Եղիշե Չարենցի և Իզաբելլայի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ինտուրիստ» հյուրանոցի ռեստորանում
Հին Երևանին մշակութային կյանքի պատմական նշանակությամբ հայտնի դրվագ է «Ինտուրիստ» (հետագայում այլ անուններով՝ «Երևան», «Golden Tulip», «Grand hotel Yerevan») հյուրանոցը՝ իր անվանի հյուրերով ու մշտական բնակիչներով:
Այդպիսիներից մեկը հայկական ֆուտուրիզմի կենտրոնական դեմք, պոետ Եղիշե Չարենցն է եղել, ով հյուրանոցի մշտական բնակիչներից մեկն էր: Նա «Ինտուրիստ» հյուրանոցում ապրել և ստեղծագործել է իր կյանքի, ո´չ ավել, ո´չ պակաս, 7 տարիները, թեև սա պաշտոնական վարկած է:
Գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ 168.am-ի զրույցից պարզ է դառնում, որ, ըստ տարբեր աղբյուրների վկայության, Չարենցն «Ինտուրիստ» հյուրանոցում ապրել է ավելի երկար, քան այդ տարիներն էին. «Հայտնի փաստ է, որ Չարենցն ընդհանրապես տուն չուներ:
Իր ամբողջ կյանքի ընթացքում նա սեփական տան մեջ ապրել է ընդամենը տարի ու կես՝ 1935թ. վերջերից, որտեղ հիմա իր թանգարանն է՝ Մաշտոցի պողոտայի վրա: Դրանից առաջ, տարբեր հիշատակումներով, նա փոխել է բազմաթիվ կեցության վայրեր. ասում են՝ Ամիրյան փողոցի վրա կիսանկուղային մի տարածքում, ըստ Ստեփան Զորյանի հուշերի՝ մի կարճ ժամանակահատված իրեն հատկացրել են Հայաստանից հեռացած մի մեծահարուստի տուն, որտեղ էլի շատ կարճ ժամանակ է մնացել, դրանից հետո տեղեկություններ կան, որ այս կամ այն ընկերը, որ ինչ-որ ժամանակով բացակայում էր քաղաքից՝ նրան էր հանձնում իր տան բանալիները, և հետևաբար՝ դրանք նույնպես երկարատև կեցության վայրեր չէին կարող լինել:
Կա հիշատակում այն մասին, որ նույնիսկ որոշ ժամանակահատված «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրակազմում տեղակայված մի սենյակում է ապրելիս եղել:
Եղիշե Չարենցը «Երևան» («Ինտուրիստ») հյուրանոցի իր սենյակում, 1932թ.
Մնացած ամբողջ ժամանակահատվածը, Մոսկվայից վերադառնալուց հետո՝ 1922- 23թթ. սկսած, կյանքը կապված է եղել «Ինտուրիստ» հյուրանոցի հետ: Գուցե տարիների ընթացքում սենյակների փոփոխություն եղել է, բայց հիմնական մասով նա ապրել է հյուրանոցի երկրորդ հարկում» (այժմ հյուրանոցի այդ սրահը անվանակոչված է Չարենցի անունով.- Ն.Մ.):
Հայտնի է, որ բանաստեղծը հենց այս հյուրանոցում ապրած տարիներին է գրել իր նշանավոր «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն: Պատմում են, որ Չարենցը սկզբում բնակվել է երկրորդ հարկի թիվ 21 լյուքս համարում, ապա՝ մզկիթին նայող ընդարձակ սենյակում: Նրա պատշգամբը նայում էր Աստաֆյան, այժմյան՝ Աբովյան փողոցին: Պատմում են նաև, որ անցորդները հաճախ էին տեսնում բանաստեղծին՝ պատշգամբում կանգնած: Ժամանակակիցների հուշերից տեղեկանում ենք, որ Չարենցի սենյակը բարձրաճաշակ կահավորանք ուներ, որտեղ զգացվում էր թե´ Արևելքի, թե´ Արևմուտքի ազդեցությունը: Ճարտարապետ Միքայել Մազմանյանն իր հուշերում գրում է. ««Ինտուրիստ» հյուրանոցում ես և Չարենցը զբաղեցնում էինք մի-մի սենյակ: Նա երկրորդ հարկում էր, ես՝ երրորդ, ուղիղ նրա սենյակի վերևը: Մի երեկո Չարենցը ծեծեց առաստաղը, այսինքն՝ իմ սենյակի հատակը: Իջա:
Սարյանը (նկատի ունի Մարտիրոս Սարյանին.- Ն. Մ. ) Չարենցի մոտ էր. «Այ տղա, էսօր քսան տարիս է լրացել (գրական գործունեության քսանամյակը), եկ մի-մի գավաթ կոնյակ խմենք»,- ասաց Եղիշեն: Նստեցինք սեղանի շուրջը՝ Չարենցի կինը՝ Իզաբելլան, Մարտիրոսն ու ես՝ նշելու մեր բանաստեղծի քսանամյա գրական գործունեությունը: Հոբելյարը և երեք հոգուց բաղկացած հասարակությունը ընկերական ջերմ զրույցով անցկացրին այդ եզակի տոնակատարությունը: Չարենցը տխուր էր: Իբրև հիշատակ այդ անմոռանալի երեկոյի՝ մնացել են մի երկու լուսանկար»:
Խնջույք Չարենցի սենյակում. ձախից աջ Միքայել Մազմանյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց, Իզաբելլա Չարենց, 1932թ.
Հատկանշական է, որ «Ինտուրիստ» հյուրանոցի ռեստորանում է տեղի ունեցել Եղիշե Չարենցի և Իզաբելլայի հարսանյաց հանդեսը: Հրավիրված սակավաթիվ հյուրերի մեջ է եղել երգիչ Շարա Տալյանը: Այս մասին գրականագետ Հովիկ Չարխչյանը պատմում է. «Չարենցի հարսանիքի նկարագրությունը Ստեփան Զորյանի հուշերում այսպես է նկարագրված՝ Չարենցը վարձել էր իր չափերին անհամապատասխան, հսկա չափերի հասնող, բարձր առաստաղով մի սրահ, որտեղ ընդամենը 4-5 հրավիրված հյուր կար, ոչ ավելին, ու այդ հսկայական սենյակում մի ամբողջ երևանյան քեֆ արեց, վերջում էլ նվագածուների ուղեկցությամբ կառքեր էր վարձել՝ ողջ Երևանի փողոցներով շրջելու համար»:
Եղիշե Չարենցը «Երևան» («Ինտուրիստ») հյուրանոցի իր սենյակում՝ Մարտիրոս Սարյանի հետ 1932թ.
Այժմյան «Grand hotel Yerevan» հյուրանոցի աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, որ բանաստեղծին հատկացված երկրորդ հարկի 21-րդ լյուքս սենյակի այն հարկաբաժինը, որտեղ տարիներ շարունակ ապրել և ստեղծագործել է Եղիշե Չարենցը, այժմ ծառայում է՝ որպես հյուրանոցի «Օվալ Սրահ», որտեղ պարբերաբար տեղի են ունենում տարբեր բնույթի հանդիպումներ, քննարկումներ և մամուլի ասուլիսներ:
Հ.Գ. Մարտի 13-ին Եղիշե Չարենցը դարձավ 119 տարեկան:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Չարենց: