Խոշոր հարկատուներ. գործերը ոչ բոլորի մոտ են լավ
ՀՀ ֆինանսների նախարարությունն օրերս հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2015 թվականի արդյունքներով։
Իհարկե, մենք ու մեր գործընկերներն արդեն հասցրել ենք անդրադառնալ դրան, սակայն թվերի ետևում թաքնված տեղեկատվության ծավալն այնքան մեծ է, որ մեկ կամ մի քանի անգամ դրան անդրադառնալը բավարար չի լինի։
Սկսենք նրանից, որ, թեպետ «Գազպրոմ-Արմենիան» անվիճելի առաջատարն է՝ 42.6 մլրդ դրամի հարկերով, այդուհանդերձ, ընկերությունը 2014թ. համեմատ 162.7 մլն դրամով քիչ է հարկ վճարել։
Արդեն նշել ենք, որ 1000 խոշոր հարկատուները միասին 2015-ին՝ 2014-ի համեմատ, 4 մլրդ դրամով կամ 0.6%-ով պակաս են վճարել (ընդհանուր առմամբ՝ 691.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր): Սակայն, երբ դիտարկում ենք առաջին տասնյակը, պարզվում է, որ հարկերն ավելացել են՝ 174 մլրդ դրամից հասնելով 191.8 մլրդ դրամի։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ գերխոշոր ընկերություններն իրենց վրա են վերցրել ամբողջ ծանրությունը, և, եթե չլիներ նրանց «շռայլությունը», ապա հարկերի նվազումն ավելի էական կլիներ։
Սակայն իրականությունն այն է, որ այդ աճն ապահովվել է Որոտանի հիդրոկայանների համալիրի շնորհիվ։ Նախորդ ցանկի հրապարակման ժամանակ արդեն պարզաբանվել է, որ այս ընկերությունը բյուջե է փոխանցել համալիրի վաճառքի գնի ԱԱՀ-ն և շուրջ 6 անգամ ավելացրել է հարկերի չափը՝ հասցնելով 16,9 միլիարդ դրամի։ Այսինքն, եթե այս համալիրը վաճառված չլիներ, 1000 խոշորագույն հարկատուների վճարած հարկերն ավելի մեծ չափով նվազած կլինեին։ Չնայած սրան՝ հարկատուների ցանկի չեմպիոն (աճի առումով) պետք է համարել ոչ թե Որոտանին, այլ՝ «Ռոսնեֆտ» ընկերությանը։ 2014-ին բենզինի ներկրմամբ զբաղվող այս ընկերությունն ընդհանրապես չկար 1000 խոշոր հարկատուների ցանկում, իսկ 2015-ին զբաղեցրել է միանգամից 37-րդ հորիզոնականը՝ 3.3 մլրդ դրամի հարկերով։
Գերխոշորների մեջ իսկական թռիչք է ունեցել նաև ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ջեյ Թի Այ» ընկերությունը՝ 563 մլն դրամից հասնելով 7.8 մլրդ դրամի։ Արդյունքում՝ այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 207-րդ հորիզոնականից բարձրացել է 12-րդ տեղը։
Հարկերի աճով (բացարձակ թվով) առանձնանում է նաև երկրորդ խոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերությունը 10,4 մլրդ դրամով (61%-ով) ավելացրել է հարկերը և հասցրել 27,5 մլրդ դրամի։ Ուշագրավ է նաև այն, որ Զանգեզուրին անմիջապես հաջորդող Ղ-Տելեկոմը («ՎիվաՍել» ապրանքանիշ) բացարձակ առաջատարն է հարկերի նվազման առումով։ Ընկերությունը 2015-ին պետբյուջե վճարած հարկերը նվազեցրել է 10,2 մլրդ դրամով և հասցրել 18,6 մլրդ դրամի։
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգի» համար տարին նույնպես հաջող չի եղել (կամ հակառակը), քանի որ ընկերությունը 3,3 մլրդ դրամով (կամ 15,3%-ով) նվազեցրել է հարկերը և հասցրել 18,2 մլրդ դրամի։
Հարկերը պակասեցրել է նաև Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Ա և Գ»-ն։ Սա, ի դեպ, գոմեշի մսի ներկրմամբ զբաղվող նույն «Սամ Սեր Գրուպն» է։ Ընկերության անունը փոխվել է, սակայն հարկ վճարողի հաշվի համարը մնացել է նույնը, ինչից երևում է, որ վճարած հարկերը նվազել են 583 մլն դրամով և կազմել 2,7 մլրդ դրամ։
Բերված աղյուսակում առանձնացրել ենք 2015թ. 50 խոշորագույն հարկատուներին և ներկայացրել, թե ինչ ցուցանիշներ ունեին այդ նույն ընկերությունները 2014 թվականին։ Ինչպես տեսնում եք, 50 ամենախոշոր հարկատուները 2015-ին պետբյուջե են վճարել 355,9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 2014 թվականի 321,8 մլրդ դրամի փոխարեն։ Այսինքն, հարկերն աճել են 34,1 մլրդ դրամով կամ 10,6%-ով։ Սակայն այդ 50 ընկերություններից 23-ը նվազեցրել են հարկերը։ Թե ով որքանով է նվազեցրել կամ ավելացրել հարկերը, կարող եք տեսնել այս աղյուսակում։
Իսկ մենք կատարենք մի քանի ընդհանրացումներ՝ բոլոր 1000 խոշոր հարկատուների տեսանկյունից։
Նախ, ինչպես նշեցինք՝ 1000 խոշոր հարկատուները միասին 2015 թվականին պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 691.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2014-ի համեմատ խոշոր ընկերությունները 4 մլրդ դրամով կամ 0.6%-ով պակաս են վճարել։ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում ամենից մեծ տեսակարար կշիռ ունեն անուղղակի հարկերը (ԱԱՀ, ակցիզային հարկ և այլն)՝ 55.4% կամ 385.5 մլրդ դրամ։ Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 32.9% է (229 մլրդ դրամ)։
1000 խոշոր հարկատուները նախորդ տարի ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 64.9%-ը (ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ 2015 թվականի տարեկան հարկային մուտքերի սպասվող ծավալը 1 տրլն 65 մլրդ դրամ էր)։
Առաջին 10 խոշորագույն հարկատու ընկերությունները միասին 2015-ին պետբյուջե են վճարել 198.1 մլրդ դրամի հարկեր, որն ընդհանուր հարկային մուտքերի 18.6%-ն է։
Թվով 9 ընկերություն վճարել է՝ յուրաքանչյուրը՝ ավելի քան 10 մլրդ դրամ, իսկ 1 մլրդ դրամից ավելի հարկեր վճարած ընկերությունների թիվը 115 է։
Ըստ տնտեսության ոլորտների՝ հարկային մուտքերի մեծ մասը բավարարել է արդյունաբերությունը (21%), որին հաջորդում են ներքին առևտրով և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները։ Այս երեքի վճարած հարկերը կազմում են խոշոր հարկատուների վճարած հարկերի ուղիղ կեսը։