Ով պետք է կրի պատասխանատվության առյուծի բաժինը
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ 2 վճիռ է կայացրել: «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործերով դատարանն արձանագրել է կոնվենցիայի խախտումներ՝ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնելով դրամական փոխհատուցում վճարել. առաջին դեպքում` 4900 եվրո, երկրորդի դեպքում՝ 3000 եվրո:
Մեր հարցին, թե համադրելի երկրների համեմատությամբ ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանն իր դեմ կայացված վճիռների քանակով և փոխհատուցման ենթակա գումարի չափով, ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ «Հայաստանի վերաբերյալ վճիռների քանակը և դրանցով բավարարված հատուցման գումարի չափն ակնհայտորեն ցածր է, եթե համեմատենք Եվրոպայի խորհրդի պետությունների վերաբերյալ տվյալների հետ. «Օրինակ, եթե 2013 և 2014 թթ. Հայաստանի վերաբերյալ կայացվել է 6 վճիռ, ապա նույն ժամանակահատվածում Ադրբեջանի, Մոլդավայի, Բուլղարիայի և Հունգարիայի վերաբերյալ կայացվել է համապատասխանաբար` 19, 43, 44 և 92 վճիռ: Եթե Հայաստանի վերաբերյալ` 2013-2014 թթ. ուժի մեջ մտած վճիռներով բավարարվել է հատուցման ենթակա 293,221 եվրոյի չափով գումար, ապա Եվրոպայի խորհրդի նույն անդամ պետությունների վերաբերյալ նույն ժամանակահատվածում ուժի մեջ մտած վճիռներով բավարարվել է համապատասխանաբար` 582.927, 925.328, 607.067 և 1.876.115 եվրոյի չափով գումար»:
Մեր հարցին, թե Հայաստանի դեմ կայացվող յուրաքանչյուր վճռից հետո ինչ գործողություններ են ձեռնարկվում՝ հետագայում նմանատիպ սխալներից և ՀՀ-ի դեմ կայացվող վճիռներից խուսափելու համար, ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ «Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված և խախտում արձանագրող յուրաքանչյուր վճռի` ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես ձեռնարկվում են տվյալ վճռի կատարմանն ուղղված անհատական կամ ընդհանուր բնույթի միջոցառումներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին: Կոնկրետ վճիռներով գործողությունների ծրագրերին կամ հաշվետվություններին նույնպես կարելի է ծանոթանալ Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքում:
Կայքում կարելի է գտնել նաև տեղեկություններ վճիռների կատարման շրջանակում իրականացված մի շարք օրենսդրական բարեփոխումների մասին»: Ըստ նախարարության՝ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներով արձանագրված խախտումների պատճառները տարբեր են: Յուրաքանչյուր դեպքում այդ պատճառները կարող են լինել ինչպես` թերի իրավակարգավորման, այնպես էլ` սխալ իրավական պրակտիկայի հետևանք: Օրինակ, «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» վճռով արձանագրված խախտումը պայմանավորված էր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ տվյալ ժամանակաընթացքում բացակայությամբ, իսկ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական կոնվենցիայի խախտումը պայմանավորված էր նախկինում դատական նիստերի դահլիճներում մետաղական ճաղավանդակների կիրառմամբ:
Ինչպես հայտնի է, դատավորները ֆինանսական պատասխանատվության չեն ենթարկվում ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ-ի դեմ կայացված վճիռների դեպքում, սակայն նշվում է, որ դա կարող է հիմք հանդիսանալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության: Մեր հարցին՝ արդյոք ՀՀ-ի դեմ կայացված յուրաքանչյուր վճռի դեպքում քննարկվո՞ւմ է նման միջնորդությամբ հանդես գալու հարցը, և մինչ այժմ քանի՞ նման միջնորդություն է ներկայացվել, նախարարությունից պատասխանել են.
«Ինչ վերաբերում է դատավորների պատասխանատվությանը, ապա ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներից է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով հաստատվել է, որ տվյալ գործը քննելիս Հայաստանի Հանրապետության դատարանը թույլ է տվել ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:Այս առումով, մի շարք վճիռների կատարման շրջանակում այդ հարցը գտնվում է քննարկման փուլում»:
«Սաղաթելյանն ընդդեմ Հայստանի» գործով, որով ՄԻԵԴ-ն արձանագրել էր կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ արդար դատաքննության իրավունք, դիմումատու Անահիտ Սաղաթելյանը, ով նախկին դատավոր է եղել, նշել էր, որ դատավորի պաշտոնից ազատման որոշման՝ դատական կարգով վերանայման հնարավորություն չի ունեցել:
Մեր հարցին՝ արդյոք օրենսդրական խնդրի՞ արդյունքում են նախկին դատավորի բողոքները մնացել առանց քննության, թե՞ դատավորներն են սխալվել, նախարարությունից պատասխանել են.
«Հատկանշական է, որ «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը կայացվել է 2015թ. հոկտեմբերի 20-ին, և համաձայն Եվրոպական կոնվենցիայի 44-րդ հոդվածի` այն վերջնական կդառնա միայն 3 ամիս հետո, եթե կողմերը չպահանջեն գործի հանձնում Մեծ պալատին: Հետևաբար, վճիռը վերջնական դառնալուց հետո միայն քայլեր կձեռնարկվեն դրա կատարման ուղղությամբ, և համապատասխան գործողությունների ծրագիր կամ հաշվետվություն Նախարարների կոմիտե ուղարկելուց հետո այն հասանելի կլինի նաև վերը նշված կայքում»:
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացված վճիռների վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
– Պարոն Ալումյան, ի՞նչ եք կարծում՝ մեր դատարանները ՄԻԵԴ վճիռների կայացման դեպքում փորձո՞ւմ են ուղղել սխալները:
– Մեր պետությունն այսօր՝ հանձին դատական համակարգի, կարծեք թե, դասեր չի քաղում Եվրոպական դատարանում կրած պարտություններից: Որպեսզի ասածս մերկապարանոց չթվա, նշեմ, որ օրինակ՝ Փիրուզյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը վերաբերում էր սրանից մոտ 7 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին. անձին կալանավորելու և կալանքի ժամկետը երկարացնելու ընթացակարգերում Եվրոպական դատարանը մի շարք թերություններ էր մատնանշել և Հայաստանին խախտող ճանաչել: Բայց այսօր՝ 7 տարի անց, մեր դատարանները կրկնում են ճիշտ նույն սխալները՝ առանց որևէ փոփոխության: Մեր դատական համակարգն այսօր նույն սխալներով կայացնում է անձին կալանավորելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումներ՝ զուտ հիմք ընդունելով, օրինակ, անձին մեղսագրվող հանցագործության ծանրության աստիճանը և հաշվի չառնելով որևէ այլ հանգամանք՝ կապված այդ անձի հետ: Նույնը Ժիրայր Սէֆիլյանի հետ կապված. նրան էլ կալանավորել էին, երկարացրել կալանքի տակ պահելու ժամկետները, նրա գործով էլ Եվրոպական դատարանը խախտումներ ճանաչեց: Ինչպես Եվրոպական դատարանի վճռում նկարագրված են խախտումները, ճիշտ նույն խախտումներն անում են նաև հիմա: Այս մարդկանց էլ տարան սեմինարների տարբեր երկրներ, էլ տարբեր երկրներից դասախոսներ բերեցին, որ այս մարդկանց բացատրեն, թե դա ինչպես պետք է արվի, էլ հսկայական գումարներ ծախսեցին այս մարդկանց վերապատրաստման համար, էլ դասագրքեր ու գրքեր տպագրեցին, Եվրոպական դատարանի վճիռներ թարգմանեցին: Ինչպես կար, այդպես մնաց:
– Խնդիրը ո՞րն է:
– Խնդիրը մարդկանց մեջ է, մարդկային գործոնի: Մենք դատական համակարգում ունենք շատ ազդեցիկ դիրքերում գտնվող անձինք, ովքեր խորհրդային ժամանակաշրջանի արտադրանք են: Խոսքն իրավաբանական մտածելակերպի և իրավաբանական արտադրանքի մասին է: Իրենց իրավաբանական մտածելակերպը ձևավորվել է խորհրդային ժամանակաշրջանում և դրանից հետո ոչ մի փոփոխություն չի ապրել: Ընդհանրապես ոչ մի փոփոխություն: Եթե իրենց թողնես, իրենք կցանկանան, որ կալանքի սանկցիաները շարունակեն տալ դատախազները: Այդքանը հո չե՞ն կարող անել, իրենք էլ հիմա դատախազներից ավելի ակտիվ, ավելի ակտիվ, քան դատախազները խորհրդային ժամանակաշրջանում, կալանավորում են անձանց և երկարացնում կալանքի տակ պահելու ժամկետները: Ես զգում եմ, որ այն, ինչ ձևավորվել է իրենց մոտ համալսարանում, գրեթե փոփոխություններ չկան: Իհարկե, կան նաև շատ լավ դատավորներ, խոսքը հատկապես նոր սերնդի դատավորների մասին է: Բայց ես կարծում եմ՝ այսօր նրանք դատական համակարգի քիչ մասն են կազմում և մեծ ազդեցություն չեն ունենում:
– Դատավորները ֆինանսական պատասխանատվության չեն ենթարկվում, նշվում է, որ նրանց սխալը կարող է կարգապահական պատասխանատվության հիմք լինել: Ի՞նչ պետք է անել, որպեսզի հետագայում դատավորը գոնե չկրկնի իր սխալը:
– Նախ տեսեք՝ արդեն 3 տարի է՝ Հայաստանի գործերը Եվրոպական դատարանում գրեթե չէին քննվում: Սա իր տակ շատ լուրջ նախապատմություն ունի: Դա պատահական չի եղել, դա ծրագրված, չեմ ուզում օգտագործել «դիվերսիա» բառը, բայց ծրագրված գործողությունների շարք է եղել, որի արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ 3 տարի Հայաստանի վերաբերյալ գործերը Եվրոպական դատարանում կանգնած վիճակում են գտնվել:
Իհարկե, լավ կլիներ այդ մասին Ալվինա Գյուլումյանին հարցնել՝ այդ ինչպե՞ս եղավ, և ինչո՞ւ ինքն էլ ժամանակից 1 տարի շուտ դիմում գրեց և դուրս եկավ այնտեղից: Կարող է շատ հետաքրքիր բաներ պարզվեն: Այսօր մեր դատարաններն արդեն 3 տարի է՝ չեն զգում, որ իրենց որոշումները կարող է հետագայում այնտեղ քննարկման առարկա դառնան: Երբ սկզբնական շրջանում Հայաստանի դեմ վճիռներ սկսվեցին, դատական համակարգը շատ զգաստացավ, որովհետև, ամեն դեպքում, դատավորներին այստեղ որոշակի խնդիրներ էին սպասվում: Այնուամենայնիվ, ինձ թվում է՝ դատավորները որոշակի կարգապահական պատասխանատվություն պիտի կրեն, եթե Եվրոպական դատարանում իրենց գործերով վճիռներ են կայացվել Հայաստանի դեմ: Բայց հարցն այն է, թե որ դատավորները: Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է շուռ տված: Մ. Հարությունյանի գործով առաջին ատյանի դատարանի մի դատավոր ֆանտաստիկ արտահայտություն արեց, որ Միշա Հարությունյանի և երկու վկաների նկատմամբ բռնությունները կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար: Սա ահասարսուռ արտահայտություն է, ինկվիզիցիայից հետո այսպիսի բան դեռ ոչ ոք չէր ասել:
Միգուցե հիմա իսլամական պետությունում կգտնվեն մարդիկ, որ այսպիսի բան կասեն, ուրիշ ոչ մի տեղ: Հետո մենք այդ հիմքով բողոքարկեցինք վերաքննիչ դատարան՝ նշելով, որ նման բան չի կարելի ասել: Վերաքննիչ դատարանն այդ նույն հիմքով դատավճիռը թողեց ուժի մեջ, բողոքարկեցինք վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանն էլ գտավ, որ ոչ մի խնդիր չկա: Երբ Եվրոպական դատարանում հենց այդ հիմքով Հայաստանի դեմ վճիռ կայացվեց, գիտե՞ք ո ՛վ տուժեց՝ առաջին ատյանի դատարանի դատավորը, այնինչ պիտի տուժեր վճռաբեկը, որովհետև, եթե այս մարդուն նշանակել են առաջին ատյանի դատարանում, ուրեմն իրեն սխալվելու իրավունք են վերապահել: Եթե նա սխալվելու իրավունք չունենար, իրեն պետք է վճռաբեկ դատարանում նշանակեին: Անենաշատը պիտի տուժեին` վճռաբեկ, հետո՝ վերաքննիչ, հետո միայն՝ առաջին ատյանի դատարանի դատավորները:
Մեզ մոտ ճիշտ հակառակը դուրս եկավ՝ առաջին ատյանի դատարանի դատավորը տուժեց, վերաքննիչի դեպքում բավարարվեցին քննարկմամբ, վճռաբեկի մասին անգամ խոսք չեղավ: Գիտե՞ք՝ որ գործերով են այսօր Հայաստանի դեմ վճիռներ կայացվում. այն գործերով, որոնցով վճռաբեկ դատարանը բողոքներն անգամ վարույթ չի ընդունել: Այսինքն՝ գործերը, որոնցով Հայաստանի դեմ վճիռներ են կայացվում, հենց այն գործերն են, որոնցով վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել՝ համարելով, որ գոյություն չունի ոչ մի իրավական խնդիր: Պատկերացնում եք, չէ՞: Եվ հիմա մենք քննարկում ենք՝ արժե՞ պատժել առաջին ատյանի դատարանի դատավորին, թե՞ ոչ: Ինչո՞ւ պատժես առաջին ատյանի դատարանի դատավորին, այդ դեպքում իրենք ինչի՞ համար են նստած այնտեղ:
Ես շատ եմ կիրառում այդ արտահայտությունը՝ վճռաբեկ դատարանը կույրաղիք է դարձել, որովհետև չես հասկանում՝ այն ինչի համար է, եթե ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, եթե երբեք չես կարող իմանալ՝ այն կքննի՞ քո բողոքը, թե՞ ոչ: Ինչի՞ համար է այն՝ միայն նախադեպային որոշումներ կայացնելո՞ւ: Կարելի է գրել ընդամենը 1 տող՝ այսուհետ վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումները պարտադիր բնույթ ունեն, և դրանից հետո՝ մյուս օրը, վճռաբեկ դատարանը կարելի է փակել: Ես կարծում եմ, որ եթե իրենք այնուամենայնիվ դեռ գոյություն ունեն, իրենք էլ պետք է անձամբ կրեն պատասխանատվության առյուծի բաժինը, որովհետև իրենք այսօր կարծես թե միայն իրավունքներ ունեն և ոչ մի պարտականություն: