Ինքնաբացարկի միջնորդություն՝ Ավետիսյանների սպանության գործը քննող դատավորին. Վալերի Պերմյակովը չառարկեց
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով նիստի ընթացքում սպանված Արաքսյա Պողոսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի տուժող կողմի նկատմամբ: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց կողմից առաջին դատական նիստի ընթացքում միջնորդություն էր ներկայացվել, որը, սակայն, դատարանն առանց որևէ հիմնավորման մերժել էր: Այս դատական նիստի ընթացքում էլ միջնորդություն են ներկայացրել քրեական գործով դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու վերաբերյալ. առնվազն 6 էջ հիմնավորումներից բաղկացած միջնորդությունը դատարանը մերժել է ընդամենը մեկ նախադասությամբ՝ առանց որևէ պատճառաբանության. «Դա մեզ հիմք է տալիս հիմնավորել, որ դատարանի կողմից տուժողների նկատմամբ ակնհայտ կանխակալ վերաբերմունք կա՝ նրանց միջնորդությունների նկատմամբ ընդունված ոչ հիմնավոր որոշումների տեսքով»:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ երկու դատական նիստերի ընթացքում դատավորի պահվածքն ու կայացրած որոշումները հիմք են տալիս ենթադրելու, որ դատավորն այս գործով անկողմնակալ չի կարող լինել: Փաստաբանի խոսքով՝ դատավորը շարունակում է թույլ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումներ. «Ես չեմ կարծում, որ խախտումներ թույլ տալը պայմանավորված է նրանով, որ Դուք քրեական դատավարության օրենսգիրքը չգիտեք, որովհետև մենք հնարավորություն ունեցել ենք ձեզ այլ գործերով տեսնելու և գիտենք, որ Դուք քաջատեղյակ եք օրենսգրքին և, համենայն դեպս, տիրապետում եք նորմերին: Եվ դրանցով չղեկավարվելը ես դիտարկում եմ՝ որպես Ձեր կողմից կաշկանդվածության արդյունք»: Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավոր Հարություն Մովսեսյանը չի կարող քննել այս գործը, քանի որ կաշկանդված է. «Ձեր կաշկանդվածությունն ակնհայտ է»: Նա ասաց, որ կաշկանդվածություն ունեցող դատավորը չի կարող կայացնել այն դատական ակտը, որն իրենք ակնկալում են: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը ևս միացավ միջնորդությանը՝ նշելով, որ դատարանն անկախ և անկաշկանդ չէ: Նա վկայակոչեց դատական օրենսգրքի համապատասխան հոդվածը, որում ասվում է, որ դատավորը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև՝ նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Նույն օրենսգիրքը նախատեսում է, որ դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը: Սակայն իրենք չեն տեսնում, որ դատարանն իր վարքագծով փորձում է նպաստել վստահության ձևավորմանը, ակնհայտ է, որ դատարանի վրա ազդում են թաքնված շահերը, ինչի դրսևորումը, ըստ փաստաբանի, նախորդ դատական նիստի ընթացքում ռուս զինծառայողներին դատարանի դահլիճից դուրս չհրավիրելն ու այսօր նրանց բացակայությունն է:
Բացի այդ, ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ անկախ և անաչառ դատաքննության իրավունքը ենթադրում է, որ ոչ միայն դատաքննությունը պետք է անկախ և անաչառ լինի, այլ նաև այդ անկախությունն ու անաչառությունը պետք է տեսանելի լինի: Նախադեպային որոշումներով սահմանված է, որ այդ անկախությունն ու անաչառությունը հասարակությանը պետք է վստահություն ներշնչի: Սակայն, փաստաբանի խոսքով՝ դահլիճում ներկաների մոտ այդ ընթացակարգերը, չի կարծում, թե վստահություն ներշնչեն: Փաստաբան Միհրան Պողոսյանը ևս միացավ միջնորդությանը. «Ռուս զինծառայողների հեռացումն արտադատական պայմանավորվածությունների հաշվին վկայում է այն մասին, որ դատարանը կաշկանդված է: Այսինքն՝ դատարանի որոշումներից հետո այլ մարմին, այլ անձ որոշումներ է կայացնում, որոնք դատարանի կողմից ոչ վերահսկելի են, ոչ էլ, առավել ևս, դատարանի կողմից են կայացված»: Փաստաբանն ասաց, որ որպես տուժողների իրահաջորդի ներկայացուցիչ՝ կասկած ունի, որ այս գործով ինքնուրույն որոշումներ չի կայացնում:
«Ես չեմ առարկում»,- միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելով՝ ասաց ամբաստանյալ Վալերի Պերմյակովը: Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ միջնորդության լուծումը թողեց դատարանի հայեցողությանը: Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ որևէ հիմք չներկայացվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: