«ԵԱՀԿ դերակատարությունը պետք է բարձրանա, ինչն առանցքային հարց է նար ԼՂ հկամարտության համար»
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար միակ ընդունելի ձևաչափն է, որը վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամների վստահությունը»,- այս մասին ասված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Բելգրադում ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում։
Հայտարարության համաձայն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները շարունակում են միասնական դիրքորոշում արտահայտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում իրենց միջնորդական առաքելության հարցում, և կողմերը պետք է շարունակեն 2014թ. Սոչիի, Ուելսի և Փարիզի գագաթաժողովներում համապարփակ կարգավորման բաղադրիչների շուրջ քննարկումները և առկա առաջարկների հիման վրա 2016թ. ակտիվացնեն երկխոսությունը։
Ըստ հայտարարության, հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում բռնության զգալի աճը հաշվի առնելով` ստատուս-քվոն անկայուն է դարձել։ «Մենք հատկապես քննարկում ենք ականանետերի և այլ ծանր սպառազինությունների օգտագործման հարցը և խորապես ցավում ենք, որ այդ զենքի գործածումը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, և խաղաղ բնակչության զոհվելը ոչ մի արդարացում չունի։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս կարճ ժամկետներում թուլացնել լարվածությունը և պաշտպանել մարդկային կյանքերը։
Համանախագահներն առաջարկել են ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում` միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնք մենք կոչ ենք անում ընդունել»,- նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները։ Նրանք նաև ողջունել են ԿԽՄԿ հովանու ներքո գերիների փոխանակման հարցում առաջընթացը` խթանելով ԿԽՄԿ-ի հետ այդ ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Բելգրադում նախարարները նաև իրենց առանձին ելույթներում են ընդգծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կարևորության մասին, այնինչ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկների մասին, որոնք ներկայացվել էին Ադրբեջանին` նրա Ադրբեջան կատարած այցի ընթացքում։ Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Լավրովն առաջարկներով հրապարակավ հանդես չէր եկել, և ինչ առաջարկների մասին է խոսքը` դեռ հայտնի չէ։
ՌԴ ԱԳ նախարարությունը ևս դեռ չի պարզաբանել, թե ինչ առաջարկների մասին է խոսում ադրբեջանցի նախարարը։ Այնուամենայնիվ, «168 Ժամի» հետ զրույցում «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը նշեց, որ խոսքն առաջարկի մասին է, որը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է բանակցային գործընթացն առաջ մղելուն։
Նրա համոզմամբ, այլ առաջարկներ այս փուլում Ռուսաստանը չէր կարողանա ներկայացնել, երբ հետաքրքրված է աշխատանքով Մինսկի խմբում։ Ավելին, գերմանացի փորձագետի կանխատեսմամբ, Ռուսաստանն Ադրբեջանին ներկայումս չի վստահեցնի, թե տարածքներ են վերադարձվելու Ադրբեջանին։ Ըստ նրա` համանախագահող երկրների հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ միջնորդները հետաքրքրված են կարգավորմամբ, սակայն նրանց ուշադրության կենտրոնում գնալով նորանոր շատ ավելի «տաք» ու վտանգավոր հակամարտություններ են հայտնվում։ Այսօր, գերմանացի վերլուծաբանի խոսքով, դրանցից մեկը ռուս-թուրքական տարաձայնություններն են, որոնց չզսպումն աշխարհի համար կարող է անկանխատեսելի և կործանարար հետևանքներ ունենալ։ Մյուս խնդիրներն են, ըստ նրա, պայքարն «Իսլամական պետության» դեմ, ներգաղթյալների ճգնաժամը և այլն։
Սրանք, Ռարի գնահատմամբ, ավելի արդիական խնդիրներ են։ Ուստի այս փուլում, և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին անհրաժեշտ է «սառեցված Ղարաբաղ», և որևէ մեկն այստեղ համարձակ քայլերի չի դիմի։ Նրանք, ըստ Ռարի, առաջնորդվում են տարբեր շահերով, որոնք հանգում են ԼՂ հակամարտության գոտում ստատուս-քվոն պահպանելու շահին։ Այսինքն, նրա պարզաբանմամբ, Արևմուտքը խուսափում է նոր պատերազմներից, իսկ Ռուսաստանին անհրաժեշտ են հարաբերականորեն լավ հարաբերություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, որը նրան մղում է հետաքրքրված լինել ԼՂ հակամարտության գոտում տիրող ներկայիս դրությամբ։ «Այսինքն` գոնե այս փուլում կարելի է հավատալ, որ Մինսկի խումբը կոնսոլիդացված է գործում` ցանկանալով զսպել հակամարտության հետագա լարումը, քանի որ դա է անհրաժեշտ բոլոր կողմերին»,- ասաց Ռարը։ Վերջինիս կարծիքով, գուցե այս ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկվեն հաջորդ տարի, երբ ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան, ով մշտապես ակտիվ դիրքորոշում է ունեցել Ղարաբաղյան հարցում։
Ալեքսանդր Ռարը լիահույս է, որ համանախագահ երկրների ներկայացուցիչների ցանկությունները, որոնք վերաբերում են ԵԱՀԿ դերակատարման ընդլայնմանը, կհաջողվի իրականացնել Գերմանիայի նախագահության ներքո։ «Հուսով եմ, որ մեր երկրի նախագահությունը, այսինքն` գերմանական քաղաքականության հիմքում կլինի այս կառույցի դերակատարման բարձրացումը և կառույցի ողջ գործիքաշարի բացահայտումը։ ԵԱՀԿ-ն այնպիսի կառույց է, որ պետք է հավասարազոր ազդեցություն ունենա, ինչ ՆԱՏՕ-ն, ուստի կառույցի այդ որակները պետք է վեր հանել` բարձրացնելով ազդեցությունը։ Սա կխթանի ԼՂ բանակցային գործընթացը ևս»,- ասաց Ալեքսանդր Ռարը։
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից, Ռարը պատասխանեց, որ շփումները երկու նախագահների միջև դրական հանգամանք են։ Սակայն, ըստ նրա, այս պայմաններում բեկում ակնկալելն անիմաստ կլինի։
«Սա գուցե ժամանակավորապես մեղմացնի դրությունը հակամարտ գոտում, կամ նախագահներին հնարավորություն տա բանակցությունների դետալների վերաբերյալ պայմանավորվածության հանգել։ Սակայն խոչընդոտներն այս փուլում շատ են համաձայնությունների համար»,- ընդգծեց վերլուծաբանը։ Ի դեպ, նշենք, որ Բելգրադում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն պետք է վճռականություն ցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Նա ընդգծել է, որ Մոլդավայի, Վրաստանի և Ղարաբաղի սառեցված հակամարտությունները դեռ կարգավորված չեն։