««Եվրիմաժն» իսկական փորձություն կլինի հայ ռեժիսորների համար». ՀՀ մշակույթի փոխնախարար
Հայաստանը 2016թ. հունվարից անդամակցում է «Եվրիմաժին»՝ դառնալով եվրոպական այդ կառույցի թվով 37-րդ անդամը: «Եվրիմաժին» անդամակցելու նյութական գինը մեր երկրի պետական բյուջեի վրա արժեցել է 116 հազար եվրո, իսկ թե ի՞նչ կքաղենք մենք այդ անդամակցությունից՝ կախված է մեր կինոգործիչների տաղանդից, «Եվրիմաժում» մեր երկրի ազգային ներկայացուցիչներ՝ կինոքննադատ, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի ու «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն, նկարիչ, մուլտիպլիկատոր Վրեժ Քասունու դիվանագիտական կարողություններից: Պատահական չէր, որ այսօր ՀՀ մշակույթի նախարարության գրադարանի դահլիճում կազմակերպված մամուլի ասուլիսի մասնակից բանախոսներից՝ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այս առնչությամբ շնորհավորելով ներկաներին՝ հայտարարեց. «Սա իսկական փորձություն կլինի հայ կինոռեժիսորների համար, ովքեր մշտապես ասում են, թե պետական ֆինանսավորումը քիչ է՝ վատ է, մի խոսքով, «Եվրիմաժն» այս առումով իսկական փորձություն կլինի հայ կինոգործիչների համար, որպեսզի նրանք կարողանան ցույց տալ իրենց տաղանդի հնարավորություններն ամբողջությամբ»:
Ասուլիսի բանախոս, «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, ով այս տարվա մարտին, Վրեժ Քասունու հետ, որպես «Եվրիմաժի» անդամակցող երկրի ներկայացուցիչ, առաջին անգամ ներկա է եղել «Եվրիմաժի» Board Meeting-ի հերթական նիստին, կարծում է, որ «Եվրիմաժին» անդամակցությունը շատ մեծ առաջընթաց է ակնկալում հայկական կինոյի զարգացման համար, վերջինիս հստակ համոզմունքով՝ «Եվրիմաժը» նոր դուռ է բացելու հայ կինոյի առաջ. «Մենք դեռևս 2006 թվականից ջանքեր ենք գործադրել միանալու Եվրոպական այս կառույցին, և ահա այս տարի դա մեզ հաջողվեց: Կինոն զարգացնելու մեծ խնդիր ունեն հատկապես փոքր երկրները: Համարտադրությամբ զարգացող կինոն արդեն վաղուց օրինաչափ մոտեցում է համարվում այս ոլորտի համար, որովհետև նույնիսկ եվրոպական ամենահարուստ երկրները՝ ինչպիսիք են, օրինակ, Ֆրանսիան, այսօրվա շուկայական պայմաններում շանսեր չունի ստեղծելու լավ կինո, եթե հրաժարվի համատեղ արտադրության հնարավորությունից: Ահա «Եվրիմաժին» անդամակցությունը համատեղ կինոարտադրության իր գլխավոր պայմաններից մեկով հեռանկարներ կարող է ստեղծել տեղական կինոյի զարգացման համար»,- ասում է «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:
«Եվրիմաժին» անդամակցելու համար մեր երկիրը վճարել է 116 հազար եվրո: Անդամավճարի չափը 37 երկրների շրջանում տարբեր է՝ կապված տվյալ պետության կողմից ֆիլմարտադրությանը հատկացվող բյուջեից ու ՀՆԱ-ից: Ըստ ամրագրված ժամանակացույցի և հստակ վերջնաժամկետների՝ կինոնախագծերը «Եվրիմաժին» կարող են ներկայացվել տարվա կտրվածքով 4 անգամ: «Եվրիմաժի» ընդհանուր բյուջեն՝ 25 միլիոն եվրոն, բաժանվում է 4 մասի և հատկացվում նշված 4 ժամանակամիջոցներում ներկայացված նախագծերին: Ներկայացված փաթեթն առաջին փուլում գնահատվում է, այսպես ասած, «եվրոպական սանդղակով»: Խրախուսվում է, որ հիմնական անձնակազմը և մասնակիցները Եվրոպայի քաղաքացիներ լինեն: Ըստ բանախոս Սուսաննա Հարությունյանի՝ Հայաստանը կարող է մրցունակ լինել փոքր բյուջեով ֆիլմերով՝ մինչև 400 հազար եվրոյի սահմաններում, թեև այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ի սկզբանե հայտարարվեց այն մասին, որ իրատեսական չէ հենց սկզբից հաջողություններ ակնկալել: Սա ցույց է տալիս մյուս անդամակցող երկրների փորձը:
168.am-ի այն հարցին՝ արդյո՞ք այս տարի մենք հնարավորություն կունենանք «Եվրիմաժին» ներկայացնելու որևէ կինոառաջարկ՝ Սուսաննա Հարությունյանը պատասխանեց. «Շտապել պետք չէ, և, եթե մեր ռեժիսորները լավ աշխատեն ու մանրակրկիտ ձևով մշակված փաթեթ ներկայացնեն, հույս կա, որ օգոստոս ամսին՝ հերթական հայտերի ընդունման ժամանակահատվածում, արդեն կարող ենք հայտ ներկայացնել»:
Ասուլիսի մյուս բանախոս, «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Վրեժ Քասունին առիթն օգտագործելով՝ նշեց, որ փաթեթների պատրաստման և կազմելու պրոցեսին «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչներն ի պաշտոնե մասնակցելու հնարավորություն չունեն: Դա յուրաքանչյուր ռեժիսորի պարտականությունն է: Իրենք որպես այդ կառույցի հայաստանյան ներկայացուցիչներ՝ կարող են հանդես գալ խորհուրդներով, իսկ ամենակարևոր առաքելությունը, որ դրված է «Եվրիմաժի» հայաստանյան երկու ներկայացուցիչների ուսերին՝ դիվանագիտական կարողությունները գործի դնելով՝ «Եվրիմաժում» նախագծի շահեկան ներկայացումն է, որպեսզի յուրաքանչյուր նախագիծ կառույցում ներկայանա առավելապես շահեկան դիրքերից՝ հնարավորություն ստանալով հավակնել նախատեսվող գումարային օժանդակությանը. «Երբ փաթեթը հասնում է «Եվրիմաժ», քարտուղարությունը բոլոր փաստաթղթերը ստուգում է, որից հետո միայն բոլոր երկրների ազգային ներկայացուցիչները՝ փորձագետներ, մասնագետներ, ծանոթանում, մանրամասն ուսումնասիրում են բոլոր նախագծերը, հետո՝ հերթական ժողովի ժամանակ, քննարկում դրանք»:
168.am-ի այն դիտարկմանը, թե լինելով եվրոպական կինոյի որակն ու ինքնությունը պահպանող կառույց, որքա՞ն են շանսերը, որ ազգային թեմայով ֆիլմերի հայտերը ևս շանսեր կունենան հաղթելու, Սուսաննա Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է գրագետ պատրաստված փաթեթից, լավ սցենարից և թեմայի համամարդկային ասելիքից»:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք մեր երկրում կինոյի մասին օրենքի բացակայության պայմանները խոչընդոտ չեն հանդիսանա անդամակցության հետագա փուլերում, Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը պատասխանում է.«Կինոյի մասին օրենքի բացակայությունը ոչ միայն խոչընդոտ չի կարող հանդիսանալ անդամակցության հետագա ընթացքին, այլև հենց «Եվրիմաժին» անդամակցությունը նպաստելու է, որպես կինոյի մասին օրենքում որոշակի փոփոխություններ կատարվեն՝ համապատասխանեցվելով նաև «Եվրիմաժում» մեր մասնակցության առավել արդյունավետ իրականացմանը»:
Տեղեկացնենք, որ «Եվրիմաժին» կարող են հայտեր ներկայացնել ինչպես՝ վավերագրական, խաղարկային, այնպես նաև՝ անիմացիոն ժանրում ներկայացվող ֆիլմերի առաջարկները:
168.am-ի այն դիտարկմանը, թե մեր երկրում կինոզարգացմանը խոչընդոտող ամենամեծ խնդիր համարվող ֆինանսական միջոցների բացն անցյալ տարիների ընթացքում արդյոք չէ՞ր կարող կոմպենսացվել, ասենք, այն 116 հազար եվրո գումարով, որ այս տարի պետական բյուջեից հատկացվեց «Եվրիմաժին» անդամակցելու համար, և արդյոք այս ֆոնին անարժանահավատ չե՞ն հնչում այն բողոքները, թե կինոարտադրությունը մեր երկրում կաղում է նյութական միջոցների բացակայության պատճառաբանություններով, «Եվրիմաժին» անդամակցող մեր երկրի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը պատասխանեց այսպես. «Վերջին 25 տարիների ընթացքում մենք քանի՞ 116 հազար եվրո արժողությամբ բյուջեով ֆիլմեր նկարեցինք, որ այդպես էլ մնացին ստեղծողների դարակների վրա՝ չհասնելով ո´չ եվրոպական կինոշուկաներ, ո´չ գոնե տեղական հանդիսատեսին: «Եվրիմաժի» անդամակցությունը մեզ հնարավորություն է տալու դուրս գալու մեր կաթսայից, որտեղ մենք տապակվում ենք մեր յուղով, ու շատ դեպքերում՝ անարդյունավետ՝ անդամագրվելու համար եվրոպական կինոընտանիքին: Սա հիանալի հնարավորություն է մեր ներքին կառույցներն ու կապերը համապատասխանեցնելու եվրոպական չափանիշներին, որովհետև կինոն թանկ հաճույք է, և արվեստի այս տեսակի գոյության միակ հնարավորությունը, այդ թվում՝ նաև ազգային կինոյի զարգացման հեռանկարը, համատեղ կինոարտադրության մեջ է»:
Ասուլիսի բանախոս, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան իր խոսքում շնորհավորելով հայաստանյան անդամակցությունը «Եվրիմաժին»՝ մասնավորապես ընդգծեց. «Եվրոպայի խորհուրդը խթանում է երեք հիմնական արժեքներ, որոնք են՝ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը, սակայն Եվրախորհուրդը նաև պետությունների և ժողովուրդների միջև մշակութային կապերն ամրապնդելու ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Մշակույթն է, որ կապ է հանդիսանում այս երեք արժեքների ամրապնդմանը: Մշակույթը կյանքի գեղեցկությունը ցույց տալու մի ձև է, և այստեղ է, որ ես ուզում եմ մեջբերել հայ հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի խոսքերը՝ «Ամենասարսափելին այն է, երբ թույլ ես տալիս, որ գեղեցկությունն անցնի կողքովդ»: Կինոյի ստեղծումը հենց այն հնարավորությունն է, որը մեզ թույլ չի տա բաց թողնել մեր կողքով անցնող գեղեցկությունը»:
Հիշեցնենք, որ «Եվրիմաժ» հիմնադրամը ստեղծվել է 1989 թվականին: Ներկայումս 47 ԵՄ պետություններից ստրասբուրգյան գլխավոր կազմակերպությանն անդամակցում է 37-ը: Լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ՝ այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երեք ուղղություններով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ և ցուցադրություն: Հիմնադրամն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը՝ լողացող վարկեր տրամադրելով Եվրոպայում արտադրված լիամետրաժ խաղարկային, անիմացիոն և վավերագրական ֆիլմերին: