Ձերբակալված Գևորգը հենց այն հարևանն է, ում անունով Կարենը գրանցել էր բնակարանը. Դանիել Իոաննիսյան
«Ինձ համար արդեն մի քանի օր առաջ էր ամեն ինչ պարզ: Երեկ դա նաև հաստատվեց, պարզապես չէինք հրապարկում, որ քննությունն արդյունավետ գնա»,- այս մասին 168.am-ին հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով նույն կենտրոնում որպես փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի սպանության դեպքի մասին: 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը որոնվում էր որպես անհայտ կորած:
ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Ըստ ոստիկանության՝ Արութ Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ սեպտեմբեր ամսին Կարեն Վարդանյանը միամտաբար չնչին գումարների կալանքից խուսափելու համար բնակարանը ձևակերպել է հարևանի անունով. «Այնուհետև, երբ Կարենը պետք է թռներ Դուբայ, այդ իսկ օրը հարևանը Կարենին սպանում է, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը գնացել է Դուբայ և «Ֆեյսբուքում» Կարենի անունից գրառում է կատարում այն մասին, որ Կարենը Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մարդիկ ման չգան: Կարենը ծնողներ չուներ, և նա հուսով էր, որ Կարենի անհետացումը ոչ մեկ չի նկատի կամ կմտածեն, որ Դուբայում աշխատանք է գտել»: Նա նշեց, որ բնակարանը վերավաճառվել է այլ անձի, ըստ էության, սպանությունը կատարվել է խարդախությունը պարտակելու նպատակով:
Հարցին՝ արդյոք ճանաչո՞ւմ է ձերբակալված անձանց, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Արթուրը, ճիշտն ասած, չգիտեմ՝ ով է, Զոհրաբյան Գևորգը հենց այն հարևանն է, ում անունով Կարենը գրանցել էր բնակարանը»:
Նա նշեց, որ ենթադրում է, որ Կարենը Գևորգին իր ընկերն է համարել. «Բայց Կարենը մեզ չէր ասում, որ նման գործարքներ է անում: Ինքը մեզ չէր ասում, որ գործարքներ անում է, որպեսզի Դուբայում բիզնեսով զբաղվի, որովհետև Կարենը բիզնեսից շատ հեռու մարդ էր, ինքը գիտեր, որ մենք ամեն կերպ կփորձենք իրեն հեռու պահել բիզնեսով զբաղվելուց»:
Կարեն Վարդանյանն ասել էր, որ մարտի 17-ին թռնում է Դուբայ, պետք է վերադառնար մարտի 24-ին. «Երբ չվերադարձավ, մենք սկսեցինք արդեն իրեն որոնել: Մարտի 28-ին դիմեցինք արդեն ոստիկանություն: Ըստ էության՝ արդեն մարտին 28-ին մեզ հայտնի էր, որ Կարենը հանրապետությունը չի լքել: Ազգային անվտանգության ծառայությունն այդ տեղեկությունը տրամադրել էր ոստիկանությանը հենց նույն օրը»: