Բաժիններ՝

«Կառավարության և պատգամավորների 70 տոկոսը լինելով Ջմբրլախ գյուղի բնակիչ՝ չեն կարողանում հասկանալ՝ ո՞րն է իսկական արվեստը, ո՞րը՝ ուրիշ մի բան». Նիկոլայ Ծատուրյան

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկալվել էին թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը և դերասան Գագիկ Մադոյանը: Հանդիպման թեման առաջիկա տոնն է՝ Մարտի 27-ը, Թատրոնի միջազգային օրը: Նրանք խոսեցին ոլորտի ձեռքբերումների և խնդիրների, ստեղծագործական համագործակցության և թատերական արվեստի հեռանկարների մասին:

Թատրոնի միջազգային օրը միակ տոնն է, որ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը շատ սիրում է, լիարժեք ընդունում է և այդ օրն իրեն դերասանուհի է զգում, թեև հարևանությամբ նստած հանդիպման մեկ այլ բանախոսի՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանին, դերասանուհու վերջին տեսակետը հարցի տեղիք տվեց. «Այսինքն՝ այդ մի օ՞րն ես քեզ դերասանուհի զգում, Ջո՛ւլիա», ինչին դերասանուհին վստահաբար պատասխանեց. «Հա՛, հավատա՛»:

Ինքը՝ Նիկոլայ Ծատուրյանը, նմանօրինակ տոներն արդեն ժամանակավրեպ է համարում. «Ճիշտն ասած՝ այդ տոն հասկացությունն ինձ մոտ չկա, ինձ համար ամեն օրը տոն է: Ընդհանրապես ես սիրում եմ ամենօրյա կյանքը, քան տոնական օրերը: Վառ կոմունիստական անցյալից մնացած այդ տոների ժամանակները վաղուց անցել են՝ մենք ամեն օր էլ գործ ենք անում, ամեն փորձը մեզ համար տոն է, երեկոյան ամեն ներկայացում՝ նույնպես: Էդ օրը, իհարկե, հավաքվում ենք իրար գլխի, չնայած այդպիսի «տոներ» էլի կան, որ տեսնում ենք իրար, թաղումները, օրինակ»:

Անդրադառնալով թատերական կյանքին՝ Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ համեմատաբար գոհ է. «Հիմա, համեմատած էն մութ ու ցուրտ տարիների հետ, թատերական կյանք կա: Հենց մեր ինստիտուտում՝ Համազգային թատրոնի դահլիճը գրեթե լեփ-լեցուն է միշտ: Գյումրու թատրոնում, որտեղ ես հիմա գեղարվեստական խորհրդատու եմ և ամիսը մի անգամ գնում եմ, ի զարմանս ինձ՝ տեսնում եմ՝ 648 տեղանոց դահլիճում նստած են 400-500 մարդ: Եվ եթե չմոռանանք, որ Գյումրին գնալով այնքան է դատարկվել, որ շուտով գյուղ կդառնա, բայց դեռ շնչում է, և գյումրեցին սիրում է թատրոնը»:

Կարդացեք նաև

Ջուլիետա Ստեփանյանն անդրադառնալով դատարկվող Գյումրու թատերասեր հանդիսատեսին՝ զուգահեռներ տարավ. «Շատ զարմանալի երևույթ է, որ հիմա, երբ երկիրը գնալով դատարկվում է, զուգահեռ լցվում են թատրոնները: Սա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է, պետք է հասկանալ, թե ինչի՞»:

Նիկոլայ Ծատուրյանին ու Ջուլիետա Ստեփանյանին ուրախացնում են երիտասարդ սերնդի հաջողություններն ու ձեռքբերումները: Թեև դերասանուհին նկատեց, որ իրենց երիտասարդության տարիներին ավագ սերնդի կողմից որոշակի սահմանափակումներ և, այսպես ասած, ճնշումներ եղել են, բայց ի ուրախություն այսօրվա երիտասարդների՝ նրանց ազատության մեծ հնարավորություններ են տրված՝ և՛ ավագ սերնդի, և՛ ժամանակների առումով: Երիտասարդների համար փողեր խնայել պետք չէ, այսպես է կարծում Նիկոլայ Ծատուրյանը. «Հիմա մենք ինչ արել՝ արել ենք, մեր ժամանակներն արդեն անցել են: Հիմա երիտասարդների համար չպետք է գումարներ և հնարավորություններ խնայվեն, որ նրանք գնան դրսերը, նայեն, տեսնեն, սովորեն, համաշխարհային արվեստի զարգացման հնարավորություններն ընկալեն ու գան, ոչ թե տեսածը կրկնելու, այլ վարակվելու նորով, որ իրենք էլ իրենց նորը ստեղծեն այստեղ»:

Դերասան Գագիկ Մադոյանի կարծիքով՝ սերունդների խնդիր գրեթե գոյություն չունի. «Եթե դիմացինդ ունի մեծ փորձ, պետք է ենթարկվել նրան ու լսել նրա խորհուրդները: Ես պատիվ եմ ունեցել ներմուծվելու պարոն Ծատուրյանի ներկայացման մեջ, աշխատելու իմ վարպետի՝ Սոս Սարգսյանի հետ, և ինձ մինչ այսօր հաճելիորեն զարմացրել է, թե լինելով այդպիսի պատկառելի տարիքում, նա ինչպե՞ս էր կարողանում քայլել ու մտածել ժամանակին այդքան համահունչ»:

Պետության և արվեստագետների հարաբերությունների մասին խոսելիս՝ Նիկոլայ Ծատուրյանն այնքան էլ լավատես չէ. «Եթե փողը չի հերիքում, որ ներկայացմանդ դեկորները լինեն այնպես, ինչպես հարկն է, եթե դու դերասանիդ չես կարողանում վճարել այնքան, որքանի ինքն է արժանի, ամեն ինչ դառնում է շատ իմիջիայլոց: Այդ պայմաններին հարմարվելով՝ ստեղծագործող մարդն իր երևակայությունը փոքրացնում է, դարձնում լուցկու տուփի չափ ու մտնում դրա մեջ: Հիմա մի տարօրինակ չափման միավոր է մտել մարդկանց բերանը՝ «լավն էր, ոչինչ», դա ո՞րն է, ես չեմ հասկանում: Մարդուն հարցնում ես՝ էսինչ վիրաբույժը լա՞վն է, պատասխանում է՝ «լավն էր, ոչինչ», այսինքն՝ գնա մոտը, բայց իմացի, որ կարող է նաև մեռնես: Նույն չափանիշով է գնահատվում ամեն ինչ՝ թատրոն, կրկես, կինո, ամեն ինչ: Մեր կառավարության և պատգամավորների 70 տոկոսը լինելով Ջմբրլախ գյուղի բնակիչ՝ չեն կարողանում հասկանալ՝ ո՞րն է իսկական արվեստը, ո՞րը՝ ուրիշ մի բան: Քաղաքակրթությունը մեզանում շատ թույլ է՝ իսկապես արվեստը գնահատելու, իսկապես ճաշակ ունենալու և թելադրելու: Այսպիսի մի ճշմարտություն կա՝ բարձր արվեստը ստեղծում է թևեր, վատ արվեստը՝ սմբակներ: Հիմա մեզ մոտ սմբակների թիվը գնալով շատանում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս