«Պատգամավորական ժամկետը պետք է սահմանափակել». Ազատ Արշակյան

«Նոր Ընտրական օրենսգրքում պետք է նախաբան լիներ և նշվեր օրենսգրքի նպատակը, օրինակ՝ իշխանության ռոտացիան խաղաղ ճանապարհով, առանց բռնությունների, առանց հալածանքների ու հեղափոխությունների պետք է լինի, օրենսգիրքը պետք է նպաստի գործող իշխանության խաղաղ հեռացմանը, առնվազն, ասենք, 2/3-ի հեռացմանը, 1/3-ը կարող է մնալ՝ որպես ավանդույթը պահպանող:

Ժողովրդավարական ընտրությունների տրամաբանությունը հետևյալն է՝ որոշակի ժամանակում իշխանություն ունեցող քաղաքական ուժը պետք է հեռանա: Արդյոք այս օրենսգիրքը նպաստո՞ւմ է դրան, որ նրանք հեռանան, ռոտացիա տեղի ունենա, կարծում եմ՝ ոչ: Ամբողջ օրենքի տրամաբանությունը դրա մասին է, այսինքն՝ սա ոչ թե Ընտրական օրենսգիրք է, այլ՝ վերանշանակման, որին կարող է մասնակցել ժողովուրդը՝ ներկայացումով»,- 168.am-ի հետ զրույցում ԸՕ նախագծի մասին նման տեսակետ հայտնեց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

ԸՕ-ի նախագիծը, հիշեցնենք, արդեն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել է ԱԺ: Ավելի վաղ ԸՕ-ի նախնական տարբերակն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու:

Ա. Արշակյանի կարծիքով՝ օրենսգիրքը խճճված է և շատ նման է մատնոց պտտացնողների խաղին. իրենք գիտեն՝ որ զանգակի մեջ է գնդիկը, իսկ դիմացինը՝ ընտրողը, չգիտի: Ա. Արշակյանը պնդեց, որ այս ԸՕ-ն գրվել է իշխանությունների վերարտադրության համար.

Կարդացեք նաև

«Շատ կետեր պետք է լինեին սրա մեջ, օրինակ՝ անձը 2 անգամից ավելի չի կարող պատգամավոր ընտրվել, որովհետև մեր պրակտիկան ցույց է տալիս՝ մարդիկ հավերժ են ուզում մնալ, բայց սահմանափակել է պետք: Զուգահեռ՝ պետք է անպայման կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ արվեր, որ կուսակցությունները շահագրգիռ լինեին միավորվելու: Ներկայումս դա չկա, և ամբիցիոզ անհատները կարող են իրենց ընտանիքների անդամների հետ կուսակցություններ ստեղծել, ու Արդարադատության նախարարությունը, կամ ճիշտ կլիներ ընտրությունները կազմակերպող նախարարությունը լիներ Ներքին գործերի նախարությունը, խնդրում եմ, չշփոթել Ոստիկանության հետ, նա պետք է կարողանար վերահսկել այդ կուսակցություններին, արդյոք նրանք ներկայացվա՞ծ են ընտրական տեղամասերի 2/3-ում կամ առնվազն 4/5-րդում: Պետք է քաղաքական կուսակցությունը գրանցված լինի, ոչ թե կեղծ թուղթ ունենա, այլ ՏԻՄ-երը պետք է ֆիքսեն, որ այս և այս քաղաքացիները հանդիսանում են տվյալ կուսակցության ներկայացուցիչներն այդ տեղամասում, և նրանք չեն կարող մի քանի այլ կուսակցությունների անդամներ լինել:

Կուսակցությունների մասին օրենքում պետք է ֆիքսվեր, թե ինչ կարգով են ֆինանսավորվելու, պետք է անպայման հավասար շանսեր ունենան: Դա չկա»:

Այս ամենին զուգահեռ, ըստ Ա.Արշակյանի՝ պետք է դրվեր նաև մյուս հարցը, որ ընտրակեղծարարների գործունեությունը ոչ միայն արգելվում է, օրինակ՝ ընտրակաշառք բաժանել, հակաքարոզչությամբ զբաղվել, հակաքարոզչության չթույլատրված մեթոդներ կիրառող կուսակցությունը ոչ միայն դուրս է մնում ընտրարշավից, այլ նաև քրեական գործ է հարուցվում կատարող անհատների նկատմամբ և բավականին ծանր պատիժ է նախատեսվում պետական հանցագործությունների ցանկում: Դիտարկմանը, որ այսօր ընտրակեղծարարներին տուգանում են 500 հազար դրամով, Ա.Արշակյանը հակադարձեց, որ պետական հանցագործությունների համար առնվազն 5 տարով ազատազրկում պետք է սահմանվի, և այդ անձը պետք է ունենա <գայլի դրոշմ>, նրան պետք է հարևաները չբարևեն, որովհետև նա պետական հանցագործ է, Հայաստանի Հանրապետության դեմ, մեր հայրենիքի դեմ հանցանք է կատարել:

Ա. Արշակյանը նաև հավանության չարժանացրեց ԸՕ-ի հետ կապված գործընթացի ձևը. «Փաստորեն, մենք պետք է ուրախ ու գոհ լինենք, որ ՀՀ-ն ունի ընդամենը 2 ավագ եղբայր՝ մեկը նստած է Բրյուսելում, մեկը նստած է Մոսկվայում: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք, ինչքան օտարահաճ ենք, դեռ մենք քաղաքացիները մեր օրենքը չեն տեսել, չենք քննարկել, մենք պետք է մաշացրած լինեինք այդ օրենքը, և միայն գլուխ գովալու համար, թե մենք ինչքան զարգացած քաղաքացիական հասարակություն ունենք, ուղարկեինք, որ նրանք նայեին՝ որպես ավագ եղբայրներ, ասեին՝ այո, այդ պատանի պետությունը, արդեն 26 տարեկան, հաջողություններ ունի: Եվ հիմա Իրանն է թափ հավաքում, փաստորեն, մենք պետք է մեր բոլոր փաստաթղթերը Տիզբո՞ն էլ ուղարկենք, որ ստուգեն, թե նրանք ինչ կասեն, բա որ նրանք ասացին՝ ոչ… Բայց էդպես չի կարելի: Մեր թղթերը պետք է մենք ուսումնասիրենք, մենք պետք է գնահատական տանք, հետո, եթե անհրաժեշտություն կա, ինչ-որ պայմաններ կան գլոբալ ինտեգրացիայի, ԵՏՄ-ում որպես վասալ ենք, ուղարկենք Մոսկվա»:

Ա.Արշակյանի կարծիքով՝ քանի դեռ ՀՀ իշխանության բյուրոկրատները վստահություն չունեն ժողովրդի մոտ, ընդհանրապես պետք է 1 տարով ընտրվի պայմանական սահմանադիր ժողով, որի անդամները պետք է հայտարարեն, որ իրենք իրենց ընդունած օրենքներից չեն օգտվելու, այսինքն՝ նախարար չեն դառնալու, պաշտոն չեն զբաղեցնելու. «Նրանք թող գնան Մոսկվա, Բրյուսել, Տիզբոն, Վաշինգտոն և այլն, օրենքների նախագծերը քննարկեն, և վերջապես չորրորդ հանրապետությունը կառուցենք»:

Տեսանյութեր

Լրահոս