
Պան Գի Մունն ապրիլի վերջին կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան. աղբյուր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այց կատարել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ այցելել Վրաստանում։ Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ում աղբյուրը:
«Ես չեմ կարող ստույգ ամսաթվեր նշել, բայց ուղևորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի ստորագրումից (ապրիլի 22) հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նախօրեին չի հաստատել, բայց և չի հերքել կայանալիք այցի վերաբերյալ տեղեկությունը:
«Մենք չենք կարող դա հաստատել, բայց հուսով եմ, որ մենք շուտով այդ հաշվով բան կունենանք ասելու»,- նշել է նա՝ պատասխանելով TASS-ի հարցին:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին հայտնել էր, որ Պան Գի Մունը պատրաստվում է այցելել Վրաստան: