Արդյոք նշանակություն ունի՞, թե ինչով են վառում մոմը
Բոլորովին նշանակություն չունի, թե ինչով են վառում մոմը՝ կրակայրիչով, թե՞ կողքի վառվող մոմերից: Սնոտիապաշտություն է, երբ մարդիկ մտածում են, թե ուրիշի մոմից վառելով, կարող է ինչ-որ բան պատահել և այլն: Այդ երևույթին ավելի ցայտուն նկատել եմ Տավուշի մարզում` Շամշադինում, երբ հավատացյալ ժողովուրդն այցելում էր գերեզմանատան եկեղեցի կամ այլ մատուռ, ապա բոլոր այցելուներն իրենց մոմերի հետ մեկտեղ տանում էին մեկ տուփ լուցկի: 4 մարդ 4 լուցկու տուփ ուներ:
Այնուհետև վերադառնալիս` լուցկիները թողեցին այնտեղ: Եթե օրվա ընթացքում 20 մարդ այցելեր, լուցկու ի՜նչ կուտակում կլիներ այնտեղ: Յուրաքանչյուր հավատացյալ պետք է հստակ իմանա, որ մոմավառությունը զուտ բարեպաշտական սովորույթ է, որն իր կարևորությամբ զիջում է աղոթքին: Վառած մոմերը որևիցե նշանակություն չեն ունենա, եթե աղոթք չեն անում եկեղեցում: Աղոթքն է, որ կենարար է և անհրաժեշտ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար: Քանի որ աղոթքով կապվում են Աստծու հետ և հոգիդ ստանում է իրեն անհրաժեշտ սնունդը, որով յուրաքանչյուր անհատ ազատագրվում է չարի ամեն տեսակ ներգործությունից:
Մոմավառությունը զուտ զոհաբերության մի տեսակ է, որը կատարում են սեփական եկամուտից եկեղեցու պայծառակերպության համար: Այսինքն, մոմավառությամբ լուման են ունենում եկեղեցաշինության գործում: Երբևիցե մոմը չի կարող արտահայտել մարդու հույզերն ու հոգևոր վիճակը: Այդ ամենը տեղի է ունենում աղոթքի միջոցով: Մոմավառությունը գեղեցիկ բարեպաշտական սովորություն է:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am