Բաժիններ՝

«Հարց է՝ Հարկային օրենսգիրքը կկիրառվի՞ ճիշտ, թե՞ գործնականում կմնան հին մեթոդները». Գագիկ Մակարյան

Հարկային օրենսգրքի նախագիծն այս շաբաթ կուղարկվի Ազգային ժողով: Այն պետք է ընդունվի մինչև տարեվերջ, 2017 թ. կլինի անցումային տարի, իսկ 2018 թ. Հարկային օրենսգիրքն ամբողջությամբ կգործի:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց Հարկային օրենսգրքի քննարկման խորհրդում անցած 1 ամսում առաջարկների ամփոփման ինտենսիվ գործընթացը: Խորհրդի կազմում են ֆինանսների 3 փոխնախարարները՝ Վախթանգ Միրումյանը, Արմեն Ալավերդյանը, ով մարտի 24-ից այլևս ՊԵԿ փոխնախագահ է, և Արմեն Գևորգյանը, նաև ընդգրկված են լավագույնս բիզնես շահերն արտահայտող կազմակերպություններ, այդ թվում՝ Գործատուների հանրապետական միությունը, Արդյունաբերողների և գործարարների միությունը, «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ-ն, Հաշվապահների ասոցիացիան, ՀՀ-ում ԱՄՆ առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ ԱԱՊ-ն և այլն: Նաև ԱՄՀ-ն է ակտիվ մասնակցում քննարկումներին:

Գ.Մակարյանի խոսքով՝ հիմնական մտահոգությունները սպառված են, թեև որոշ հարցեր մնում են:

«Հարց է՝ Հարկային օրենսգիրքը կկիրառվի՞ ճիշտ, թե՞ կլինի լավ օրենսգիրք, բայց գործնականում կկիրառվեն հին մեթոդները, այսինքն՝ իր մեջ կոռուպցիոն ռիսկերը փարատելու հնարավորությունները կա՞ն, թե՞ ոչ: Երկրորդ՝ մենք գիտենք, որ ստուգումների արդյունքները կախված են տեսուչների վերաբերմունքից և տեսուչներին տրված հանձնարարություններից: Այսինքն՝ տեսուչն ինքնագլուխ չէ, վերադասն այլ կարգի ցուցումներ է տալիս և կարող է ստուգման ժամանակ թեկուզ ոչինչ չբացահայտել, բայց անպայման հետամուտ լինել ինչ-որ մի բան գտնելու, ժամանակն արհեստական ձգձգել, և այլն: Այսինքն՝ ստուգումները պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Սուր հարցադրում եմ արել, որ ոչ մի կազմակերպություն Հայաստանում չկա, որի վրա հնարավոր լինի մատը դնել և ասել՝ սա բարեխիղճ կազմակերպություն է, անպայման ձգտում են մի բան գրել, և ստացվում է, որ մենք չունենք անթերի կազմակերպություն: Այս հարցը դեռ բաց է մնում, որովհետև հարկային մարմնում էլ տարբեր կատեգորիայի, տարբեր գիտելիքների և տարբեր հոգեբանության աշխատակիցներ կան, այստեղ ֆիլտրման կարիք կա»,- ասաց Գ.Մակարյանը:

Նա նշեց, որ առաջ են քաշել խնդիրը, ու այն պաշտպանվել է, որ ստուգումների ժամանակ որքան կարելի է օգտագործվեն ստուգման թերթիկների և աուդիտի գաղափարները: Գ.Մակարյանի խոսքով՝ մեզ մոտ հարկային ստուգման թերթիկներում միայն գրվում է՝ այս-այս տարիների ստուգում, կարող են երբեմն հարկատեսակները նշվել. «Դա իր մեջ շատ լայն գաղափարներ և ուղղություններ է պարունակում, թողնվում է տեսուչի հայեցողությանը, թե որ ուղղությամբ կխորանա, ինչ կտեսնի, ինչը՝ ոչ: Իսկ աուդիտի մեջ գրվում է, թե կոնկրետ ինչը պետք է ստուգվի, և կամայականության տեղ չի մնում: Հիմնականում լավ է ընկալվել, Ֆինանսների նախարարությունն ընդունեց մեր առաջարկը և պետք է մտածի՝ ինչպես կանոնակարգել»:

Միության նախագահը նշեց, որ որպես ԵՏՄ անդամ երկիր՝ ՀՀ-ում բենզինի, հեղուկ գազի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մասով ԱԱՀ-ն ցածր է, նախատեսվում է շարունակաբար ամեն տարի 15-20%-ի չափով բարձրացնել այն, որպեսզի բեռը միանգամից չավելանա, այլ մի քանի տարի հետո բեռը մոտեցնել ԵՏՄ նորմատիվներին, թեև վերջում կրկին մոտ 20%-ի չափով ԱԱՀ-ն ցածր կլինի ՀՀ-ում. «Մի խելոք բան կար՝ քանի որ կոնյակը, գինին, մրգային օղիները Հայաստանի համար շատ կարևոր են՝ նաև արտահանման տեսակետից, դրանց ԱԱՀ-ն չի բարձրանա, կբարձրանա միայն սովորական օղու դեպքում: Ծխախոտը ՀՀ-ում բավականին էժան է, ԱԱՀ-ն կբարձրացվի, կմոտեցվի ԵՏՄ-ին, և ծխախոտի թանկացում կլինի: Հեղուկ գազի դեպքում, որպեսզի երթուղային տաքսիները չտուժեն, կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել: Օրենսգրքում գրված է, որ կարևոր, գերակա ոլորտների դեպքում սուբսիդավորման մեխանիզմներ կարող են կիրառվել: Կարող է առաջանալ սովորական տաքսիների խնդիր, որ չեն ստանա սուբսիդիա, բայց կառավարությունում հաշվարկել են, թե ազդեցությունն էական չի լինի: Այս հարցը դեռ քննարկման ենթակա է, մտահագություններ կան»:

Ըստ Գ.Մակարյանի՝ եկամտային հարկն այժմ 24-25% է, բարձր աշխատավարձի դեպքում սանդղակով փոփոխվում է, նոր օրենսգրքով մեկ տեսակ կլինի՝ 20%: Նա նշեց, որ շրջանառության հարկը, 115 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար փաստաթղթավորման առկայության դեպքում՝ 1% է, փաստաթղթավորման բացակայության դեպքում՝ 5%, առաջարկվում է 115 մլն-ի շեմն իջեցնել մինչև 40 մլն դրամ, այսինքն՝ վերաբերի միայն միկրոբիզնեսին. «Բայց անհանգստություն կա, որ դա կարող է խնդիրներ առաջացնել փոքր բիզնեսի համար, և հակվածություն կա նույնը թողնելու, բայց դեռ վերջնական չէ»:

2009-ից որպես հակաճգնաժամային միջոց կիրառվող ԱԱՀ-ի հետաձգումը սահմանի վրա նոր օրենսգրքում նախատեսվում է ընդլայնել, որ ավելի շատ ապրանքների համար ԱԱՀ-ն հետաձգվի: Գ.Մակարյանի խոսքով՝ դա հատկապես վերաբերում է նորարարական տեխնոլոգիաների ներկրմանը, որ ԱԱՀ-ն 1-3 տարի հետաձգվի՝ կախված գումարի մեծությունից, բիզնես պլանից, և այլն, նաև Էկոնոմիկայի նախարարությանն է հնարավորություն տրվում, որ առանձնահատուկ որոշումներով միջամտի և միջնորդի՝ առանձին դեպքերում էլ ԱԱՀ-ն հետաձգեն:

«Օրենսգիրքը բավականին լավացած է, քննարկումների մթնոլորտն էլ լավն է: Հիմա սկսվում է երկրորդ փուլը, ԱԺ-ում էլ քննարկումներ կգնան, որոնց կմասնակցեն ոչ միայն բիզնես ասոցիացիաները, նաև քաղաքացիական հասարակությունը: Պետությունը մեծ աշխատանք ունի անելու՝ իրազեկման առումով: Մասնավոր հատվածի առաջարկների մեծ մասն ընդունվել է, որոշ դեպքերում Ֆինանսների նախարարությունը հակադրվել է առաջարկներին՝ հիմնավորելով, որ բյուջեի լուրջ խնդիրներ կան գումարներն ապահովելու տեսանկյունից, և որոշ տեղերում հարկատեսակների իջեցումը նպատակահարմար չէ: Հարկային արտոնությունները գրեթե նույնությամբ մնում են»,- ասաց Գ.Մակարյանը:

«Հայաստանը փայլուն դեպքեր ունի, որ լավ օրենքները վատ են կիրառվում, օգտագործվում են վատ նպատակների համար: Եթե այդ մասը կարողանանք ապահովել, առաջիկայում, կարծում եմ, լավ կլինի, եթե՝ ոչ, ապա այս օրենսգիրքն էլ կդառնա գործիք, որ տարբեր դեպքերում տարբեր շահերի համար կօգտագործվի»,- հավելեց միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս