«Երբ մարդ կախարդում է, այդ պահին հրաշք է գործում, ու դա իր ու հանդիսատեսի համար զգացմունքների բարձրակետ է». Նահապետ Արշակյան
Իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանն ընդամենը 21 տարեկան է։ Հայաստանում նրան դեռ քչերը գիտեն, բայց ովքեր արդեն ծանոթ են՝ ցանկանում են նրա մասին իմանալ ավելին ու ավելին։ Նահապետը բարի, անվնաս «կախարդ» է, ինքն իրեն աճպարար չի համարում, այլ՝ իլյուզիոնիստ։ Սա նրա աշխարհն է, որն ինքն իր երևակայությամբ է կառուցել՝ սովորական մարդկանց համար անհասկանալի էֆեկտներով, սեփական կանոնների համաձայն, երբեմն՝ նույնիսկ հերքելով արդեն իսկ գոյություն ունեցող գիտության կանոնները։
Նրա էներգետիկ դաշտում հայտնված իրերը կարող են թռչել օդում, և կարևոր չէ՝ ամենասովորական մատանի՞ է դա, թե՞ վառվող սիգարետի հատիկ, նրա կողքին՝ քեզ հնազանդ, քաջածանոթ հեռախոսդ անգամ կարող է անհետանալ ձեռքիցդ, կարմիր խաղաքարտն աչքիդ առաջ կարող է դառնալ ուղղակի սև, և այս ամենն ընդամենն իլյուզիա է՝ պատրանք։ Նահապետին գիտեն, ճանաչում են աշխարհի ամենահայտնի աճպարարները, բայց նա անհայտ է այստեղ՝ մեր կողքին։
– Նահապետ, ի՞նչ է իլյուզիան՝ մասնագիտության մեջ…
– Սա մնջախաղի մի տեսակ է, որտեղ, որքան էլ որ ընդունված է կարծել, բայց ֆոկուս, որպես այդպիսին, չկա։ Սկսենք նրանից, որ «ֆոկուս» բառը գալիս է ռուսական «фокусировка» բառից, որն իր հիմնական իմաստով նշանակում է՝ ուշադրության շեղում։ Սա էլ նախատիպ ունի՝ անգլերեն «hokus pokus» բառից է, որն իր հերթին՝ «abra kadabra»-ի պես մի բան է՝ զուրկ իմաստային որևէ եզրույթից։ Հայերեն ընդունելի համարժեքն «աճպարար» բառն է, բայց գոյություն ունի միջազգային մի տերմին, որն իր մեջ ներառում է կոնկրետ այն, ինչ ես եմ անում՝ իլյուզիոնիստ։
– Որպես կանոն, մարդիկ Ձեզ ընդունում են՝ որպես փոքրիկ հրաշք ստեղծողի, իսկ ավելի, այսպես ասած՝ ռեալիստները՝ ուղղակի պրոֆեսիոնալ «խաբեբայի»։
– (Ժպտում է.- Ն.Մ.) Գիտե՞ք, ես մի փորձարկում եմ արել այստեղ՝ Հայաստանում, որով փորձել եմ հասկանալ՝ ի՞նչ ասոցիացիաներ է ունենում մարդը, երբ, օրինակ, ասում ես՝ աճպարար։ Պարզվում է՝ նրանք անմիջապես պատկերացնում են աղավնիներով ինչ-որ համարներ իրականացնող մեկին, կամ նույնիսկ մտածում են ժանգլյորի մասին։ Երբ ասում ես՝ ֆոկուսնիկ՝ իրենց մոտ հին դասական այն կերպարն է ի հայտ գալիս, ով կախարդական գլխարկի միջից սպիտակ նապաստակներ էր հանում… Բայց երբ ասում ես իլյուզիոնիստ՝ անմիջապես լուրջ կերպար են պատկերացնում, ով կարող է լինել նաև խիստ ժամանակակից։ Վերջին հաշվով՝ նրանք բոլորն էլ նույն մարդիկ են։
– Այստեղ կարծես մասնագիտական դպրոցներ չկան, չէ՞, թե՞ սխալվում եմ։
– Չեք սխալվում։ Հայաստանում չկա նույնիսկ magic shop (մասնագիտացված խանութ), որտեղից կարող ես ձեռք բերել էֆեկտներ բեմադրելու համար անհրաժեշտ պարագաները։ Իմ բոլոր ռեկվիզիտները ես իմ ձեռքով եմ պատրաստում, նույնիսկ այն կախարդական փայտիկները, որ սովորաբար իլյուզիոնիստներն ունենում են իրենց ձեռքին, ինքս եմ պատրաստում։ Ֆոկուսի կոնստրուկցիաները, որոնք ես ինքս եմ մշակում, իրականում ահավոր բարդ են։ Մարդու ուղեղը չի էլ կարող մտածել, որ այդպիսի բաներ հնարավոր է իրականացնել։ Յուրաքանչյուր էֆեկտի համար անհրաժեշտ դետալներն ամբողջովին գտնել, հայթայթել, իրար միացնել ու ստանալ մի համար՝ սա ահավոր բարդ պրոցես է։
– Իսկ Դուք ումի՞ց եք սովորել, ուսուցիչներ ունեցե՞լ եք։
– Ոչ, ես ուսուցիչներ չունեմ և չեմ ունեցել, և այն ամենը, ինչ ես գիտեմ, ինչին տիրապետում եմ այս պահին, ինքս եմ սովորել, բացահայտել ինձ համար։ Ես ինքնուս եմ։
– Բայց ինչպե՞ս կարող է այդպես պատահել։ Ուրեմն ամեն մարդ կարո՞ղ է այդպիսի էֆեկտներ ստեղծել, օրինակ՝ ես կարո՞ղ եմ։
– Կասեի՝ ոչ, և գիտե՞ք ինչու՝ ես ունեմ մոտավորապես 6 կոլեգաներ, ովքեր բոլորը ծրագրավորողներ դարձան, ոչ ոք հիմա չի զբաղվում այս աշխատանքով, որովհետև մարդ չի կարող ամբողջ կյանքում խաղաքարտերով ֆոկուսներ անել։ Մարդիկ ձգտում են հասնել կատարելության, բազմազանության։ Օրինակ, ես մի համար ունեմ, որը դեռ պատրաստման ընթացքի մեջ է, երբ ձեռքիդ միջից հեռախոսն անհետանում է։ Դրա ստեղծման համար հատուկ կոնստրուկցիա եմ մտածել, թե ո՞նց կարող է հեռախոսն անհետանալ. քիչ առաջ ձեռքումս էր և ուղղակի անհետացավ…
– Ի՞նչ է պետք դրան հասնելու համար։
– Դրա համար պետք է ահավոր ուժեղ երևակայություն, իլյուզիոնիստի ուղեղը պետք է լինի, պատկերավոր ասած, Տիեզերք։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ինֆորմացիայի շատ մեծ պաշար, ընդ որում՝ ամենատարբեր տեսակի ինֆորմացիայի։ Կոնկրետ ինձ օգնել է այն հանգամանքը, որ ես իմ կյանքի տարբեր տարիների ընթացքում զբաղվել եմ ամեն ինչով՝ խոհարարությամբ, վարսահարդարությամբ, նկարչությամբ, քանդակի եմ գնացել, էլեկտրամեխանիկա և մեխանիկա եմ ուսումնասիրել, տարվել եմ մեծ թենիսով, լողով, բասկետբոլով, կարատե եմ պարապել, ծրագրավորման բոլոր էտապներով անցել եմ և վերջում որոշեցի զբաղվել մի բանով, որ իմ ունեցած այս ողջ ինֆորմացիան, գիտելիքներն ու փորձը կհամախմբեր մի տեղում, և դա այն է՝ ինչով ես հիմա զբաղվում եմ։
– Ո՞րն է սովորական մարդու և իլյուզիոնիստի տարբերությունները։
– Տարբերությունը նրանում է, որ սովորական մարդիկ ամեն ինչ տեսնում են ամբողջականության մեջ՝ շատ ընդհանրական պրիզմայով, իսկ մենք տեսնում ենք դետալները։ Օրինակ, երբ դուք քայլում եք փողոցով, դուք տեսնում եք ձեր դիմացից եկող մարդուն, իսկ ես կարող եմ նկատել նրա ձեռքի պայուսակը, պայուսակի միջի թաց տետրը, շալվարի վրայի կարկատանը, այնպիսի դետալներ, որոնք ես հետագայում անպայման օգտագործում եմ իմ էֆեկտներում։
– Բնության և գիտության օրենքներն ի՞նչ չափով են կիրառվում իլյուզիոնիստների աշխատանքում, օրինակ՝ ֆիզիկայի օրենքները։
– Ամեն ինչ է իրականում այստեղ կիրառվում։ Ես, օրինակ՝ սիրում եմ մի կողմ դնել ֆիզիկայի օրենքները, ես հաճախ դրանք հակասում և հերքում եմ իմ ստեղծած էֆեկտներով։ Իրականում ես իլյուզիա եմ ստեղծում։ 2012-14 թթ. աշխատել եմ իմ ամենաբարդ ու ամենակարևոր էֆեկտի վրա, որով ես հիմա անկեղծորեն պարծենում եմ՝ դա իմ անտիգրավիտացիան է, որով ես կարողանում եմ ցանկացած իր, առանց դրան դիպչելու, գցել անտիգրավիտացիոն դաշտի մեջ։ Ես կարողանում եմ անել այնպես, որ դրանք թռչեն օդի մեջգ օդում ես դրանք կառավարում եմ՝ շարժում և այլն։ Ես դրան հասնում եմ իմ էներգետիկայի միջոցով, արդյունքում՝ սրանով քանդում եմ ֆիզիկայի բոլոր օրենքները։
– Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս դա կբացատրեին մասնագետները՝ գիտությամբ զբաղվողները…
– Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ Սթիվեն Հոքինգը նոր տեսության հեղինակ է դարձել, որով հերքում է հին՝ երկու անտիգրավիտացիայի տեսությունները՝ առաջ բերելով բոլորովին նոր տեսություն։ Ես ուսումնասիրեցի նրա ներմուծած այդ նորարար տեսությունը։
Ըստ էության՝ Հոքինգը հայտարարում է, որ Տիեզերքում առկա սև խոռոչները մեծ ձգողական ուժ ունեն, և այդ ձգողականությունն այնքան հզոր է, որ իր միջից ոչ մի դետալ դուրս թողնելու հնարավորություն չի տալիս։ Եթե քվանտային ֆիզիկայի օրենքներով ես նայում այս հարցին, ապա պատկերը բոլորովին այլ է՝ այստեղ տեսականորեն հնարավոր են համարում նույնիսկ այն, որ լույսը, օրինակ, կարող է դուրս գալ ձգողականության դաշտից։ Ստացվում է, որ երկու օրենք հակասում են միմյանց։
Իսկ ի՞նչ է հիմա ասում Հոքինգն իր նոր տեսությամբ. նա բացառում է այս երկուսն էլ ու առաջ է բերում բոլորովին նոր տեսություն, որի մասին, կարծեմ, որքան հետևել եմ ինֆորմացիոն հոսքերին՝ պետք է խոսի այս տարվա «Սթարմուս» գիտական փառատոնի շրջանակներում։
– Ի՞նչ եք Դուք զգում ելույթների ընթացքում, երբ մարդիկ նայում են Ձեզ ու հավատում, թե դուք հրաշագործ եք։
– Իրականում ես հասկացել եմ, որ ֆոկուսնիկները՝ իրենք իրենցով, այնքան էլ ուրախ մարդիկ չեն։ Մենք անում ենք մի բան, որը մարդկանց զարմացնում է, հիացմունք է պատճառում կամ ուախացնում է, բայց մենք ինքներս դրանից նույն զգացողությունները չենք ստանում, որովհետև մենք գիտենք, թե ինչ գին է թաքնված այդ ամենի հետևում, որ բեքստեյջում՝ կուլիսներում, դա իրականում շատ երկար, հոգնեցնող ու նույնիսկ նյարդայնացնող աշխատանք է պահանջում։
Մենք խաղաքարտերով մեխանիկական շարժումների մի ամբողջություն ենք իրականացնում, որը նայողին հրաշք է թվում։ Իրականում այդ պրոցեսը՝ իր ամբողջության մեջ, այնքա՜ն հեռու է իրական հրաշք լինելուց։ Կոպիտ ասած՝ ես մաթեմատիկական խնդիր եմ լուծում՝ ձեզ ժպիտ պարգևելով։ Ամեն ինչ լավ է մինչև այն պահը, երբ զարմանքի էֆեկտն անցնում է, ու դրա հետ դուք մոռանում եք նաև ինձ։ Ֆոկուսնիկի համար սա հոգեբանական անկում է։
– Որովհետև, թերևս, գիտակցում ես, որ, այն, ինչ անում ես՝ իրականում խաբկանք է, որ դու պարզապես «խաբում» ես մարդուն…
– Չէ, որովհետև սա հենց այն դեպքն է, երբ մարդն ինքն է ուզում, որ դու իրեն խաբես։ Խնդիրը կայանում է նրանում, որ դու ինքդ հասկանում ես, որ անքուն գիշերներ ու երկար օրեր անցկացրած հնարքը դու ցուցադրում ես հանդիսատեսից ժպիտ կորզելու համար, որը քեզ համար ընդամենը մի քանի վայրկյան է, ոչ ավելին։ Գուցե ինքը դեռ երկար կհիշի քո ներկայացրած այդ հնարքը, բայց ոչ՝ քեզ։
– Կա՞ կոնկրետ հանդիսատեսի կոնտինգենտ, որ քեզ գիտի, ճանաչում է, որի առաջ դու արդեն հասցրել ես ելույթներով հանդես գալ։
– Ցավալի է, որ այստեղ՝ Հայաստանում, արվեստի այս տեսակով հնարավոր չէ մեծ դահլիճներ լցնել։ Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ մարդու ուղեղը 40 րոպե անընդմեջ չի կարող ինֆորմացիա ընկալել, որովհետև սա մեծ ծանրաբեռնվածություն է ուղեղի համար՝ նրանք տեսնում են այն, ինչ չկա։ Այս և այլ պատճառներով պայմանավորված՝ ես առայժմ մասնակցություն եմ ունեցել հիմնականում տարբեր կորպորատիվ հրավերների։ Հենց այս ամսվա ընթացքում ես բաց թողեցի մի կարևոր ֆորում, որի միակ պատճառն անտարբերությունն էր այս ժանրի նկատմամբ։
Մի քանի օր առաջ ես 3 օրով պետք է գնայի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Իլյուզիոնիստների միջազգային ֆորումին, որտեղ հատուկ հրավիրվածների թվում էի։ Աշխարհահռչակ մի քանի իլյուզիոնիստներ իմ թեկնածությունն էին առաջադրել՝ գրավոր երաշխավորագրեր ուղարկելով, որով հաստատում էին, որ ես մասնակցելով այդ ֆորումին՝ իլյուզիոն բաժնում, անկասկած, առաջին տեղն եմ զբաղեցնելու։
Երաշխավորագրերն ինձ համար ուղարկել էին այնպիսի հայտնի իլյուզիոնիստներ, ինչպիսիք են՝ այս տարվա աշխարհի չեմպիոն Շին Լիմը, ազգությամբ ֆրանսիացի հայտնի իլյուզիոնիստ Վիլոու Դոմանսկին, Վլադ Կրիվոնոգովը, և այլք։
Ես հատուկ այդ օրվա համար 15 էֆեկտ ունեի պատրաստած, որոնք ուզում էի պետերբուրգյան ֆորումի ժամանակ ներկայացնել, բայց գնալու համար հովանավոր էր պետք։ Բացի ճանապարհածախսից և կեցության հարցերից, այնտեղ մասնակցություն ունենալու համար պետք է հատուկ վճարումներ կատարել։ Ցավոք, ես գումարներ չգտա, որովհետև ոչ մեկին չհետաքրքրեցին այն առաջարկները, որոնք միգուցեև շահավետ էին…
– Գուցե այս ժանրի նկատմամբ նման վերաբերմունքը գալիս է նաև նրանից, որ մեր ժողովուրդն արդեն հոգնած է տարատեսակ մեծամասշտաբ իրականացվող ֆոկուսներից, որ կատարվում են ավելի լուրջ՝ քաղաքական բեմերում…
– (Ժպտում ենք.- Ն.Մ.) Դե հա՛… մեր երկրի ամենամեծ ֆոկուսնիկը մեր Նախագահն է… Չէ, կատակը մի կողմ՝ մարդիկ նույնիսկ շատ լավ են վերաբերվում այս ժանրին, որովհետև, երբ ինքը չի հասկանում, չգիտի, թե ինչ է կատարվում բեմում, բնականաբար, հետաքրքրությունը մեծանում է։ Անտարբերությունն ուրիշ մակարդակում է. այն, որ այս ժանրը չի պրոպագանդվում այնպես, ինչպես հարկն է, չգիտես՝ ինչո՞ւ, ոչ մեկի մտքով չի անցնում, որ ֆինանսական բնույթի ներդրումներ անելով՝ այս ժանրով կարելի է եկամուտներ ակնկալել։ Այս է խնդիրը։
– Չնայած այդ ամենին, ի՞նչ գերնպատակներ կան այս պահին քո առջև դրված։
– Ճիշտն ասած՝ ես վերջին մոտ 6 ամիսն անընդհատ աշխատել եմ իմ հնարքների որակի վրա, որպեսզի բացարձակապես որևէ վրիպակ չունենամ։ Հանդիսատեսն ինձ պետք է տեսնի իդեալական վիճակում։ Հիմա իմ գերնպատակն է՝ թե՛ մեծ քայլերով, թե՛ փոքր քայլերով, իմ արվեստով Հայաստանին ճանաչում բերելը, մարդիկ հասկանան, որ բացի մեր հայտնի նկարիչներից, քանդակագործներից և այլն, կա նաև իլյուզիան, որն արվեստի շատ հին և յուրօրինակ տեսակ է՝ հայտնի դեռևս Հին Եգիպտոսից։ Ես շատ մեծ ցանկություն ունեմ ապագայում դպրոց հիմնելու, որտեղ մարդիկ կկարողանան գալ ու սովորել այս արվեստի բոլոր գաղտնիքները։ Երբ մարդ կախարդում է, այդ պահին հրաշք է գործում, ու դա իր ու հանդիսատեսի համար զգացմունքների բարձրակետ է։