«Գիտեմ տասնյակ մարդկանց, որոնք շարունակ զբաղված են խարդավանքներով. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Վերջերս գործընկերներիցս մեկն ինձ հարցրեց՝ «ոչի՞նչ, որ հոդվածում քո դերն ու նշանակությունը շեշտված չէ»: Ինչին ես միանգամայն անկեղծորեն պատասխանեցի, որ որեւէ հարցում իմ «դերն ու նշանակությունն» ինձ չի հուզում. ոչ էլ ցանկանում եմ, որ «ժողովուրդը», առավել եւս «հետնորդները» կամ «սերունդները» դրա մասին խոսեն: Ամեն օր, լավ թե վատ, անում եմ իմ գործը` ինչպես որ ես եմ դա հասկանում: Ոչ ավելին: Բայց համաձայնեք, որ հայ (տվյալ դեպքում կմասնավորեցնեի` խորհրդահայ) մտավորականների մեծ մասի համար իրենց սեփական «դերն ու նշանակությունը» առաջնային եւ ամենակարեւոր խնդիրն է. նրանք սովորաբար զանգում են խմբագիրներին եւ ասում. «Պողոսը մի սիրուն հոդված է գրել իմ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ես իրեն, իհարկե, ոչ մի բան չեմ խնդրել: Պարզապես այդ մարդն իր սրտից բխած խոսքն է ասել»: Իրականում նա, իհարկե, խնդրել է, որ իր մասին գրեն, մեկ-երկու ամիս շարունակ հիշեցնում էր իր ծննդյան օրը, եւ շատ հավանական է՝ մասնակցել է գովաբանական տեքստը կազմելու գործընթացին, որպեսզի ոչ մի փշուր չկորի իր «դերից ու նշանակությունից»: Ես գիտեմ մի այդպիսի խորհրդահայ մտավորականի, որը, իմանալով, որ մի գիտնականի մասին գեղարվեստական (գեղարվեստակա՜ն) գրքում իր լուսավոր կերպարը չկա, պահանջել է այդ գիրքը վառել: Ես գիտեմ մարդկանց, որոնք տարիներ շարունակ պատմում են` «մի անգամ Կարեն Սերոբովիչը (Ռոբերտ Սեդրակովիչը, Սերժ Ազատիչը) ինձ կանչել էր իր մոտ եւ ասել…»:

Ես գիտեմ զառամյալ ակադեմիկոսների, որոնք կլոր տարի ոչինչ չեն անում եւ ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ գալիս է ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունների, այսինքն` իրենց «չուզողներին» ջնջելու օրը: Ես գիտեմ տասնյակ մարդկանց, որոնք այսօր` 21-րդ դարի երկրորդ տասնամյակում, ամիսներ շարունակ զբաղված են խարդավանքներով` «վաստակավորի», «ժողովրդականի», պետական կամ նախագահական մրցանակի շուրջ: Նույն սերիայից է, երբ որեւէ մեկը մի հոդված է գրում եւ պահանջում է այն տպագրել մի քանի լրատվամիջոցում: Իբր` իր մտքերն այնքան դարակազմիկ են, որ մեկ լրատվամիջոցը դրա համար քիչ է: Նույնն է, երբ գիրք է հրատարակվում, որտեղ մի պատմվածքը թարգմանվել է 40 լեզվով: Կարծես պարտադիր է այն կարդալ նաեւ սուհիլիով, դրանից այդ գործի նշանակությունը կբարձրանա: Ինչու եմ ես այդ ամենի մասին հիշում»:

 

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում: 

Տեսանյութեր

Լրահոս