Բաժիններ՝

Երազում եմ Կասկադով փոքրիկիս հետ քայլել. Ավետ Բարսեղյանն անկեղծանում է. Life.panoarama.am

Life.panoarama.am-ի զրուցակիցն է ամենախաղաղ ու զգացմունքային հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա, ինչպես միշտ, իր տեսակին համապատասխան մեր հարցերին պատասխանել է առանց երկար մտածելու, իր խոսքերով, որպեսզի հնարավորինս անկեղծ լինի:

-Մանկությանս ամենավառ հիշողությունները…

-Մանկությունն ինձ համար ամենավառ հիշողություններ չունի, որովհետեւ մանկության բոլոր էպիզոդները հենց ամենավառն են իմ կյանքում: Իմ հիշողության շտեմարանում ամենավառը մանկության գույներն են, վերապրումները. ամենավառը հենց մանկությունն ու անհոգության տարիներն են: Մանկությունն ինքն իրենով հենց ամենան է ու հետո կյանքն ապրելով ավելի ու ավելի շատ է ամենայացվում կյանքի այդ շրջանը:

-Եկա, որովհետեւ…

-Եկա, որովհետեւ, ըստ իս, յուրաքանչյուրի գալուստով ինչ-որ հաղորդագրություն կա վերեւից ուղարկված, եկա, որ ինչ-որ բան գրեմ, ինչ-որ խոսք ասեմ, եկա, որ ինչ-որ տեղ լրացնեմ իմ տեղն ու հայտնվեմ այն տեղում, որտեղ այսօր կամ:

-Ճակատագրական կետ…

-Ճակատագրական կետն ու վերեւում նշված «եկա»-ն ինձ համար նույն տեղում են գտնվում, որովհետեւ հենց մարդու ծնունդով է ամաենամեծ ճակատագրական կետը դրվում: Ճակատագիրը վերծանման խնդիր էլ ունի, ինձ համար ճակատագիրը նաեւ բազմակետեր են եւ Աստված չտա՝ ընթացքում վերջակետ լինի: Իմ կյանքում ճակատագրական կետ կարող եմ համարել նաեւ «Երգի պետական թատրոնում» որպես հանդիսատես հայտնվելս, որտեղից սկսվեց իմ աշխատուղին: Իր լավ ազդեցությամբ ճակատագրական կետեր հուսամ դեռ շատ կլինեն:

-Հիշում եմ ու տխրում…

-Հիշում եմ ու տխրում այն հեռացած մարդկանց, ում չհսցրեցի ավելի շատ ասել այն խոսքերը, որոնք կուզեի ասել իրենց կենդանության օրոք, հիշողության ու տխրության մարդկային ամենամեծ ցավը ինձ համար հենց այդ հարցում է գտնվում:

-Հիշում եմ ու ժպտում…

-Հիշում եմ ու ժպտում ամեն օրվա վերջում, հիշում եմ ու ժպտում այն ժամանակ, երբ արթնանում եմ ու Փառք եմ տալիս Աստծուն, որ կամ, որ անփորձանք եմ: Դա մարմնամարզության պես մի բան պետք է դարձնել՝ հիշել, ժպտալ ու շնորհակալ լինել:

-Ափսոսում եմ…

-Ափսոսում եմ, որ ընդամենը մեկ անգամ է տրվում գիտակցությունն ու հիշողությունը, ափսոսում եմ, որ ընդամենը էս մի հատվածն է, էս մի տարբերակն է մեզ տրված ապրելու:

-Վստահ եմ…

-Վստահ եմ, որ ինչպես հեքիաթներում ինչ-որ տեղ բարին է հաղթելու, եթե ոչ այս իրականությունում, ապա գոնե զուգահեռ իրականություններում:

-Նպատակ ունեմ…

-Նպատակ ունեմ այն ամենը, ինչ ստեղծվել է իմ կյանքում, ավելի ջերմանա, ավելի շատանա եւ կայանա:

-Չասացի կներես ու…

-Չասացի կներես ու դա առաջին հերթին վնասեց ինձ, որովհետեւ հիմնակում ներողությունը պետք է այն մարդուն, ով ասում է ոչ թե դիմացինի, այլ իր համար: Չասացի կներես ու ու մնացի անկներես ասած, իսկ դա փոքրիկ պատիժ է մարդու համար:

-Կարոտում եմ…

-Կարոտում եմ անգամ մարդկանց, ում օրվա ընթացքում տեսնում եմ, կարոտում եմ բակս, որտեղ անցել է մանկությունս, կարոտում եմ իմ անհոգ տարիները, ուսանողությունս: Շատ եմ կարոտում:

-Սիրում եմ…

-Սիրում եմ ընտանիքս, սիրում եմ սիրել հանուն սիրո:

-Իմ կյանքում կցանկանայի փոխել ու անփոփոխ թողնել…

-Իմ կյանքում կցանկանայի փոխել ինքս ինձ ու նույն պահին մնայի անփոփոխ: Կցանկանայի այդ ընթացքը տեղի ունենար:

-Գնում եմ դեպի…

-Գնում եմ դեպի այն ուղղությոնը, որտեղ երկկողմանի պայամանգիր է՝ 50 տոկոս Աստծո, ճակատագրի ուղղորդությամբ, 50 տոկոս իմ որոշումներով: Երեւի թե գնում եմ դեպի լույսը, այլ ոչ թե խավար, չնայած հնարավոր է, որ ինձ դա թվում է միայն:

-Պայքարել եմ, որ…

-Պայքարել եմ, որ լինեմ, պայքարել եմ, որ հիմա այս թեմաների շուրջ անկեղծանամ, որ իմ խոսքի իրավունքն ունենամ, լինելիությանս համար պայքարել եմ:

-Հպարտ եմ ինձնով, որովհետեւ…

-Հպարտ եմ ինձնով, որովհետեւ գնալով ավելի քիչ եմ հպարտանում ինձնով :

-Վախենում եմ…

-Վախենում եմ, որ մի օր ոչնչից չեմ վախենա: Վախենում եմ, որ մի օր անտարբեր կլինեմ: Ինչպես բոլորը՝ վախենում եմ մահից եւ հարազատ մարդկանց կորստից: Վախենմում եմ Ձմռան մենությունից:

-Երազում եմ…

Երազում եմ Կասկադով փոքրիկիս հետ քայլել: Սա առաջնային երազանքս է:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս