Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում
Տնտեսական տարին սկսվեց բորսայական ցնցումներով: Ամենաարագը նվազեցին նավթի համաշխարհային գները: Մեկ բարելի գինը համարյա 30 դոլարի սահմաններում է: Հետևաբար՝ տուժողների առաջին շարքերում նավթ արտահանող երկրներն են: Ռուսաստանի վարչապետը տնտեսական քննարկումներ կազմակերպեց՝ հայտարարելով, որ գների հետագա անկման դեպքում իր երկիրը ստիպված կլինի վերանայել բյուջետային պարտավորությունները: Ղազախստանը փորձում է քաղաքական խաղերով կարգավորել խնդիրը: Նազարբաևի հմուտ ղեկավարությամբ այդ երկրի խորհրդարանն ինքնալուծարման որոշում ընդունեց:
Ադրբեջանում հունվարի 10-ին Ալիևը կառավարության նիստում ամփոփեց 2015 թ. սոցիալ-տնտեսական հետևանքները: Ամփոփեց ու խոստացավ բարեփոխումների նոր ծրագրով «նվազեցնել 2016-ի տնտեսական ռիսկերը»: Արձանագրեց, որ 2015-ին իր երկրի ՀՆԱ-ն աճել է մեկ տոկոսով, և չնայած նավթի գների անկմանը՝ նավթարդյունաբերության ոլորտը 8,4 տոկոսանոց աճ է արձանագրել: Դատելով ադրբեջանական մամուլի արձագանքներից՝ տնտեսական սուր հարցեր կամ չեն քննարկվել, կամ այդ մասին հրապարակումներ չկան: 2015-ի ընթացքում հարևան երկրի վճարամիջոցը՝ մանաթը, մոտ երկու անգամ արժեզրկվել էր (Սա արժեզրկման ամենաբարձր ցուցանիշն է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մեջ): Առաջին լուրջ ցնցումը 35 տոկոսանոց արժեզրկումով տեղի ունեցավ անցած տարվա սկզբին, երկրորդ՝ համարյա 50 տոկոսանոց արժեզրկումը դեկտեմբերի վերջին տասնօրյակին կատարվեց: Դեկտեմբերի վերջին մի քանի տարօրինակ որոշումներ կայացվեցին, որոնց նպատակն ադրբեջանական ֆինանսական շուկայի կայունացումն էր ու գնաճի կանխումը: Բայց դատելով այդ երկրում կատարվածից՝ այդ միջոցները դրական հետևանքներ չթողեցին: Որովհետև հենց կառավարության նիստի հաջորդ օրը երկրի հինգ շրջաններում զանգվածային դժգոհությունների ալիք տարածվեց:
Արտասահմանյան մամուլը դրանք նույնիսկ ապստամբություն որակեց: Իսկ ռուսական մամուլը խոսում է՝ «սովի բունտ» արտահայտությունը կիրառելով: Նախորդ տարվա վերջում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ծրագրերի շրջանակում Ալիևը խոստացել էր առավելագույնս ընդլայնել հարկային բազան և պայքարել մենաշնորհների դեմ: Որոշվել է այս տարվա հունվարի 1-ից արգելել ծխախոտի ու ալկոհոլի վաճառքը կանխիկ դրամով: Այդ որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ այդ ապրանքատեսակները վերացան խանութներից: Եվ, դատելով այն փաստից, որ հունվարի 12-ին Ադրբեջանի կառավարությունն իր որոշումը չեղյալ հայտարարեց, այն հսկայական դժգոհություններ էր առաջացրել: Դեկտեմբերի վերջից լուրջ ցնցումների մեջ է բանկային համակարգը: Խոսքը միայն կադրային փոփոխությունների մասին չէ: Բանկերում ու բանկոմատների դիմաց մեծ հերթեր են գոյանում: Բանկոմատների կանխիկ դրամը չի բավականացնում: Մանաթի արժեզրկումը կանխելու նպատակով նախ՝ սահմանափակվեց փոխանակման կետերում ֆիզիկական անձանց գործարքների ծավալը: 2015-ին մեկ անձը փոխանակման կետերում կարող էր 5 հազար դոլարի գործարք կատարել: Հունվարի 12-ին այդ թիվը տասն անգամ նվազեցվեց: Իսկ հունվարի 13-ին որոշում ընդունվեց փակել երկրում գործող բոլոր փոխանակման կետերը: Մամուլի տվյալներով՝ այս որոշման արդյունքում միայն Բաքվում աշխատատեղից զրկվեց մոտ վեց հազար մարդ: Հետայսու քաղաքացիները տարադրամ կարող են փոխանակել միայն բանկերի գլխամասերում ու մասնաճյուղերում գործող փոխանակման կետերում:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կա 914 բանկային մասնաճյուղ, որոնցից 458-ը գործում են Բաքվից դուրս: Իսկ հյուրանոցներում, օդանավակայաններում ու տուրիստական գործակալություններում գործելու են միայն երկրի ԿԲ-ի փոխանակման կետերը: Ակնհայտ է, որ այս միջոցներով իշխանությունները փորձում են սահմանափակել տարադրամի պահանջարկը: 2015-ն Ալիևը հայտարարել էր գյուղատնտեսության տարի: Ողջ տարվա ընթացքում ադրբեջանական մամուլը թմբկահարում էր հացահատիկի, մսի, մսամթերքների ու կարտոֆիլի արտադրության աննախադեպ աճի մասին: Վերջին անիսներին պաթոսը պակասել էր, և լրատվական կայքերում տնտեսական լրատվությունը չէր թարմացվում:
Դատելով մամուլի հրապարակումներից՝ սկսված զանգվածային բողոքի ալիքի պատճառը սննդամթերքի պակասն է և դրա գնաճը: Աղքատ բնակչությունն առաջին հերթին՝ բողոքում է ալյուրի գնաճից: Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունները բնակչությանը համոզում էին, որ նավթի վաճառքից ստացվող գումարների հաշվին պահուստային լուրջ միջոցներ են կուտակվել, որոնք անհրաժեշտության դեպքում կմեղմեն տնտեսական հնարավոր ճգնաժամերի հետևանքները: Բայց մամուլում հրապարակումներ ու վերլուծություններ են հայտնվել, որ այդ միջոցներն արդյունավետ չեն տնօրինվել: Խոսվում է այն մասին, որ, օրինակ, «Նավթային հիմնադրամի» միջոցները պահուստավորվել են՝ ներդրվելով անշարժ գույքի շուկայում:
Իսկ անշարժ գույքը ձեռք է բերվել շուկայականից անհամեմատ բարձր գնով, և դրանց իրացումը տնտեսական ճգնաժամի պարագային ընդհանրապես անհնար գործընթաց է: Ադրբեջանական մամուլը, բնականաբար, չի գրում զանգվածային բողոքների ու բախումների մասին: Բայց երեկ հրապարակեցին Դատախազության հայտարարությունն այն մասին, որ հինգ շրջաններում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում վիրավորներ կան, և 55 մարդ ձերբակալվել: Բոլոր դեպքերում, սա չարախնդալու հիմք չէ: Դժվար է կանխագուշակել, թե դեպքերն ինչ զարգացում կստանան, և ինչ քայլերի կդիմի հարևան երկրի ղեկավարությունը բնակչության դժգոհության ալիքը ճնշելու կամ շեղելու նպատակով: