Եթե այսօր լուրջ հակակոռուպցիոն քաղաքականություն վարվի, միջազգային վարկանիշները միանգամից կվերանայվեն
Օրերս «Մուդիս» վարկանիշային հեղինակավոր գործակալությունը Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից իջեցրեց B1: «Մուդիսը»՝ որպես ՀՀ հիմնական ռիսկեր, նշել է արտաքին կախվածության ավելացումը, տրանսֆերտների նվազումը, արտաքին ներդրումների համար անկայուն հեռանկարի առկայությունը, բյուջետային ցուցանիշների վատթարացումը, պետական պարտքի ավելացումը: Այս խնդիրների և դրանց հետևանքների մասին է մեր զրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:
– Պարոն Խուրշուդյան, ի՞նչ է նշանակում «Մուդիսի» կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը, և ի՞նչ հետևանք այն կունենա:
– Դրա հետևանքը, իհարկե, բացասական է այն առումով, որ Հայաստանի վարկունակությունը նվազել է, թեև փոփոխությունը չնչին է: Իջեցվել է նաև Հայաստանի 2 բանկերի՝ «Արդշինբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկանիշը, որը պարզապես հետևանք է ՀՀ վարկանիշի իջեցման: Սակայն այս վարկունակությունը երկարաժամկետ գնահատական է, ոչ թե այս պահի դրությամբ է որոշում, այլ ՀՀ պոտենցիալի գնահատականն է, որտեղ շատ գործոններ են ազդում: Ի տարբերություն «Մուդիսի»` «Ֆիտչը» ՀՀ վարկանիշը վերանայել էր հունվարին և թողել էր անփոփոխ՝ B+:
Այսինքն՝ «Մուդիսը» Հայաստանի դեպքում որոշակի ռիսկեր է գնահատել, որոնք բացահայտվում են Վրաստանի հետ համեմատելիս: Վրաստանի վարկանիշը «Մուդիսը» նույնն է թողել՝ Ba3: Հայաստանն ու Վրաստանն ունեին նույն վարկանիշը, բայց, փաստորեն, Վրաստանինը վերանայելով՝ թողել են նույնը, Հայաստանինն իջեցրել են, սակայն, այսպես կոչված, ապագայի գնահատականը, որ «Մուդիսը» միշտ տալիս է, Հայաստանի դեպքում բացասականից դարձավ կայուն, այսինքն՝ կանխատեսում են, որ չի իջնի B1-ից, իսկ Վրաստանինը դրականից դարձավ կայուն, այսինքն՝ եթե նախկինում ակնկալվում էր, որ Վրաստանի վարկունակությունը կաճի, այժմ չի փոխվի և դրական չի դառնա: Ցուցանիշները համեմատելիս երևում է, որ Վրաստանի որոշ ցուցանիշներ մեր համեմատ նույնիսկ վատացել են՝ և՛ ազգային արժույթի անկումը, և՛ պարտք/ՀՆԱ հարաբերությունը, և՛ արտաքին առևտրի ցուցանիշները:
– Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի վարկանիշն իջավ, իսկ Վրաստանինը պահպանվեց:
– Այդտեղ է, որ երկարաժամկետ գործոններն են ի հայտ գալիս, որովհետև փորձում են գնահատել երկրի տնտեսական քաղաքականությունը, և Վրաստանի դեպքում հստակ նշում են, որ ցուցանիշը չի իջեցվում, քանի որ ակնկալվում է, որ Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ մեծ տնտեսական հնարավորություններ է ընձեռում Վրաստանին, իսկ ՀՀ-ի դեպքում Ռուսաստանի հետ ինտեգրացիան բացասական կանխատեսում է տալիս: Այստեղ հենց քաղաքական գործոնն է երևում, որովհետև ՀՀ տնտեսությունն ուղղակի կախվածության մեջ է դրվում ՌԴ-ից: Այս առումով «Ֆիտչի» դիրքորոշումն ինձ ավելի հոգեհարազատ է, որ այդ գործոնն անտեսում է և դիտարկում է զուտ ՀՀ-ում վարկի կառավարման քաղաքականությունը և գտնում է, որ ՀՀ-ն կարողանում է արտաքին շոկերին շատ լավ դիմագրավել, և դա իրականում այդպես է:
Օրինակ՝ «Մուդիսն» ասում է, որ փոխարժեքի ռիսկը մեծ է, բայց չի նայում, որ ՀՀ-ում անցած տարի վարվող քաղաքականության՝ տոկոսադրույքի բարձրացման արդյունքում՝ սպառողական վարկերն էականորեն կրճատվեցին, սպառումը կրճատվեց, արդյունքում՝ ներմուծումը կրճատվեց: Այսինքն՝ ՀՀ-ն արդեն իսկ անցած տարի ադապտացվեց այդ վիճակին: Իհարկե, մարդկանց բարեկեցությունը նվազում է, բայց արտաքին ռիսկերին մեր վարքագծով կարողացանք հակազդել, սկսեցինք քիչ ներմուծել և դրանով նվազեցրինք մեր ֆինանսական ռիսկերը՝ որպես պետություն: Այս գործոնը հաշվի առնված չէ, մինչդեռ այն շատ էական է, նույնիսկ մեր արտաքին առևտրի հաշվեկշիռն այդ ճշգրտման արդյունքում բարելավվեց անցած տարի, և դրա արդյունքում՝ դրամն այդքան կտրուկ չարժեզրկվեց, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ:
Այսինքն՝ տնտեսական քաղաքականության մեր ճշգրտումն ավելի շատ քանակական եղավ, քան գնային: Կարծում եմ, երբ «Մուդիսը» վերանայի և քաղաքական գործոնը հաշվի չառնի, պետք է որ հետագայում բարձրացնի ՀՀ վարկանիշը: Սա միջանկյալ խնդիր է, բայց «Մուդիսը» մի շատ կարևորագույն հարց է բարձրացնում, որ ՀՀ տնտեսական քաղաքականություն վարողները պետք է հաշվի առնեն. թվում է, թե խոսում ենք տոկոսադրույքներից, արտաքին պարտքից, փոխարժեքից և այլն, և այդտեղ ֆինանսական լուրջ խնդիրներ կան, բայց իրականում մեր ռեյտինգը ցածր է տնտեսական և բյուջետային քաղաքականության հետևանքով, մասնավորապես, ՀՀ-ն եվրապարտատոմսեր է թողարկել, և այս փոփոխությունը կազդի, երբ մենք փորձենք վերաթողարկել դրանք, իսկ մենք պարտադիր վերաթողարկելու ենք, որպեսզի հինը մարենք:
Օրինակ՝ «Մուդիսը» նշում է, որ ՀՀ վարկի կառավարման ցուցանիշը բավականին բարձր է, բայց բյուջեի դեֆիցիտի առումով նշվում է, որ դրա մեծացումը մեծացնում է մեր ռիսկերը:
Իսկ բյուջեի դեֆիցիտը վարկի կառավարում չի, դա մեր ծախսերի և եկամուտների կառավարումն է, և այդտեղ խնդիրներ կան: Մենք կարողացանք այս տարի բյուջեն հաստատել մի փոքր ավելի ցածր, քան անցած տարի, բյուջետային ախորժակը զսպեցինք, բայց դա քիչ էր: Բյուջեի դեֆիցիտն իրոք պետք է կրճատել, մինչդեռ այսօրվա կառավարությունը կրկին փորձում է արտաքին վարկեր փնտրել՝ ծախսեր իրականացնելու համար: Դա ավելի է մեծացնելու ռիսկերը և հետագայում ՀՀ-ի համար թանկ է արժենալու:
Կես միլիարդ դոլար եվրապարտատոմս թողարկելու ծախսը չի երևում մեզ վրա, բայց այն շատ էական է, և պետք է դիտարկել ոչ թե՝ բյուջեի եկամուտի աղբյուր, այլ՝ որպես այդ շուկաներին ինտեգրվելու փորձ: Մենք լուրջ սխալ գործեցինք, երբ ներքին պարտքի հաշվին արտաքին պարտքը մեծացրեցինք, և հիմա վճարում ենք դրա համար շատ ավելի թանկ, քան՝ եթե ներքին պարտատոմսեր թողարկեինք, որովհետև, եթե մոտավորապես 6%-ով թողարկեցինք եվրաբոնդերը, իսկ ներքին պարտատոմսերը՝ 12-13%, թվում է, թե ավելի էժան է, բայց վերջին 1 տարվա մեջ մենք առնվազն 17% արժեզրկում ունեցանք, այսինքն՝ եթե այդ տոկոսը գումարենք եվրաբոնդերի գնին, ներքին պարտատոմսերը շատ ավելի էժան են ստացվում:
Մենք այս պահին վճարեցինք ոչ միայն՝ տոկոսադրույքը, այլև՝ փոխարժեքի ռիսկը, որովհետև արտարժույթով պարտք՝ նշանակում է՝ մեծ փոխարժեքի ռիսկ, իսկ ՀՀ պարտքի առնվազն 70%-ն արտարժույթով է: Արտաքին պարտք վերցնելը վերաբերում է ոչ միայն կառավարությանը, այլև բանկերին և բոլորին, ովքեր փորձում են դրսից պարտքի միջոցով տնտեսությունում ներդրում անել: Պարզ հաշվարկ է՝ եթե արտաքին պարտքն աճում է, իսկ տնտեսությունը՝ ոչ, ուրեմն տնտեսական քաղաքականությունում լուրջ սխալ կա: ՀՀ-ում վերջին 4 տարին այդ իրավիճակն է, որ տնտեսությունը մի կերպ անկումից փրկեցինք արտաքին շոկի պատճառով, մեծ արտաքին վարկեր վերցրինք, բայց դրանց մեծ մասը եղել է սոցիալական, և էական տնտեսական աճ չեն ապահովել:
Եվ պետք է վերանայել, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է մեր տնտեսությունը դոփում տեղում, և պետք է բյուջեի ծախսերի արդյունավետության լուրջ խնդիր դնել: Մեր արտարժույթով եկամտի ամենամեծ աղբյուրն աշխատանքային միգրանտների ուղարկած գումարներն են: Բայց դա ի՞նչ տնտեսություն է զարգացնում: Դա վերածվում է առևտրի, իսկ առևտուրը տնտեսություն չէ: Այսօր բյուջեի եկամտի մեծ մասը հիմնված է առևտրի վրա, բայց ՀՀ-ն փոքր երկիր է և չի կարող սպառող տնտեսություն ունենալ: Մեր բյուջեն պետք է արագ ադապտացվեր սպառման կտրուկ անկմանը, բայց մնաց նույնը, մինչդեռ բյուջեն պետք էր վերանայել դեռ 2014-ին, երբ գիտեինք, որ ճգնաժամն արդեն կա: 2015-ի բյուջեն ճռռալով կատարվեց, բայց բյուջեն պետք է համապատասխանեցվեր տնտեսությանը:
Ֆիսկալ քաղաքականությունն այսօր էական ազդեցություն ունի և՛ փոխարժեքի, և՛ տոկոսադրույքի վրա, բայց դրա մասին չի խոսվում: Եվ «Մուդիսը» բարձրացրել է հենց այդ հարցը՝ ՀՀ ֆիսկալ դեֆիցիտը խնդիր է, պարտք/ՀՆԱ հարաբերությունը խնդիր է, և ՀՆԱ աճի հեռանկար չի երևում Ռուսաստանի հետ կապված: Եթե այսօր ՀՀ-ն լուրջ հակակոռուպցիոն քաղաքականություն վարի, ապա վարկանիշը միանգամից կվերանայեն: Իրենք դիտարկում են երկրի քայլերը և ըստ դրա են գնահատում, իհարկե, կա նաև քաղաքական գործոնը, որը շատ հստակ երևում է Հայաստանն ու Վրաստանը համեմատելիս: Սակայն ԵՄ ֆինանսական շուկային ինտեգրվել և թողարկել պարտատոմսեր՝ նշանակում է՝ նաև հաշվի առնել քաղաքական պահը: Ռիսկերի մեջ նաև Ղարաբաղյան պատերազմի հարցն էլ կա: Պետք է լուրջ վերաբերվել այս վարկանիշերին, որովհետև դրանից է կախված, թե հաջորդ անգամ մեր պարտատոմսն ինչ տոկոսադրույքով կթողարկվի:
– Վարկանիշի այս իջեցմանն ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրությունը, հատկապես՝ ներդրողները:
– Ուղղակի ներդրողները վարկանիշին չեն նայում, իրենք են վերլուծում՝ գա՞ն այդ երկիր, թե՞ ոչ: Դրա լավագույն օրինակը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքն էր: Պորտֆելային ներդրումների վրա վարկանիշն ազդում է, այսինքն՝ այն մարդը, որ տեղյակ չէ նույնիսկ, թե Հայաստանն աշխարհագրորեն որտեղ է, բորսայում տարբեր արժեթղթերով փորձում է պորտֆել կազմել, նա, բնականաբար, նայում է վարկանիշերին:
Այս պահին սա ՀՀ-ի վրա ոչ մի ազդեցություն չի գործի, ուղղակի երկրորդային շուկայում մեր արժեթղթերի գինը կընկնի, և դա էլ կազդի վարքագծի վրա: Այս պահին աշխարհում տոկոսադրույքները կտրուկ անկում են ապրում, չի բացառվում, որ հաջորդ արժեթուղթը կթողարկենք ավելի ցածր տոկոսադրույքով, քան նախորդը, բայց դա չի նշանակում՝ լավ, որովհետև հարաբերականորեն մենք ավելի թանկ կվճարենք, քան կարող էինք, եթե մեր վարկանիշը լավը լիներ: Հայաստանը կարող էր 15 տարի առաջ էլ եվրապարտատոմսեր թողարկել, բայց, բարեբախտաբար, չի արել: Հիմա որ սկսել են, դա նշանակում է՝ ուզեն թե չուզեն, պետք է շարունակեն, հետ կանգնելու համար պետք է 700 մլն դոլարով փակել պարտքը և այլևս չթողարկել, որն արդեն անհնար է: Այժմ մեր խնդիրն այդ միջոցների արդյունավետությունն է, թե ինչպես են դրանք ծախսվում: Այդ փողից ավելի շատ գումար մտնում է ՀՀ միգրանտների դրամական փոխանցումների տեսքով, բայց դրանք տնտեսական արդյունք չեն դառնում:
Սակայն այդ դրախտային վիճակը, որ օդից փող է կերտվում տրանսֆերտների շնորհիվ, չի կարող երկար շարունակվել: Այդ պահն էլ է հասունացել, և այս ճգնաժամն էլ արագացրեց գործընթացը, որ առևտուրը միանգամից անկում ապրի: Հարկավոր է՝ հեռանկարային երկարաժամկետ տնտեսական ներդրումներ արվեն, որպեսզի տնտեսությունը մրցունակ լինի: Օրինակ՝ էներգետիկ ոլորտում, որը մեծ պարտքային բեռ է կուտակել և կարող է խորտակել իր հետ շղթայաձև կապված մյուս ոլորտները, արդյունավետության խնդիրը դրվել է միայն անցած տարի: Այսօր յուրաքանչյուր նախարարություն իր ոլորտում արդյունավետության խնդիրը պետք է առաջնային դիտարկի, որովհետև մեր տնտեսությունն այս պահին շատ անարդյունավետ է, և մենք այդ տոկոսներին չենք կարող դիմանալ:
– Բայց ՀՀ վարչապետը հայտարարում է, որ քայլեր են արվում, որոնց արդյունավետությունը երկարաժամկետ հատվածում կերևա, ՀՀ նախագահն արտաքին տնտեսական հարաբերությունները խորացնելու շուրջ խորհրդակցություններ է սկսել: Դուք տեսնո՞ւմ եք այդ քայլերը, որ հեռանկարում իրավիճակը կփոխեն դեպի դրականը:
– Խնդիրը վերևում կամ ներքևում չէ, մեջտեղում է, այսինքն՝ պատասխանատվությունը հեռու գցելն արդեն խնդիր է: Մենք պետք է դեռ երեկ այդ հարցերը բարձրացնեինք: Ի՞նչ է նշանակում՝ արդյունավետություն: Փողը երբեք խնդիր չի, այսօր էլ կարելի է գնալ դոնորներից վարկեր բերել: Փողի գինն է խնդիրը: Բերված փողը հաճույքով ծախսում են ինչ-որ ծրագրի վրա, բայց արդյունավետության խնդիր չի դրվում: Օրինակ՝ գնումների համակարգը ներդրվեց, բայց այդպես էլ չգործեց, և պետական գնումների ահռելի մասը մեկ անձից է կատարվում: Գնումների համակարգը շատ ետ գցեց մրցակցությունը, իսկ արդյունավետության բերում է հենց մրցակցությունը: Մի համակարգից մյուսին անցումը ցավոտ է, սակայն դա նշանակում է՝ ռիսկ, որին քաղաքական գործիչները չեն գնում: Բայց հեշտ ուղիներ չկան: