Բաժիններ՝

Իրանի նկատմամբ ո՞ր պատժամիջոցներն են չեղյալ հայտարարվել, և ի՞նչ սպասել հետագայում

Վերջին օրերին աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ ՀՀ-ում նույնպես այս թեման չափազանց արդիական է՝ այն տեսանկյունից, թե դա ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա, և ինչ կարող ենք շահել սրա արդյունքում։ Ամենաուշագրավն այն է, որ այս թեման ակտիվ քննարկողներից քչերն իրականում գիտեն, թե կոնկրետ որ պատժամիջոցներն են հանվել, և ինչ հնարավորություններ են բացվել մեր հարևան երկրի համար։ Այդ իսկ պատճառով՝ կարծում ենք՝ շատերին կհետաքրքրի այս պարզ հարցը՝ ի՞նչ է այսօր թույլատրված անել Իրանին, որն արգելված էր մինչև պատժամիջոցների վերացումը։ Նախ՝ նշենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները մշտական թեմա են։ 20-րդ դարի կեսերից սկսած արևմտյան երկրների կողմից տարբեր ժամանակներում և առիթներով Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։

Ի՞նչ պատճառով էին պատժամիջոցներ կիրառվել

Եթե կարճ ասենք՝ միջուկային ծրագրի պատճառով։ 1960-ականներին Իրանը համաձայնագիր ստորագրեց միջուկային զենքի չտարածման մասին։ Իսկ հետո համաձայնեցին, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ անցկացնի այս ոլորտում։ Կոնֆլիկտը սկիզբ առավ 2000-ականների սկզբներին։ ԱՄՆ-ը Իրանին մեղադրեց այն բանում, որ չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին, այս երկիրը փորձում է միջուկային զենք ստեղծել։
ՄԱԳԱՏԷ-ն պաշտպանեց այդ մեղադրանքները և Իրանից պահանջեց դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, որը կարող էր օգտագործվել միջուկային զենքի նախագծման համար։ Պաշտոնական Թեհրանը, բնականաբար, մեղադրանքների հետ համաձայն չէր և հայտարարում էր, որ հետազոտությունները խաղաղ բնույթ ունեն, իսկ հարստացված ուրանն օգտագործվելու է միայն միջուկային էներգետիկայի կարիքների համար։ Իրանի իշխանությունները մերժեցին դադարեցնել ծրագիրը։ Արդյունքը եղան լայնամասշտաբ պատժամիջոցներն ԱՄՆ-ի կողմից, որոնք ուժի մեջ մտան 2010թ. սկզբից։

Ինչո՞ւ հանվեցին պատժամիջոցները

Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացան 2013-ին, երբ Իրանի նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեջադին փոխարինեց Հասան Ռոուհանին։ Հիշեցնենք, որ ընտրությունից հետո նրա հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի հետ առաջինն էր՝ 30 տարվա մեջ։ 2015թ. աշնանը ժամանակավոր համաձայնագիր կնքվեց Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև, որը նախատեսում էր միջուկային ծրագրի մասնակի դադարեցում՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Պատժամիջոցների ամբողջական վերացման մասին կողմերը համաձայնության եկան 2015թ. հուլիսին, երբ ստորագրվեց գործողությունների համատեղ և համալիր ծրագիրը։ Դրա համաձայն՝ Իրանը պետք է 98%-ով կրճատի հարստացված ուրանի պաշարները (ԱՄՆ հաշվարկներով՝ ուրանի ներկայիս պաշարը բավարար է մոտ 10 ատոմային ռումբ ստեղծելու համար)։ Նաև նախատեսվում էր, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման նպատակով օգտագործվող ցենտրիֆուգների մեծ մասի աշխատանքը, իսկ հետագայում օգտագործի միայն առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգներ, ոչ թե կատարելագործված մոդելներ։

Նշվում է նաև, որ միջուկային օբյեկտները պետք է հասանելի լինեն միջազգային տեսուչների համար։ Հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Իրանը հետևում է ծրագրին։ Հենց դա էլ հիմք հանդիսացավ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցների հանման համար։

Ո՞ր պատժամիջոցներն են չեղյալ հայտարարվել

Եվրամիությունը հանել է Թեհանի հետ ֆինանսական հաղորդակցության արգելքը։ Սա նշանակում է, որ իրանական բանկերը կարող են ներկայացուցչություններ բացել ԵՄ երկրներում, իսկ եվրոպական բանկերը՝ Իրանում։ Իրանցիները կրկին կարող են օգտվել SWIFT միջազգային համակարգից։ Բացի այդ, հանվել են այդ երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում ներդրված սահմանափակումները։

Եվրամիությունը չեղյալ է հայտարարել նաև Իրանից նավթի և նավթամթերքների ներմուծման արգելքը, որն ուժի մեջ էր մտել 2012-ին։ Հանվել է նաև Իրանին նավթային ոլորտի համար նախատեսված սարքավորումների և տեխնոգիաների մատակարարման արգելքը։ Թույլատրվել է ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում։ Այժմ հնարավոր է նաև նավթի տեղափոխման համար նախատեսված տանկերներ վաճառել Իրանին։ ԱՄՆ-ը նույնպես հանել է նմանատիպ ֆինանսական և առևտրային սահմանափակումները։ Թույլատրվել է նաև ամերիկյան մարդատար օդանավեր վաճառել Իրանին։ Ընդ որում, օդանավերի մատակարարումը թույլատրվել է նաև ԵՄ երկրներից, իսկ Թեհրանն արդեն հայտարարել է Airbus և Boeing ինքնաթիռներ գնելու ցանկության մասին։ Բացի այդ, ապասառեցվել են Իրանի արտասահմանյան միջոցները, որոնք արգելափակվել են մի քանի տարի առաջ։

Դրանք, մասնավորապես, Իրանի Կենտրոնական բանկի միջոցներն են (ավելի քան 20 մլրդ դոլար) և նավթի վաճառքից ստացված եկամուտները։ Ընդհանուր առմամբ, 100 միլիարդ դոլարի միջոցներ կրկին հասանելի կդառնան Իրանի համար։

Ինչպե՞ս էին ազդել պատժամիջոցներն Իրանի տնտեսության վրա

Ամենից առաջ, պատժամիջոցները նվազեցրել են եկամուտները նավթի վաճառքից։ 2013թ. մարտի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ (երբ արգելվեց իրանական նավթի մատակարարումը եվրոպական երկրներ), Իրանի նավթային եկամուտները կրճատվել են 50%-ով՝ հասնելով 63 մլրդ դոլարի։ Իսկ հաջորդ տարի դրանք նվազեցին ևս 10%-ով։ Եվս մեկ համեմատություն. 2011-ին Իրանը արդյունահանում էր օրական 2,5 մլն բարել նավթ, իսկ 2013-ի կեսերին այդ ցուցանիշը նվազել էր՝ մինչև 1,1 մլն։ Ընդհանուր առմամբ, 2012-ից ի վեր Իրանը պատժամիջոցների պատճառով զրկվել է ավելի քան 160 մլրդ դոլարի նավթային եկամուտներից։ Իրանի ՀՆԱ-ն 2012-2014 թթ. կրճատվել է 9%-ով, արձանագրվել է նաև երկնիշ գնաճ։ Իրանի ազգային արժույթն ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե կիսով չափ արժեզրկվել է։ Ամերիկյան փորձագետների գնահատականներով, եթե չլինեին պատժամիջոցները, ապա Իրանի տնտեսությունը 2011-ից ի վեր կարող էր աճել 15-20%-ով։

Ի՞նչ սպասել պատժամիջոցների չեղարկումից հետո

Բնականաբար, Իրանը նախևառաջ՝ պլանավորում է մեծացնել նավթի մատակարարման ծավալները։ Իրանի կառավարության տվյալներով, մոտ ապագայում նավթի արդյունահանումը 1,5 անգամ կաճի՝ հասնելով օրական 500 հազար բարելի։ Իսկ կես տարի անց նախատեսվում է արդյունահանման ծավալն ավելացնել ևս 1 մլն բարելով։ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ պատժամիջոցների չեղարկումից հետո երկրի ՀՆԱ-ն կաճի ավելի քան 4%-ով։ Պատժամիջոցների չեղարկման հետ կապված կանխատեսումներ է արել նաև Համաշխարհային բանկը։ ՀԲ փորձագետների հաշվարկներով՝ այս որոշումը կխթանի Իրանի արտաքին առևտուրը և կնպաստի օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքին։

Նշվում է, որ պատժամիջոցների չեղարկման արդյունքում ամենից շատ կշահեն Իրանի ավտոմոբիլային և դեղագործական արդյունաբերությունը, որի արտահանման պոտենցիալը դեպի եվրոպական շուկա կազմում է տարեկան շուրջ 2 մլրդ դոլար։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա դրանց տարեկան հոսքը մոտ ապագայում կարող է կրկնապատկվել՝ հասնելով տարեկան 3-3,5 մլրդ դոլարի։ Միևնույն ժամանակ, իրանական նավթի արտահանման ծավալների մեծացումը կբերի նավթի գների հետագա անկման։ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ իրանական նավթի լրացուցիչ առաջարկը 2016թ. կարող է ևս 16%-ով նվազեցնել նավթի գինը։

Հասկանալի է, որ սա մի քանի տասնյակ միլիարդ դոլարների վնաս է հասցնելու նավթարդյունաբերող մյուս երկրներին, այդ թվում՝ և ՌԴ-ին։ Ու երբ խոսում ենք այն մասին, թե ինչ օգուտներ Հայաստանը կարող է ունենալ Իրանի հետ համագործակցության խորացման արդյունքում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն բացասական ազդակները, որոնք փոխանցվելու են մեզ Ռուսաստանի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս