Բաժիններ՝

«Կրթական համակարգում առաջնային խնդրահարույց կետն ավագ դպրոցների բեռնաթափման անհրաժեշտությունն է և մագիստրանտական կրթության հարցը». Լևոն Մկրտչյան

Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի առաջին մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս լրագրողներին հանգամանալից ներկայացրեց իր ապագա անելիքների ու ծրագրերի մասին: Հիշեցնենք, որ դաշնակցական Լևոն Մկրտչյանն արդեն չորրորդ անգամ է նշանակվում այդ պաշտոնում:

Նա նախ՝ ներկայացրեց կրթության հիմնական խնդիրները, առկա հաջողությունները, որից հետո անդրադարձավ լրագրողների կողմից հնչեցված հարցերին:

Ինչպես նախորդ անգամները, կրկին անգամ ներկայացնելով կրթության ոլորտի սեփական հայցեակարգային տեսլականները, Լ. Մկրտչյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրը երկու հարթություններում է՝ կրթության առաքելությունը, որի մասին, ըստ նորանշանակ նախարարի, հաճախ մոռացվում է, երբ բարձրաձայնվում է այս կամ այն խնդրի կամ ծրագրի մասին, և երկրորդ խնդիրն այդ առաքելությունից բխող շղթան է.

«Ինձ համար սկզբունքային հարց է կրթության առաքելության հստակեցումը՝ միջազգային կրթական չափորոշիչ, ձև հասկացողությունը, բայց չկա միջազգային կրթություն: Այդ համակարգի մեջ յուրաքանչյուր երկիր ունի իր հաստատված ձևը: Մենք խնդիր ունենք՝ կրթության չափորոշիչների մեջ ներդնել մերը՝ հայկական իմաստը, և սա բարձրագոչ հայտարարություն չէ: Եթե մենք յուրաքանչյուր կրթական հաստատությունից չպահանջենք այդ տեսակի հաստատումը, ինչքան ուզում եք՝ քննադատեք, ինչքան մենք ցանկանանք ուղղվել, միևնույն է, ճիշտ ճանապարհով չենք գնալու»:

Կարդացեք նաև

Խոսելով կրթական ոլորտի թույլ օղակներից՝ կրկին Լ. Մկրտչյանն առանձնացրեց երկուսը՝ ավագ դպրոցը, որն իր տեսության մեջ պետք է լինի համաշխարհային չափանիշներով այն տեղը, որտեղ սովորող աշակերտը կկարողանա ձեռք բերել նախնական մասնագիտական կրթություն՝ ձևավորելով արդեն իսկ հստակ մասնագիտական կողմնորոշում.

«Այն ծանրաբեռնվածությունը, որ մենք դնում ենք ավագ դպրոցի վրա, չի նպաստում, որ այդ դպրոցը կատարի իր առաքելությունը: Հետևաբար՝ առաջնային խնդրահարույց կետը կրթական համակարգում՝ ավագ դպրոցների բեռնաթափման անհրաժեշտությունն է, այդ դպրոցներն իրենց կոնտենտով լցնելու և հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունն է, որ սրանք իսկապես դառնան գերազանցության կենտրոններ»:

Երկրորդ կարևոր բացը կրթական ոլորտում, որին անդրադարձավ նախարարը, վերաբերում էր մագիստրանտական կրթությանը.

«Մեր երկրում օրենքն ասում է, որ մեր երկրում բակալավրական կրթությունը լիարժեք բարձրագույն կրթություն է: Հետևաբար՝ բակալավրիատից հետո, եթե քաղաքացին որոշում է ընդունում շարունակել ուսումը մագիստրատուրայում, ապա պետք է հավակնի ստանալու նոր կրթական որակ: Այսինքն՝ մագիստրոսական կրթությունից հետո մենք պետք է ունենանք մասնագետ, որն ընդունակ կլինի ինքնուրույն որոշումներ ընդունելու իր մասնագիտական ոլորտում: Մագիստրոսական կրթության առաքելությունն իմաստազրկվում է, երբ մենք ուսանողից պահանջում ենք կամ երկու քննություն հանձնել, կամ թեզ պաշտպանել: Հիմա մագիստրոսական կրթության ընթացքում ներգրավված են նույն առարկաները, ինչ բակալավրում՝ միայն չնչին հավելումներով: Արդյունքում, կորցնում ենք ավելորդ երկու տարի՝ ֆինանսական վնասներ պատճառելով ուսանողի ընտանիքի բյուջեին: Պարզապես մենք չենք տալիս այն որակը, որը հասու չի բակալավրին»:

Նախարար Լևոն Մկրտչյանը հարց է բարձրացնում՝ ո՞վ կարող է ինձ ասել՝ ի՞նչ է նշանակում՝ մագիստրոսական կրթություն դաշնակահարի կամ ջութակահարի համար: Ի՞նչ է ուսանողն այս մասնագիտությունից ստանում մագիստրատուրայում, որ չի ստացել բակալավրիատում. «Մագիստրանտական կրթության մեծ խնդիրն այն է, որ ուսանողն այն չի կապում անմիջապես աշխատաշուկայի հետ: Մենք չենք կարողանում մեր մասնագիտությունների ցանկը հարմարեցնել այսօրվա մեր կենսական պայմաններին: Սրանք առաջնային ու համակարգային լուծելու խնդիրներ են»:

Կրթական ոլորտին առնչվող յուրաքանչյուր հիմնախնդիր, ըստ Լևոն Մկրտչյանի, վեր կհանվի բաց, հրապարակային քննարկումների ձևաչափով: Դրանք կլինեն նեղ մասնագիտական՝ ակադեմիական, մանկավարժական քննարկումներ, որոնց ընթացքում կներգրավվի հանրապետության լավագույն մանկավարժական, պրոֆեսորադասախոսական կորիզը, և հասարակական քննարկումների ձևաչափով՝ մամուլի, հասարակական կազմակերպությունների և այլ միջոցներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս