Բաժիններ՝

«Իմ հաճախորդները շատ տարբեր են, բայց ամենակարևորը՝ նրանք բոլորը ճաշակով մարդիկ են». Արմեն Երիցյան

Արմեն Երիցյանը 20 տարվա վաղեմությամբ մոսկվաբնակ հայ է: Հայաստանում երկու բարձրագույն տեխնիկական կրթություն ստացած անսովոր այս մարդը Երևանում աշխատել է՝ որպես ինժեներ, կատարել է հասարակական աշխատանք՝ օգնելով Հայաստանի տարբեր մարզերում ապրող միայնակ ծեր մարդկանց: Օրերից մի օր էլ հյուր է գնացել ռուսաստանյան մեգապոլիս ու մնացել այնտեղ: Տարիների ընթացքում Արմենը դարձել է հմուտ նկարիչ, մոդելավորող, կոլաժների հեղինակ: Մի բան, սակայն, երբեք չի փոխվել այս մարդու կյանքում ինչպես՝ Հայաստանում ապրած տարիներին, այնպես էլ՝ Մոսկվայում. նա եղել և մնում է ակնհայտ յուրահատուկ տեսակ՝ իր մտքերով, աշխատանքով, ստեղծած արվեստի գործերով ու նույնիսկ՝ սեփական առօրյա կերպարով: Բավական է նրան մեկ անգամ տեսնել քաղաքում, և էլ երբեք չեք մոռանա այն զգացողությունը, որ ստանում եք նրա կերպարից: Առաջին հարցն ու միտքը, որ ձեր գլխում կծագի այս մարդուն պատահաբար հանդիպելիս՝ ո՞վ է սա: Արմեն Երիցյանն ակնհայտորեն ոչ մեկին նման չէ: 168.am-ի հետ զրույցը հենց այս առիթով էր.

– Արմեն, ո՞վ եք Դուք:

– Ես հայ եմ, ով գրեթե ամբողջ կյանքում նկարել ու կարել է (չնայած կարելը մի քիչ սիրուն բառ չի), բայց եկավ մի պահ, որ այդ ամենն արդեն վերածվեց պրոֆեսիոնալ աշխատանքի՝ մասնագիտության:

– Այսինքն՝ մասնագիտական կրթություն չունե՞ք այս ոլորտում:

Կարդացեք նաև

– Իհա՛րկե ոչ: Չնայած ես Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ եմ և ժամանակի հետ եկա այն համոզման, որ Պոլիտեխնիկ ավարտողը կարող է փայլուն կերպով նախաձեռնել և իրականացնել ցանկացած աշխատանք:

Armen (38)

– Եվ եթե անկեղծ խոստովանեք, ակադեմիական կրթությունը շատ հաճախ կարող է նաև խանգարել կրեատիվ մտքի զարգացմանը:

– Իհա՛րկե, որովհետև շատ հաճախ խեղճ ուսանողների գլուխը լցնում են կլիշեներով: Ինչ խոսք, գրագիտության հիմքը պարտադիր է, պետք է լինի: Ինձ մոտ, օրինակ, այդ գիտելիքների բազան եկել է տարբեր երկրներ ու թանգարաններ այցելությունների արդյունքում: Բազմաթիվ մասնագիտական գրքեր ու գրականություն եմ ուսումնասիրել: Բայց ինձ ոչ ոք չի սովորեցրել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: Ազատությունը շատ դեպքերում տուժում է այդ պարագայում:

Armen (57) Armen (65) Armen (29)

– Ո՞րն է Ձեզ համար ազատության չափանիշն արվեստի գործեր ստեղծելիս:

– Մեծ իմաստով, ազատությունը չափանիշներ չունի: Սակայն կա մի ճշմարտություն՝ իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինիս ազատությունը, և հակառակը՝ դիմացինս ազատ է՝ մինչև այն տարածքը, որտեղից սկսվում է իմ ազատությունը: Գոյություն ունի բարոյական մի տարածք, որը խախտել չի կարելի: Ինձ համար փոխզիջումներ չհանդուժող տարածք է կրոնը՝ հավատք իմաստով: Ես այդ ոլորտում խիստ պահպանողական եմ նաև իմ ստեղծած արվեստի սահմաններում: Օրինակ, մի ռուս նկարիչ կար, որ տարիներ առաջ մի պերֆորմանս արեց՝ մեծ քանակությամբ մարդկանց աչքի առաջ. ցուցասրահում նա կացնահարում էր իկոնաները: Մոսկովյան բոհեմիկ աշխարհում շատերը սա ընդունեցին՝ որպես «զիլ» մի նորարարություն, բայց ինձ համար այդ ամենը հստակ բնորոշում էր՝ չափերն անցնելու: Եթե նույնիսկ այդ իկոնաները սրբացված չեն, միևնույն է, դա անթույլատրելի մոտեցում է՝ կյանքում և արվեստում:

– Ձեր ստեղծած կերպարներում ես ազգային էլեմենտի տարրեր եմ նկատում: Դա նախապես մտածված մոտեցո՞ւմ է, թե՞ այդպես ստացվում է:

– Երբ ես ստեղծում եմ այդ կերպարները, որոնց մեջ մտնում են և´ գլխազարդերը, և´ բոլոր աքսեսուարները, որ կան դրանցում՝ մինչև գոտկատեղ, դրանք բոլորն արվեստի ուրույն, ամեն մեկն իր կյանքով ապրող գործեր են: Որպես հումք կարող է ծառայել այն ամենը, ինչ այդ պահին կա ձեռքիս տակ՝ տանը, սառնարանում կամ այգում: Դրանց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եզակի նմուշներ են, առավելագույնը կարող եմ ստեղծել ևս մեկ օրինակ, իսկ երրորդ անգամն ինձ արդեն ձանձրացնում է: Ի դեպ, այդ կերպարները մեծամասամբ ստեղծվում են հայաստանյան այցերիս ընթացքում, որովհետև ես անբացատրելիորեն ոգեշնչվում եմ իմ հայրենի գյուղում, որը գտնվում է Լոռիում, սարի փեշին: Եվ միգուցե հենց դրանով է պայմանավորված նաև ազգային էլեմենտների առկայությունը դրանցից շատերում, որը նկատել եք:

Armen (44) Armen (52)

– Ի՞նչ ճակատագիր են ունենում Ձեր ստեղծած կերպարի տարրերը, ասենք՝ երեք նուռերով գլխազարդը, որ համակցված է կերպարի աչքերը կապող հայկական արծաթե գոտու հետ:

– Դրանք կարելի է և՛ նվիրել, և՛ վաճառել, և՛ նույնիսկ ուտել: Կարևորն այն է, որ դրանք դառնում են արվեստի գործեր, որից հետոն, անկեղծ ասած, արդեն հետաքրքիր չէ ինձ համար: Օրինակ. հենց այն աշխատանքը, որ դուք նշեցիք՝ նռերով գլխազարդը… մենք վերջում նուռերն ուղղակի կերանք, և վերջ:

– Ռեհաններով կերպարն ինձ, մեղմ ասած, հաճելի անակնկալի էր բերել …

– Այդ ռեհանները, ինչպես նաև՝ մանուշակագույն լոբու հատիկները, մենք մի քանի րոպե առաջ քաղել էինք մեր գյուղի պարտեզից: Այդ պահին տանը միացված ռադիոյից շատ բարձր Սայաթ-Նովա էր հնչում՝ «մազիրդ ռեհան, կլապիդոնե…», ընդամենը մի քանի րոպեում ստեղծվեց այդ կերպարը:

– Ի՞նչ արձագանքներ եք լսել Ձեր ստեղծած կերպարների մասին:

– Մի անգամ անծանոթ մի տղա մեկնաբանություն էր թողել նկարներիցս մեկի տակ: Գրել էր՝ հարգելի Արմեն, տատիկս մի հատ շատ հին «գարֆիրոֆ» ունի («ֆ» տառով էր գրել), եթե կուզեք կնվիրեմ Ձեզ, դրեք Ձեր գլխին և նկարվեք:

Armen (18)

– Արմեն, ինչո՞ւմ է կայանում Ձեր ստեղծած կերպարների և Ձեր անձնական, սեփական անձի առանձնահատկությունը:

– Ես սիրում եմ էկլեկտիկա՝ տարբեր ոճերի համատեղում՝ և´ կյանքում, և´ ինտերիերում, և´ իմ ստեղծած կերպարներում, և´ նույնիսկ իմ սեփական առօրյա հագուստի ընտրության հարցում: Ես կարող եմ համատեղել տարբեր ազգային տարրեր, բրենդեր, և այլն: Կարևորը՝ որ այդ ամենն արվի ճաշակով: Միայն այդ դեպքում կարելի է հաջողություն ակնկալել:

– Ես հաճախ եմ Երևանի փողոցներում Ձեզ տեսել շատ անսովոր հագուստով, միանգամից աչքի եք ընկել:

– Այո, ես հաճախ եմ Երևանում լինում, և դուք վստահորեն հենց ինձ եք տեսել: Կարևորն այն է, որ ես ինձ իմ հագուստների մեջ շատ հանգիստ ու ներդաշնակ եմ զգում: Դուք էլ դա նկատած կլինեք: Այդպես է եղել շատ վաղուց, դեռ վաղ երիտասարդական տարիներից ես տարբերվել եմ իմ նախընտրած հագուստով:

– Ենթադրում եմ, որ Ռուսաստանի մեգապոլիսում նույնպես տարբերվում եք:

– Այո, տարբերվում եմ: Ինձ շատերը Մոսկվայում ճանաչում են հենց իմ յուրաոճ հագուստի ընտրությամբ:

– Դուք սեփական ապրանքատեսակ՝ բրենդ, կամ ատելիե ունե՞ք:

– Ոչ: Եթե ճիշտն ասենք՝ ես կոմերցիայից ահագին հեռու մարդ եմ: Ես աշխատում եմ տանը, ատելիե չունեմ, մոդելավորում և կարում եմ զգեստներ, պատրաստում եմ նաև զարդեր՝ ականջօղեր, մեծ վզնոցներ, մատանիներ, գլխազարդեր, կոշիկների դիզայնով եմ զբաղվում: Պարզապես ես ամեն ինչ անում եմ սահմանափակ քանակությամբ՝ երկուսից ոչ ավելի օրինակներով: Ունեմ նաև կանացի կլատչերի հավաքածու, որոնք ստեղծված են մի օրինակից:

Armen (43)

– Ովքե՞ր են Ձեր հիմնական հաճախորդները:

– Տարբեր մարդիկ՝ սկսած շոու-բիզնեսում հայտնի մարդկանցից՝ մինչև կոլեկցիոներներ և ամենասովորական հաճախորդներ, ովքեր հավանել են իմ աշխատանքները և ցանկություն են հայտնել դրանք ունենալու: Կարևորը՝ բոլորը ճաշակով մարդիկ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս