
«Պետք է հասկանանք, որ կան պետություններ, որոնք մշտապես քվեարկելու են Հայաստանի դեմ». Էդուարդ Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաև օրերս ԵԽ ԽՎ-ում քննարկված հակահայկական երկու զեկույցները: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկուսն էլ հայանպաստ չէին, բայց հիմնական վտանգ պարունակող բանաձևը՝ Ուոլթերի բանաձևն էր, դա փորձ էր Ադրբեջանի կողմից այլ զուգահեռ հարթակներում քննարկել Ղարաբաղյան հարցը, ինչն անթույլատրելի էր: Այդ նախաձեռնության կասեցումը շատ կարևոր էր, ու մեր պատվիրակության հաջողությունն էր: Բնականաբար, Մարկովիչի բանաձևը չարիքի փոքրագույնն էր:
Տարբեր կարծիքներ են հնչում. կարծիքներից մեկն այն է, որ դա ուղղակի թղթի կտոր է, մյուսն էլ, որ շատ վտանգավոր է: Ես երկուսի հետ էլ համաձայն չեմ: Մենք պետք է ամենօրյա աշխատանք կատարենք, պետք է հասկանանք, որ կան պետություններ, որոնք մշտապես քվեարկելու են Հայաստանի դեմ, ու դրա համար պետք է ավելի նախաձեռնող լինենք»:
Հիշեցնենք, որ օրերս ԵԽ ԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերից Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չընդունվեց, սակայն Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջին հայտարարությանը՝ կապված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի մշակման հետ, Է. Շարմազանովը նշեց, որ շատ կարևոր է, որ այս գործընթացը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը. «Բնականաբար, նման մի օրինագիծ էլ կա ՌԴ-ում, մենք այնպես ենք անելու, որ ոչ միայն դատապարտվի Ցեղասպանությունը, այլև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Ֆրանսիայի այս նախաձեռնությունը ողջունելի է»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, թե ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի մշակումը։