«Մենք ունեք պեղված հուշարձաններ, որոնց տվյալները հնարավորություն են տալիս փոխելու առկա տեսակետներն ընդհանրապես երկիր մոլորակը բնակեցնելու փուլերի վերաբերյալ»
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանի, ավագ գիտաշխատող, հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանի, կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանի ասուլիսը:
Ասուլիսի թեման 2015թ. պեղումների արդյունքներն էին, 2016 թվականի համար նախատեսված դաշտային հետազոտությունների նպատակները, Վիշապ քարակոթողի ուսումնասիրությունների արդյունքները, «Սոլակ 1» հնավայրում հայ-իտալական արշավախմբի աշխատանքները:
Հանդիպման բանախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանի խոսքով՝ 2015թ. արդյունքներով գիտահետազոտական աշխատանքների հետ կապված թվով 24 իրականացված ծրագիր է եղել, որոնք հիմնականում պեղումներ են, կան նաև գիտահետազոտական և գծագրման աշխատանքներ:
«Այն նյութերը, որ մենք հանել ենք, կամ այն հուշարձանները, որ պեղել ենք՝ բացառիկ և կարևոր նշանակություն ունեն՝ ինչպես՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի վերակազմության համար, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանում: Մենք ունենք անգամ պեղված հուշարձաններ, որոնց տվյալները հնարավորություն են տալիս փոխելու առկա տեսակետներն ընդհանրապես երկիր մոլորակը բնակեցնելու փուլերի վերաբերյալ: Դրա վառ օրինակներից մեկը Նոր Գեղիում արված 300-350 հազար տարվա վաղեմության քարեդարյան հուշարձանի հետազոտություններն են, որը ցույց է տալիս, որ գիտության մեջ գերակա այն տեսակետը, թե նախամարդու մի տեսակը, որին մենք անվանում ենք վաղ Homo sapiens, ով ձևավորվել է Աֆրիկայում և այնտեղից է տարածվել երկիր մոլորակով մեկ, հայաստանյան այդ հուշարձանի պեղումները հնարավորություն տվեցին ասելու, որ կան տարածաշրջաններ, որտեղ այդ էակը կարող էր ձևավորվել տեղում, և այն մշակույթը, որը կերտել է մարդը, տեղական ծագում ունի և բերովի չէ»,- ներկայացրեց Պ. Ավետիսյանը:
Վերջինս նշեց, որ այդ տեսակետն այս պահին ակտիվորեն քննարկվում է միջազգային գիտական շրջանակներում, և ուսումնասիրությունների արդյունքներն արդեն հրապարակվել են հեղինակավոր «Science» ամսագրում:
Պ. Ավետիսյանը նշեց նաև, որ կարևորագույն արդյունքներ են գրանցում Արարատյան դաշտավայրում գտնվող վաղ երկրագործական մշակույթներ ներկայացնող հուշարձանների պեղումները.
«Խոսքն այն առաջին բնակավայրերի մասին է, որ մարդը կառուցել է հարավից հյուսիս ընկած տարածքներում: Սրանք Քրիստոսից առաջ 7-րդ հազարամյակի վերջից մինչև 8-րդ հազարամյակի սկզբին թվագրվող բնակավայրերն են: Այս տեսանկյունից հետաքրքիր արդյունքներ են գրանցել Ակնաշենի մոխրաբլուրի ուսումնասիրությունները: Ավելին ասեմ, այս պեղումների ընթացքում մենք նոր շերտեր ենք հայտնաբերել, և, եթե 2016 թվականին մեր ուժերը կենտրոնացնենք այդ շերտերը պեղելու ուղղությամբ, որի ավելի վաղ շերտերը դեռևս գետնի տակ են, ու մենք դրանք դեռ չենք բացել, հնարավոր է, որ արձանագրենք մ.թ.ա. 7-րդ հազարամյակին ժամանակագրվող իրողություններ»:
Ասուլիսի բանախոսը նշում է, որ սա շատ կարևոր բացահայտում կլինի այն տեսակետից, որ Հայկական լեռնաշխարհի սահմաններում մ.թ.ա. 7-րդ հազարամյակին ժամանակագրվող բնակատեղիներ գրեթե չեն եղել, այն էլ՝ Եփրատի ավազանի շրջակայքում: Ըստ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի՝ տեսակետներ կան, որ մ.թ.ա. 7-րդ հազարամյակում այս տարածաշրջանում՝ գոնե Արարատյան դաշտավայրում, բնակլիմայական պայմաններն այնպիսին են եղել, որ կարծես թե այստեղ մարդիկ ապրելու պայմաններ պետք է չունենային, բայց վերջին հետազոտությունների արդյունքները հակառակն ապացուցելու տեղիք են տալիս:
Պավել Ավետիսյանը տեղեկացրեց, որ հուշարձանների պեղումները հիմնականում կատարվում են համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում, որտեղ ներգրավված են այսնպիսի առաջավոր երկրներ ու այնտեղից եկած մասնագետներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների գիտնականները.
«Սա հնարավորություն է տալիս ունենալ այնպիսի սկզբնաղբյուրներ, որոնք երաշխավորված և հիմնավորված են անալիզների արդյունքում հաստատված տվյալներով, որոնք արվում են վերոհիշյալ երկրների խոշորագույն համալսարանների լաբորատորիաներում, որոնց հիման վրա ձևավորված աղբյուրագիտական հենքը մեզ թույլ է տալիս դատողություններ անել անցյալի վերաբերյալ: Սա ժամանակակից գիտության հիմնական պահանջներից մեկն է, և մենք այդ պահանջները բավարարող բազմաթիվ ուսումնասիրություններ ենք իրականացնում»:
Խոսելով այսօրվա հայաստանյան հնագիտության առանձնահատկությունների մասին՝ Պավել Ավետիսյանն ընդգծեց հատկապես հետևյալ հանգամանքը.
«Մեր այս ուսումնասիրությունների մեջ մեծ քանակությամբ հնակենսաբանական, նյութագիտական, նյութաչափական, հնաչափական անալիտիկ արդյունքներ ենք ձեռք բերում, և այսօր հատկապես ԴՆԹ անալիզների արդյունքները մեզ համար դարձել են շատ կարևոր, որովհետև մենք հնագիտական հուշարձաններից հայտնաբերված մարդկանց մնացորդներ ենք ուսումնասիրում, որոնց՝ միջազգային խոշոր ծրագրերում ընդգրկված աշխարհի տարբեր երկրներում աշխատող մասնագետներ կան, որոնց կատարած համատեղ աշխատանքի արդյունքները հրապարակվում են գիտական ամենահեղինակավոր ամսագրերում»: