոշի գործողություններ սկսել Ադրբեջանի տարածքում, ապա առաջին նրա թիրախը կլինի Ադրբեջանի անհավատ վարչակարգը, այլ ոչ հայկական ԶՈՒ-ն: Սա պետք է հաշվի առնել»:
Նա, սակայն, չի բացառում անհայտ ծագման զինյալների հայտնվելու իրողությունը առաջնագծում, բայց դա, ըստ նրա՝ ոչ թե ԻՊ զինյալները կարող են լինել, այլ Թուրքիայի կողմից հովանավորվող այլ ծայրահեղականներ. «Որոնք ժամանակին գործում էին Իրաքում, այսօր՝ Սիրիայում, և հնարավոր է, որ այս ճակատ տեղափոխեն: Նաև չեմ բացառում, որ անշուշտ կարող է լինել նման հավանականություն, որովհետև վերջին երկու օրվա ընթացքում նաև ակտիվացել են Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալները, տարբեր հակակառավարական կառույցներ՝ նաև Սիրիայի տարածքում, այսինքն՝ Թուրքիան ակտիվացնում է իր հովանավորած ծայրահեղական կառույցներին՝ բոլոր հնարավոր ճակատներում»: