Կենսաթոշակային բարեփոխիչները միլիոնանոց աշխատավարձեր են ստանում

Անցած տարի Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամում ու մի շարք հետաքրքիր փաստեր հայտնաբերել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի (ԿՀԻԿ) միջև 2012թ. և 2013թ. կնքվել էր ընդհանուր 80 մլն 794.1 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014թ. կնքվել է 64 մլն 318 հազար դրամ ընդհանուր գումարով նվիրաբերության պայմանագիր: ԿՀԻԿ-ը պետք է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման, հանրային կրթության արշավներ և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացներ:

ՎՊ-ն ուսումնասիրել է ԿՀԻԿ-ի աշխատակիցներին 2012-2015թթ. վճարված աշխատավարձերը և մասնագետների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերը: Պարզվել է, որ հիմնադրամի որոշ աշխատողների վճարվել է հնարավորինս բարձր աշխատավարձ՝ 453 հազար դրամից մինչև 1 մլն 482 հազար դրամ, իսկ վարորդ լոջիստիկի, գործավար-վարչական գծով օգնականի և երկու թեժ գծի օպերատորների հաստիքները հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակում չկան, վարձատրվել են «Նորք» ՏՎԿ աշխատանքների կատարման համար:

ԿՀԻԿ-ը 3.8 մլն դրամ գումարի բենզին է ձեռք բերել, որը չի փաստաթղթավորվել, պարզ չէ, թե որ մեքենային և որքան վառելիք է տրվել: ԿՀԻԿ-ում «անօրինական» գործուղումներ են հայտնաբերել, մասնավորապես՝ 800 հազար և 1 մլն 10 հազար դրամ ծախսով գործուղումները չունեն հրամաններ: ԿՀԻԿ-ը մի շարք ընկերությունների հետ իրազեկման նպատակով գործարքները կատարել է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, 7 ընկերությունների վճարել է ընդհանուր առմամբ 30 մլն 701.5 հազար դրամ, սակայն խախտել է «Գնումների մասին» օրենքը, իսկ, օրինակ՝ «Ալֆա կապիտալ» ՍՊԸ-ին վճարված 1.7 մլն դրամի դիմաց՝ 20 րոպե տևողությամբ տեսահոլովակի փոխարեն՝ ստացել է 17.59 րոպեանոց տեսահոլովակ, այսինքն՝ ավելի է վճարվել 170.8 հազար դրամի չափով, որը ենթակա է վերականգնման: «ԱՎԵ Բրաթերս» ընկերությանը ԿՀԻԿ-ը վճարել է 7.5 մլն դրամ՝ Երևանում դասընթացների շարք իրականացնելու, դիդակտիկ և ուսումնական նյութեր պատրաստելու և այլ աշխատանքների համար, սակայն աշխատանքների կատարողականն ու հիմնավորումները չկան, իսկ 7 մլն-ը վճարվել է աշխատանքների ավարտից 3 ամիս առաջ՝ որպես կանխավճար՝ առանց որևէ հիմնավորման: Մի շարք այլ ընկերությունների հետ ԿՀԻԿ-ը գործարքները կատարել է բանավոր պայմանավորվածության հիման վրա, առանց նախօրոք կողմերի միջև պայմանագիր կնքելու:

Բացի այս ամենը, ՎՊ-ն որպես թերություն՝ արձանագրել է, որ 2011-2015թթ. ընկած ժամանակահատվածում, հիմնադրման օրվանից, օրենքով նախատեսված կարգով հիմնադրամում աուդիտ չի իրականացվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս