«Նրանք հայտարարում են որևէ բան ու չեն կատարում, նշանակում է՝ անպայման պետք է պատժվեն, հեռանան…». Ազատ Արշակյանը՝ «Նոր Հայաստանի» մասին
«Ես բարեփոխումների կողմնակից եմ միշտ, կարելի է քննարկել դա, բայց իշխանությունները մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին՝ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Սահմանադրական դատարանի նախագահը ներգրավվեց դրա մեջ, կառավարության ղեկավարը՝ վարչապետը, դարձավ «այո»-ի կողմնակից, մի քանի օր առաջ Սահմանադրության օրինակներ են տպում՝ բաժանելու համար, Սահմանադրությունն իրենք արդեն անցկացրել են, նոր տպում են: Մեզանից խլվել է քվեարկելու իրավունքը, դա գողություն է եղել, մեր ձայնը գողացել են, մենք այդպես չենք քվեարկել»,- նշեց Ա. Արշակյանը: Նրա խոսքով՝ մենք ունենք քաղաքական և հակաքաղաքական ընդդիմություն: 168.am-ի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Ա. Արշակյանը՝ հակաքաղաքական ընդդիմություն ասելով, բանախոսը պատասխանեց, որ անուններ չի նշի:
Մեր այն հարցին, թե արդյոք այդ բնորոշումը վերաբերո՞ւմ է նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ներգրավված ուժերին, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Նրանք ժամանակավրեպ են, եթե նրանք հայտարարում են որևէ բան ու չեն կատարում, նշանակում է՝ անպայման պետք է պատժվեն, հեռանան, հայտարարել են հեղափոխություն, ու տեղի չունեցավ, դա նշանակում է՝ պարտվեց հայտարարողը: Նրանք գրավ չեն դնում իրենց արժանապատվությունը»: Մեր ճշտող հարցին՝ փաստորեն նրա՞նց էր վերաբերում Ձեր՝ հակաքաղաքական ընդդիմություն բնորոշումը՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. ««Նոր Հայաստանին» ավելի վատ բան ասացի, ասացի՝ իրենք իրենց խոսքի տերը չեն»: