Սերժ Թանկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը միացել են #Share4Aurora-ին
Սերժ Թանկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը միացել են #Share4Aurora նախաձեռնությանը, որի շրջանակում աշխարհասփյուռ հայերը տեսանյութերի միջոցով ներկայացնում են մարդասիրության մերօրյա հերոսներին: Սերժ Թանկյանն իր տեսանյությում ընդգծում է, որ մարդիկ, ովքեր աշխատում են հանուն մարդասիրության, ապագայի հույս են ստեղծում: Խոսելով փախստականների մասին՝ Թանկյանը նշում է, որ եթե չլիներ տեղացիների օգնությունը, այդ մարդկանց սարսափները կարող էին կրկնվել.
«Նրանց անձնուրաց խիզախությունը թույլ է տալիս հազարավորներին մեկ քայլ ավելի մոտ լինել նոր կյանքի իրենց երազանքին և ահա թե ինչու այսպիսի հերոսները առաջադրված են Ավրորա մրցանակի համար»,-ասում է նա:
Գարիկ Մարտիրոսյանն էլ իր տեսանյութում պատմում է Ավրորա մրցանակի 4 հավակնորդներից մեկի մասին և հիշեցնում, որ Ավրորա մրցանակը կշնորհվի ապրիլի 24-ին, Երևանում:
Հիշեցնենք, որ Ավրորա մրցանակը շնորհվում է 100LIVES նախաձեռնության շրջանակում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 100LIVES նախաձեռնության համահիմնադիրներն են գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: