Առաջին և երրորդ Հռոմները
Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցներն այդքան մանրամասն լուսաբանեցին Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի հանդիպումը: Փետրվարի 11-14-ին դա համաշխարհային լրատվության առաջին լուրն էր: Իսկ ռուսական լրատվությունը մինչև այսօր էլ կայացած հանդիպումը որակում է «հազար տարուց մի փոքր պակաս ժամանակահատվածի ամենասպասված իրադարձություն»:
Ակնարկը, իհարկե, չափազանցված է. հազար տարի առաջ՝ 1054թ., երբ տեղի ունեցավ քրիստոնեական եկեղեցու մեծ տրոհումը, ռուսական եկեղեցին ոչ ինքնագլուխ (ավտոկեֆալ) չէր: Հռոմեական կայսրության տրոհումից հետո Կոստանդնուպոլսում պատրիարքական աթոռ էր հաստատվել: Պատրիարքությունը դարեր շարունակ բարդ հարաբերություններ ուներ Հռոմի պապական աթոռի հետ: Հակամարտության լարված մի պահի պատրիարքը փակեց Կոստանդնուպոլսի լատինական եկեղեցիները, որոնք Հռոմին էին ենթարկվում:
Լևոն 9-րդ պապը պատվիրակների խումբ ուղարկեց՝ պահանջելով ընդունել իր գերագահությունը պատրիարքարանի հանդեպ: Պատրիարքն այդ պահանջին պատասխանեց պատվիրակների բերած անալի հացով պատրաստված հաղորդությունը գետնին գցելով ու տրորելով: Պապական պատվիրակները հաջորդ օրը հայտարարեցին պատրիարքին եկեղեցուց հեռացնելու մասին: Դրան ի պատասխան՝ պատրիարքը նզովեց պապական պատվիրակությունը և իրեն հայտարարեց ավտոկեֆալ եկեղեցու առաջնորդ՝ պաշտոնապես ընդունելով «Կոստանդնուպոլսի և Նոր Հռոմի արքեպիսկոպոսի և Տիեզերական պատրիարքի» տիտղոսը:
Այնուհետև նորաստեղծ Ուղղափառ եկեղեցին նզովեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն և համարժեք պատասխան ստացավ Կաթոլիկ եկեղեցուց: Որքան էլ անհավանական լինի, սեր ու հանդուրժողականություն քարոզող երկու՝ հավատացյալների քանակով խոշորագույն եկեղեցիները նզովքն իրար վրայից հանեցին 1963թ: Քրիստոնեությունը Ռուսաստան մուտք է գործել Բյուզանդիայից: Հետևաբար՝ Ռուսաց եկեղեցին էլ ձևավորման պահից մշտական հակասության մեջ է եղել Կաթոլիկ եկեղեցու հետ: Բյուզանդիայի անկումից հետո Ռուս ՈՒղղափառ եկեղեցին դարձավ խոշորագույնն ուղղափառ եկեղեցիների շարքում: Ռուսաստանն այդ ժամանակներից հպարտորեն հայտարարում է՝ «Մոսկվան երրորդ Հռոմն է, և չորրորդ Հռոմ չի լինելու»:
1448թ. Ռուսաց եկեղեցին առաջին անգամ պատրիարք ընտրեց՝ առանց Հույն ՈՒղղափառ եկեղեցու պատրիարքի հետ համաձայնեցնելու: Իսկ 16-րդ դարի վերջում Ռուսաց եկեղեցին հայտարարեց աֆտոկեֆալիայի մասին և անմիջապես ճանաչվեց Արևելյան եկեղեցիների կողմից: Հիմա Հռոմի Կաթոլիկ և Ռուսաց ՈՒղղափառ եկեղեցիներն հրենց հավատացյալների քանակով քրիստոնեական եկեղեցիներից խոշորագույններն են: Պատմական «տհաճ» բեռից զատ, նրանց միջև հարաբերություններն այսօր էլ խիստ լարված են: Մոսկովյան պատրիարքարանը միշտ էլ խանդով է ընդունել կաթոլիկ եկեղեցու ծավալած գործունեությունն իր կանոնական տարածքում: Իսկ Ռուսաց եկեղեցին իր կանոնական տարածք է համարում նաև Ուկրաինան և Բելառուսը: (Խորհրդային տարիներին միայն Հայաստանն ու Վրաստանն էին, որ չէին համարվում Ռուսաց եկեղեցու կանոնական տարածք):
Վերադառնանք Պապի և Պատրիարքի հանդիպմանը: Այս հանդիպումը պիտի տեղի ունենար մոտ 15 տարի առաջ: Երկու եկեղեցիների առաջնորդների հանդիպման վայր էր ընտրվել Վիեննան: Բայց վերջին պահին ռուսական կողմը հրաժարվեց հանդիպումից: Պատճառը, ըստ փորձագետների, այն էր, որ եկեղեցապետերը հանդիպելու էին կողմերից մեկի կանոնական տարածքում: Հետևաբար՝ կողմերը հավասար իրավիճակում չէին լինելու: Մեկը համարվելու էր տանտեր, մյուսը՝ հյուր: Նոր հանդիպման վայր ընտրվել էր չեզոք տարածք՝ Հավանան: Աշխարհը զարմացավ նաև այն փաստից, որ միջնադարյան տարաձայնություններն ու ավանդույթները պահպանելով՝ եկեղեցապետերը հանդիպեցին Հավանայի օդանավակայանի տարածքում: Հանդիպման մասին պաշտոնական հայտարարությունից հետո ռուսական կողմը լրացուցիչ հայտարարություն էր արել՝ «Եկեղեցապետերը համատեղ աղոթք չեն անելու»: Սա հավանաբար արվեց Հռոմի պապի անակնկալ քայլերը բացառելու համար:
Մինչև Ռուսաց պատրիարքի հետ հանդիպելը Ֆրանցիսկոս պապը 2014թ. հանդիպել էր Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Հանդիպման ավարտին Հռոմի պապը խոնարհվել էր և խնդրել էր Պատրիարքին՝ օրհնել իրեն: Ռուսական կողմը փորձում էր իրեն ապահովագրել նախապես չպայմանավորված որևէ քայլից: Արդյունքում՝ եկեղեցապետերը 30 կետանոց համատեղ հայտարարություն ստորագրեցին: Դրանցից առանձնացնենք առավել ընդհանուրները, որ այս կամ այն չափով բոլորիս են վերաբերում: Եկեղեցապետերն իրենց անհանգստությունն են հայտնում այն առիթով, որ քրիստոնյաներն այսօր հալածանքների են ենթարկվում Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում: (Այս տարածաշրջաններում, փորձագիտական տվյալներով, յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ քրիստոնյա է սպանվում իր հավատքի համար):
«Եվրոպան իր քրիստոնեական արմատներին հավատարիմ մնալու կարիք ունի»,- հայտարարում են հովվապետերը: Հանդուրժողականության ու մարդու իրավունքների նկատմամբ իրենց շահախնդիր վերաբերմունքն արտահայտելուն զուգահեռ՝ երկու եկեղեցիները հայտարարում են, որ «Ընտանիքը մարդու և հասարակության կյանքի բնական կենտրոնացումն է»: Հայտարարում են և ավելացնում, որ «Ընտանիքը սիրո և հավատարմության վրա հենված միությունն է տղամարդու և կնոջ միջև»: Ավանդական եկեղեցիները հստակ հայտարարում են ժամանակակից խեղաթյուրված արժեքներից հրաժարվելու անհրաժեշտության մասին:
Անցած տարի մեր խորհրդարանականները բուռն ու երկար վիճում էին «Ընտանիք» հասկացության օրենսդրական ձևակերպման շուրջ: Ի վերջո, այդ հասկացությունը ձևակերպվեց՝ առանց «գենդերային» նորամուծությունների: Հիմա պարզվում է, որ Եվրոպայում ու Ռուսաստանում էլ կան մարդիկ, ում պատկերացումները համընկնում են ավանդական հայկականի հետ: Իսկ դա հույս է տալիս, որ աշխարհն իսկապես բարիանալու հնարավորություն ունի: Քրիստոնյա հավատացյալը կասեր՝