Բաժիններ՝

Ինչո՞վ է պայմանավորված «Սնիկերս», «Մարս», «Թվիքս», «Քիթքաթ», և «Էմընդէմս» շոկոլադների գների կրկին բարձրացումը

«Սնիկերս», «Մարս», «Թվիքս», «Քիթքաթ», և «Էմընդէմս» շոկոլադների գները շարունակում են փոփոխությունների ենթարկվել: Չզարմանաք, եթե կրպակներում քաղցրավենիքի այս տեսակների գները բարձրացված տեսնեք:

Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ վերոնշյալ շոկոլադե սալիկների գները կտրուկ իջան, ու դրան հստակ պարզաբանում չտրվեց: Եթե մինչև սեպտեմբեր ամիսը փոքր «սնիկերսի» գինը 250-270 դրամ էր, հոկտեմբեր ամսից այն դարձավ 190-200: Այդ նույնը վերաբերում է «Մարս», «Թվիքս», «Քիթքաթ», և «Էմընդէմս» շոկոլադե սալիկներին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այն ժամանակ ասել էր, որ այդ ուղղությամբ հանձնաժողովը մեծ ծավալի ուսումնասիրություններ է իրականացնում: Կրպակների սեփականատերերից շատերը դա կապում էին ԵՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից եկող ապրանքի մաքսատուրքի վերացմամբ։ Սակայն, ի վերջո, հարցին հստակ պարզաբանում չտրվեց:

Այսօր արդեն տարբեր կրպակներում կարելի է հանդիպել այդ շոկոլադե սալիկների գների բարձրացում: Եթե այն ժամանակ «Պարմա» սուպերմարկետների ցանցում այս տեսակի շոկոալդե սալիկները 200 դրամ էին, հիմա արդեն դրանք արժեն 220 դրամ: Սուպերմարկետի մենեջերներից մեկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գինը ոչ թե իրենք են բարձրացրել, այլ ներկրողները: Գնի բարձրացում նկատվում է գրեթե բոլոր կրպակներում:

Կարդացեք նաև

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մենեջերը, որտեղ գները պահպանվել են, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք կարողացել են նույն գնի մեջ տեղավորվել, բայց շոկոլադե սալիկներն իրենց նույնպես բարձրացված գնով են վաճառում:

168.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՏՄՊՊ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից: Վերջինս ասաց, որ իրենք տեղյակ են խնդրից, ու հիմա հանձնաժողովն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է անում:

«Երբ այդ արտադրատեսակների գները նվազեցին, հանձնաժողովն ուսումնասիրություն սկսեց, ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, ու մենք նաև տեղյակ ենք, որ որոշակիորեն գնային բարձրացումներ են եղել, այդ առնչությամբ հիմա հանձնաժողովը դիտարկումներ է կատարում: Տեղեկատվություն ենք պահանջել ներկրողներից գնային փոփոխությունների վերաբերյալ, և առաջիկայում շուտով մենք արդյունքները կներկայացնենք հանրությանը: Այսինքն՝ մեր ուսումնասիրությունը գրեթե մոտենում էր ավարտին, երբ բարձրացան գները: Հիմա մի քանի օր էլ մեզ անհրաժեշտ է այդ ուսումնասիրությունը վերջացնելու համար՝ պարզելու, թե բարձրացման պատճառը որն է, միգուցե ներկրման գների փոփոխությամբ է պայմանավորված, կամ միգուցե երկրորդային շուկայում է բարձրացումը տեղի ունեցել: Դա էլ հանձնաժողովը կպարզի, և մեր ուսումնասիրության արդյունքներն արդեն առաջիկայում կներկայացնենք հասարակությանը»,- նշեց ՏՄՊՊ մամուլի խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս