Բաժիններ՝

«2016 թ. մենք չենք կորցնի որևէ բան, թեև ձեռք էլ չենք բերի». Գագիկ Մակարյան

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 2015 թվականը բնութագրում է՝ որպես որոշակի նախապատրաստական պրոցեսների առումով հաջողված: Ըստ նրա, այդ գործընթացները հնարավորություն կտան 2016 թվականին ավելի դրական զարգացումներ արձանագրել:

Ըստ Գ.Մակարյանի, գործի դրված որոշակի մեխանիզմներ 2016թ. ավելի հաջողակ կդարձնեն: Նրա խոսքով, կան դրական կանխատեսումներ ներդրումների առումով, մասնավորապես՝ Դանիայի և այլ երկրների հետ պայմանավորվածություններ կան ներդրումներ կատարելու մասին, երկաթուղիների կառուցման առումով հետաքրքրություններ կան գերմանական կողմից:

Նա նաև նշեց, որ թեև բարեփոխումների տեսանկյունից ՓՄՁ-ի հետ կապված շատ աղմուկ եղավ, բայց կարծես թե ցանկություն կա նոր ռազմավարության ու նոր ներդրումների ներքո շտկել իրավիճակը. «Մասնավորապես, հաջող է Համաշխարհային բանկի 55 մլն դոլարի ներդրումը տուրիզմի և ենթակառուցվածքների ոլորտում, որն էականորեն կարող է խթանել հյուրանոցների, շինարարության, հյուրատների, ոլորտի այլ բիզնեսները և ծառայությունները»:

Գ.Մակարյանի խոսքով՝ Ռուսաստանում վիճակը կլավանա, որտեղ այժմ, ԱՄՀ կանխատեսումով, եթե ՀՆԱ անկումը 3.6% է, ապա մյուս տարի լինելու է 0.6%, այսինքն՝ մոտենում է 0-ին, իսկ 2017 թվին կլինի 1% աճ և, եթե ՌԴ-ում վիճակը բարելավվի, բնականաբար, մեզ մոտ էլ դրական ազդեցություն կունենա.

«Գոնե տրանսֆերտների ծավալների և գումարների համարժեքության առումով դրական փոփոխություն կլինի, քանի որ այսօր ինֆլյացիայի պատճառով դրամը 2 անգամ պակաս է ստացվում: ՌԴ-ում և Ղազախստանում սկսել է ներկրումների ակտիվություն, Հայաստանից պահանջարկ կա պահածոների, չրերի և այլն, կարծես դա կսկսի աշխատել: Ռուսական որոշ ընկերություններ ծրագրում են ՀՀ-ում արտադրություն կազմակերպել էլեկտրատեխնիկայի ոլորտում, որը շատ հետաքրքիր է և բավականին լավ իրավիճակ կստեղծի այստեղ:

Նաև ԵՄ-ն ՀՀ-ի հետ բանակցությունները սկսեց, և, ես ասել էի, որ Եվրոպան չի հրաժարվի Հայաստանից: Իհարկե, տաբեր ինֆորմացիաներից հասկանալի եղավ, որ Եվրոպայում տնտեսական բաղադրիչն այդքան ուժեղ չի լինի, քան նախկինում էր ենթադրվում, քանի որ Եվրոպան ինքն էլ խնդիրներ ունի, ընդ որում՝ Եվրոպայում ՀՆԱ աճը կլինի 1.3-1.6%, և դա առանձնապես մեծ առաջընթաց չի ապահովի, նաև իրենք փախստականների հետ կապված մեծ խնդիրներ ունեն: Սակայն Հայաստանի հետ բանակցությունները քաղաքական և տնտեսական առումով լուրջ նշանակություն կունենան: Եվրոպան այսօր Հայաստանի ամենախոշոր դոնորն է, ի տարբերություն ՀԲ-ի և մյուսների, որը հակակոռուպցիոն և այլ բարեփոխումների համար է վճարում»:

Գ.Մակարյանը նշեց, որ ԱՄՆ-ից սպասվելիք պոտենցիալն է մեծացել, որ 2016թ. Նյու Յորքում մեծ տնտեսական ֆորում է կազմակերպվելու, և ՀՀ-ն բավականին լուրջ ծրագրեր է ներկայացնելու, և այնտեղ լուրջ ընկերություններ կլինեն: «Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը բավականին հաջող տարվեց, առանց սուր կոնֆլիկտների, չընկնելով ուրիշների հոսանքների մեջ՝ մենք կարողացանք մանևրել: 2015 թ. արտաքին դիվանագիտության առումով համարում եմ Հայաստանի համար շատ հաջողված, բոլոր սուր կողմերը հարթվեցին, ԵՏՄ-ի հետ կոնֆլիկտներ չկան, Եվրոպայի հետ՝ նույնպես, և այլն: Ես կարծում եմ, որ այս նախադրյալները կաշխատեն»,- ասաց Գ.Մակարյանը:

«2016-ի բյուջեն պահպանողական է, քանի որ կպահպանի եղած իրավիճակը, և մենք չենք կորցնի որևէ բան, թեև ձեռք էլ չենք բերի, քանի որ իր սահմանափակությամբ մեծ արդյունքներ ակնկալել չի լինի: Չնայած ձեռքբերումներ կարող են լինել, որոշ հաջողություններ կլինեն: Համենայն դեպս, կան ոլորտներ, որ էականորեն կփոխվեն, մասնավորապես, գյուղատնտեսության, արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման տեսանկյունից՝ 2016 թ.ավելի նշանակալից կլինի, և այն կարելի է բնութագրել՝ որպես արդյունաբերական տարի ՀՀ-ի համար»,- հավելեց Գ.Մակարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս