
Հացամթերքի արտադրությունում նոր խստացումներ կլինեն. խախտումները կտուգանվեն առավելագույն չափով

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) գալիք տարվա ծրագրերի շրջանակներում նախատեսում է պարենային խանութներում իրականացնել խստացված վերահսկողություն:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ ժամկետանց, առանց փաթեթավորման կամ առանց մակնշման սննդային ապրանքների հայտնաբերումն առաջին անգամ կուղեկցվի թերության վերացմամբ, իսկ կրկնման դեպքում` տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվի վարչական տուգանք՝ 100-200 հազար ՀՀ դրամի չափով:
Ծառայության պետի հավաստմամբ, 2016 թվականին մասնավորապես հացամթերքի արտադրություններում կապահովվի սանիտարա-հիգիենիկ և սննդամթերքի անվտանգությունից բխող խնդիրների լուծման շարունակականությունը, շեշտը դնելով նաև տեղափոխման և վաճառքի կանոնների պահպանման վրա` իրականացնելով պարբերաբար դիտարկումներ հացամթերքի արտադրություն-ներում:
«Կիրականացվեն նաև անհատական աշխատանքներ հացամթերքի արտադրության ներկայացուցիչների հետ` բարելավելով և խստացնելով արտադրության պահանջների պահպանմանն ուղղված աշխատանքները, հակառակ պարագայում կիրառելով վարչական տուգանքի առավելագույն սահմանաչափը, իսկ սննդամթերքի անվտանգության համակարգին սպառնացող վտանգի պարագայում կասեցնելով արտադրությունը օրենքով սահմանված կարգով»,- ասել է Լ. Սարգսյանը:
ՍԱՊԾ-ի պետի խոսքով, դիտարկումների և ստուգումների շրջանակներում գալիք տարի ուշադրության կենտրոնում կպահվեն նաև Արցախում գործող պահածոների արտադրություններն ու հանրային սննդի օբյեկտները: «Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր վաճառքի կհանեն առանց անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցած մսամթերք, սննդամթերք, որը վաճառվում է սանիտարահիգիենիկ պայմանները չբավարարող պայմաններում»,- նշել է Սարգսյանը և հավելել, որ առաջնահերթություններով պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն կապահովվի սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը` շեշտը դնելով հետադարձ կապի ստեղծման և արդյունավետ օգտագործման վրա:
Բացի այդ կապահովվի անաչառության սկզբունքը քաղաքացիներից դիմում-բողոք ստանալու գործընթացում, բացառել դիմում-բողոքի ընդունումը առանց դիմումատուի վերաբերյալ հստակ տեղեկություն ունենալը: