«Այս տարի ՀՀ-ում գրանցվել է լեյշմանիոզ վարակի 7 դեպք, ինչն ահազանգող է». Հռիփսիմե Ապրեսյան
«Այս տարի արդեն ունեցել ենք լեյշմանիոզ վարակով հիվանդների 7 դեպք, և հաշվի առնելով վերջին տարիների աճի տենդենցը՝ սա ահազանգող է»,- այս մասին 168.am-ի և «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ լեյշմանիոզը սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչները համարվում են լեյշմանիա դասին պատկանող նախակենդանիները, վարակը փոխանցվում է մլակների խայթոցի միջոցով: «Իսկ բնական պահոց հանդիսանում են շները, շնազգիները: Հարուցիչը լինելով այդ հիվանդ կենդանու օրգանիզմում՝ մլակի խայթոցի միջոցով անցնում է մլակի օրգանիզմ, այնուհետև այդ նույն մլակները խայթելով արդեն բալիկներին, մարդկանց՝ առաջացնում են հիվանդություն մարդկանց մոտ»,- նշեց մեր զրուցակիցը:
Հ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ հիվանդությունը հիմնականում ախտահարում է 0-5 տարեկան երեխաներին, սակայն հնարավոր է՝ նաև ավելի մեծ տարիքի մարդկանց մոտ առաջանա: Նա նշեց, որ մինչև 1999 թվականն այդ վարակով հիվանդացության դեպքեր չէին նկատվում. «Դրանից հետո սկսեցին նկատվել հատուկենտ դեպքեր, ապա սկսեց դեպքերի քանակն ավելանալ ու հասնել տարեկան մինչև 20-30-ի»:
Նա նշեց, որ առաջին հերթին պետք է փորձեն հետազոտել ու հայտնաբերել հիվանդ կենդանիներին, պետք է պայքարել մլակների ակտիվության ու բազմացման դեմ. «Մեր խնդիրն է՝ պայքարել աղբակույտերի դեմ, որովհետև մլակն այդ պայմաններում է բազմանում»:
Բժկուհու գնահատմամբ՝ լեյշմանիոզը ծայրահեղ ծանր հիվանդություն է, որն օրգանիզմն իսպառ հյուծում է, հանգեցնում է արյան համակարգի լուրջ ախտահարումների, ու կարող են ծագել ծայրահեղ ծանր արյունահոսություններ: «Հիվանդության նախնական նշանները կարող են լինել թեթև, կարող է երեխան ունենա ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն և ոչ հատուկ գանգատներ: Զգոն է պետք լինել, պետք է անմիջապես բժշկի դիմել, եթե ճիշտ ժամանակին են դիմում, երեխաներն ամբողջությամբ բուժվում են»:
Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ շատանում են այդ վարակով հիվանդացության դեպքերը, Հ. Ապրեսյանն այսպես պատասխանեց. «Դեպքերի շատացումը ոչ միայն մեր երկրում է դիտվում, այլև մեր հարևան երկրներում: Մեզ մոտ, կարծում եմ, նաև պայմանավորված է հարևան երկրներում վարակի ակտիվացմամբ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: