Ինչո՞ւ են հայերը Թբիլիսիից թռչում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երբ 2013 թվականին կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվեց քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում բաց երկնքի քաղաքականությունը, ակնկալվում էր ավիատոմսերի նկատելի էժանացում, սա էլ իր հերթին ենթադրում էր, որ գոնե հայաստանցիները կգերադասեն թռչել Հայաստանից, ոչ թե Վրաստանից։ Արդեն 2 տարի է անցել, սակայն հազարավոր մարդիկ գերադասում են թռչել որեւէ երկիր Թբիլիսիից, բանի որ ավիատոմսի արժեքն այդ երկրից զգալի էժան է, քան Հայաստանում։

Ինչո՞ւ բաց երկնքի քաղաքականությունը չտվեց սպասված արդյունքը, ընդ որում՝ այս տարվա ամռանն էլ որոշ ուղղություններով ավիատոմսերի գները նախորդ տարվա համեմատ մոտ 20% ֊ով թանկացան, այս դիտարկմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանն ասաց, որ նախորդ տարի էժանացում է եղել, բայց «այս տարի, այո, թանկացում եղել է, բայց ինքը այն թանկացումն է, որը ենթադրվում է այդ մրցակցային դաշտի արդյունքում որոշակի սահմանափակումներ առաջ գալուն։ Այսինքն՝ որոշակի ավիաընկերություններ դաշտից դուրս են գալիս, բայց միեւնույն է՝ մրցակցային շուկան դաշտը բերելու է կանգնեցնելու է այն իրավիճակին, որ իրական, լավ ծառայություններ եւ գներ տրվեն»։ Մովսիսյանը վստահեցրեց, որ բաց երկնքի դրական արդյունքը մեկ տարվա խնդիր չէ, այդ քաղաքականությունը պահանջում է որոշակի ժամանակ՝ իրավահարաբերություններ, ենթակառուցվածքների զարգացում եւ կայունացում, «ենթադրվում է ոչ թե 1 տարի, այլ 3-4 տարիներ»։

Քաղավիացիայի վարչության ղեկավարն անդրադառնալով Վրաստանի օրինակին՝ վստահեցրեց, որ այնտեղ 10 տարի է՝ բաց երկնքի քաղաքականություն է գործում, «եթե մենք համեմատենք Վրաստանի նույն աճը, աճի տեմպերը, կարող ենք տեսնել, որ այսօր Հայաստանում բավականին էֆեկտիվ է վիճակը»։

Դիտարկմանը՝ բայց հայաստանցիները գերադասում են Թբիլիսիից թռչել, Մովսիսյանը պնդեց. «Թբիլիսիից կարող են թռչել այնտեղ, որտեղ Հայաստանից թռիչք չկա, այնտեղից կարող են թռչել այն ուղղություններով, որտեղ Հայաստանից կետից կետ թռիչքներ են, իրենք թռչում են Թուրքիայով, թռչում են Ադրբեջանով՝ մի տեղ տեխնիկական կամ կոմերցիոն վայրէջք կատարելով։ Եկեք դա մատի փաթաթան չդարձնենք»։ Նկատենք, որ, այնուամենայնիվ, կան ուղիղ չվերթներ, որոնք իրականացվում են եւ Երեւանից, եւ Թբիլիսիից, ամենատարածվածը՝ Երեւան-Եգիպտոս, Երեւան-Արաբական Միացյալ էմիրություններ, այս ուղղություններով 50– 70 դոլար էժան է Թբիլիսիից թռչելը, իսկ եթե ընտանիքներով են մեկնում, ապա միանշանակ, շատերի համար գերադասելի է Թբիլիսիից թռիչքը։ Նույնը կարող ենք ասել Երեւանից եվրոպական քաղաքներ թռիչքների համար, այս դեպքում էլ 40-70 եվրո էժան է ավիատոմսը Թբիլիսիից»

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս