Բաժիններ՝

«Մենք դրա համար չէինք ստեղծում ազատ տնտեսական գոտին, որ այնտեղ անհատ ձեռնարկատերեր բերեինք». Դավիթ Հարությունյան

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին:

Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:

Գագիկ Խաչատրյանն ասաց, որ նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրա­կա­նաց­վող հար­­կա­յին քաղա­քա­կա­նու­թյունն ուղղ­ված է հարկման բազաների ընդլայնմանը և հար­կային ար­տո­նու­թյունների շրջա­նակի կրճատմանը: Ավելին, ըստ նրան՝ Ֆինանսների նախա­րարու­թյան կող­մից մշակված Հարկային օրենս­գրքի նա­խագծով նախատեսվում է առա­վե­լա­գույնս կրճատել հարկային արտո­նու­թյուն­ների շրջանակը և ընդլայնել հարկման բազաները, որը հանդի­սա­նում է հարկային համա­կարգի երկարա­ժամ­կետ զարգացման հիմնական ուղղու­թյուն­ներից մեկը:

Նա նշեց, որ ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճն ապահովելու, նոր աշախատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացմանը խթանելու նպատակով. «Այդ իսկ առումով անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեությունն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և միևնույն ժամանակ եկամտային հարկի վճարումից օրենքով ազատելը խախտում է նրանց ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներից օգտվելու իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ եկամտային հարկ վճարելու հանգամանքով է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի անաշխատունակության և մայ­րու­թյան նպաստ­­ներից օգտվելու իրա­վունքը»:

Կարդացեք նաև

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունն այս հարցի վերաբերյալ ունեցել է տրամագծորեն հակառակ տեսակետը: Նա նշեց, որ սա նոր արտոնություն չէ, դեռևս 1997թ. դեկեմբերի օրենքով սա նախատեսված է եղել, սակայն երբ միավորում է տեղի ունեցել, այս հարկատեսակն ուղղակի տեխնիկական պատճառով է, որ դուրս է մնացել:

«Երկրորդ փաստարկն այն է, որ եթե մենք կազմակերպությանը տվել ենք շահութահարկի մասով արտոնություն, և դա ճիշտ է, ապա անհատ ձեռնարկատերը, որի հիմնական եկամուտն այդ գործունեությունից ստացվող եկամուտն է, ապա սա նույնպես նույն ռեժիմով պետք է գործեր: Սա նաև հավասարության ապահովման տեսանկյունից ենք մենք հիմնավորում: Եվ մի տեղեկացում էլ՝ այս պահի դրությամբ առ այս պահը մենք չունենք ազատ տնտեսական գոտու որևէ անհատ ձեռնարկատեր շահագործող: Այսինքն՝ ըստ էության բյուջեի վրա նաև բացասական ազդեցություն չուներ, բայց փոխարենը մենք ապահովում ենք արդար, հավասար պայմաններ»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ կարող է շարունակել Արծվիկ ՄԻնասյանի միտքը. «Այո, իհարկե, բյուջեի վրա սա ազդեցություն չի ունենա, որովհետև մենք ազատ տնտեսական գոտում չունենք անհատ ձեռնարկատեր, բայց մենք պետք է հասկանանք, թե մենք ազատ տնտեսական գոտու ինչ տեսլական ունենք: Արդյո՞ք մենք այն պատկերացնում ենք որպես մի գոտի, որտեղ անհատ ձեռնարակատերեր են գործում, թե՞ իրականում մենք այստեղ պատկերացնում ենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած, խոշոր ըներությունների ներկայություն: Ես կարծում եմ՝ մենք դրա համար չէինք ստեղծում ազատ տնտեսական գոտին, որ այնտեղ անհատ ձեռնարկատերեր բերեինք: Մենք պետք է խթանենք մեծերին, իսկ սա խթանիչ գործիք է, երբ մենք իրավաբանական անձանց համար շահութահարկի արտոնություն ենք սահմանում և հակառակը՝ խթանում ենք, որպեսզի անհատ ձեռնարկատերերը մուտք չգործեն ազատ տնտեսական գոտի: Սա այս տեսանկյունից հենց խթանիչ գործիք է, և ես շա ուրախ եմ, որ այօր որևէ անհատ ձեռնարկատեր չկա այս տնտեսական գոտում, որովհետև մենք ուղղակի կվարկաբեկեինք այդ գաղափարը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս