Դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ է ունեցել Գրացի Լյուդվիգ Բոլցմանի ինստիտուտում
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 30-ին այցելեց Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտ: Հաստատությունում դեսպանը հանդիպումներ ունեցավ ինստիտուտի հիմնադիր և ղեկավար պրոֆ. Շտեֆան Կարների և փոխտնօրեն պրոֆ. Բարբարա Շտելցլ-Մարքսի հետ:
Պրոֆեսոր Կարները և պրոֆեսոր Շտելցլ-Մարքսը պատմեցին իրենց ղեկավարած ինստիտուտում ներկայումս ծավալվող հետազոտությունների մասին, ներկայացրեցին այլ երկրների (հիմնականում՝ նախկին ԽՍՀՄ պետությունների) հետ ունեցած սերտ համագործակցությունը, գիտական ու արխիվային նյութերի փոխանակման ասպարեզում և այլ բնագավառներում հետագա համատեղ ծրագրերը: Քննարկվեց հայկական գիտահետազոտական կենտրոնների, պետական ու մասնավոր արխիվների հետ համագործակցության հաստատումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև այս տարվա հունիսին Ավստրիայի Ռաաբ քաղաքում Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի անմիջական մասնակցությամբ կազմակերպվելիք «Փախուստ, արտաքսում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի ժամանակ» խորագրով գիտաժողովի, ինչպես նաև միջոցառմանը հայկական մասնակցության հնարավորության մասին:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցելության վերջում դեսպան Կիրակոսյանը գրառում կատարեց կենտրոնի պատվավոր հյուրերի մատյանում և ավստրիացի գիտնականներին նվիրաբերեց Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած գրականություն:
Տեղեկանք. Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի գիտական կազմը հիմնականում զբաղվում է I և II աշխարհամարտերի հետևանքների ուսումնասիրությամբ և նրանց վերացման ուղղությամբ զանազան գիտահետազոտական ծրագրերի իրագործմամբ: Ինստիտուտը բազմաթիվ պատմագիտական, քաղաքագիտական ու քաղաքատնտեսական գիտաժողովներ, սիմպոզիումներ է նախաձեռնում ինչպես Ավստրիայում, այդպես էլ այլ երկրներում: