Փնթի ու անկանխատեսելի Ռուսաստանը
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը Հայաստանի լրատվության ոլորտում երկրորդական լուր կդառնար: Հիմա բոլորի համար կարևորը «ներքին» ահաբեկչության մասին տեղեկատվությունն է: Բայց այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, շատ ավելի կարևոր է ներքին խնդիրներից: Թեկուզ միայն այն պատճառով, որ ավելի երկարատև ազդեցություն է թողնելու տարածաշրջանային հարաբերությունների վրա: Թուրքական օդուժը ռուսական ինքնաթիռ է խոցել:
Ռուս օդաչուներին օգնության մեկնած ուղղաթիռներից մեկը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել և ոչնչացվել է սիրիացի ապստամբների կողմից: Հայտնի է, որ մահացել է ռուսական ինքնաթիռի օդաչուն և մեկ ծովային հետևակային: Ռուսաստանը պնդում է, որ իր «Սու 24» ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը, բայց խոցվել է թուրքական «F 16» կործանիչի կողմից: Իրավիճակը դրամատիկ է: Ռուսական քաղաքական շրջանակներում ազդեցիկ քաղաքական գործիչներից շատերը ստեղծված իրադրությունը գնահատելիս` օգտագործում են «Casus belli» տերմինը:
Դեպքից անմիջապես հետո ռուսական պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող Վլադիմիր Սոլովյովի հեռուստամարաթոնին մասնակցող բոլոր հյուրերին տրվում էր նույն հարցը: Մասնակից բոլոր քաղաքական գործիչները, փորձագետները միանշանակ նույն գնահատականն էին տալիս` «Իրավիճակը կարելի է գնահատել` որպես «Casus belli»: «Կազուս բելլի» ասածը հռոմեական իրավունքից բխող իարվական տերմին է, որ նշանակում է` «պատերազմի դեպք-հնարավորություն» (եթե ավելի հաջող թարգմանություն կա` ներողություն եմ խնդրում, ես իրավաբան չեմ): «Կազուս բելլի» ամենահանրահայտ դեպքն ավստրիական էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր, որ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու իրավական բավարար հիմք հանդիսացավ:
Արևմտյան Եվրոպայի երկրների ու ԱՄՆ-ի առաջնորդների գնահատականները ռուս-թուրքական կոնֆլիկտի մասին զգուշավոր են և երկիմաստ: Բոլորը, հավանաբար, սպասում են ռուսական պատասխան քայլերին: Մյուս կողմից` Ռուսաստանն իրավիճակին հնարավորինս կոպիտ դիվանագիտական գնահատականներ տալով` չի շտապում հայտարարել իր քայլերի մասին: Կարծես բոլորը մոռացել են, որ կատարվածը նախապատմություն ունի: Հոկտեմբերի 3-ին թուրքերը հայտարարեցին, որ Սիրիայի տարածքը ռմբակոծող ռուսական ինքնաթիռը խախտել է իր պետական սահմանը` չորս ու կես րոպե գտնվելով իր տարածքում:
Այդ պահին խոսքը գնում էր ռուսական «ՄիԳ 29» կործանիչի մասին: Թուրքիայի նախագահն այդ առիթով հայտարարել էր, որ իր երկրի վրա հարձակումը նշանակում է` հարձակում ՆԱՏՕ-ի տարածքի վրա: Միջադեպի հաջորդ օրը ՆԱՏՕ-ն ռազմական խորհրդի նիստ էր գումարել և հայտարարել, որ Ռուսաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ իրավիճակը սրելուց:
Իրավիճակը հետո տարօրինակ ու անսպասելի շարունակություն ունեցավ` թուրքական ուղղաթիռները խախտեցին ՀՀ պետական սահմանը: Եթե առաջին դեպքում խախտվել էր ՆԱՏՕ-ի օդային տարածքը, ապա հոկտեմբերի 5-ին խախտվել էր ՀԱՊԿ օդային տարածքը: Բայց ՀԱՊԿ-ն ոչ մի նիստ չգումարեց: Հետևաբար` Թուրքիան ոչ մի զգուշացում չստացավ: Եվ իրավիճակը հետևյալ զարգացումն ապրեց` թուրքական «F 16» կործանիչի զոհ դարձավ «Սու 24» ռմբակոծիչը: Դեպքից անմիջապես հետո Թուրքիան դիմեց ՄԱԿ և ՆԱՏՕ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ոչ մի երկիր առայժմ չի արձագանքել այդ դիմումին ու չի պահանջել քննարկում կազմակերպել:
Փոխարենը` Թուրքիային պաշտպանող մեղմ տեքստերով հանդես են եկել և՛ ԱՄՆ-ի, և՛ ՆԱՏՕ-ի պաշտոնատարները: ԱՄՆ-ը, օրինակ, հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռը 17 վայրկյանով խախտել է Թուրքիայի տարածքը: Արևմտյան գործիչների դիվանագիտական նուրբ հայտարարությունների վերջում միշտ նշվում է, որ իրենք ընդունում են Թուրքիայի սեփական տարածքը պաշտպանելու իրավունքը: Այս նախադասությունն ինքնին ոչինչ չի նշանակում, որովհետև ոչ մի դիվանագետ կամ պետական գործիչ երբեք չի հայտարարի, որ չի ընդունում որևէ երկրի՝ սեփական սահմանները պաշտպանելու իրավունքը: Դիվանագիտությունը մարդկային գործունեության ամենատարօրինակ ոլորտներից է: Այսպես են ՆԱՏՕ-ի զինակիցները հայտարարում իրենց աջակցության մասին:
Մինչդեռ Ռուսաստանը վերջին տարիներին միջազգային քաղաքականության ոլորտում հայտարարելով իր հավակնությունների մասին՝ մշտապես փորձում է միայնակ հանդես գալ: Ռուսաստանը հոկտեմբերի 5-ի միջադեպից հետո չհրավիրեց ՀԱՊԿ նիստ, չփորձեց Թուրքիային դատապարտել իր դաշնակից երկրների հետ համատեղ հայտարարությունով: Արդյունքում` հիմա մենակ է մնացել ոչ թե Թուրքիային դեմ հանդիման, այլ` ՆԱՏՕ-ի: Եվ սա հսկայածավալ ու թափթփված Ռուսաստանին բնորոշ է: Իսկապես դժվար է հավատալ, որ Թուրքիայի զգուշացումից հետո ռուսաստանյան վերլուծական կենտրոնները չէին հաշվարկել այս իրավիճակի հնարավորություններն ու չէին նախատեսել դրան հետևելիք համարժեք քայլերը: Բայց դա ակնհայտ է:
Մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Պուտինը հեռուստախցիկների առաջ լսեց սիրիական իրավիճակի մասին ռազմական զեկույցները: Լսեց ու բոլորին գովեստներ շռայլեց: Բայց ընդմենը երկու օր հետո պարզվեց, որ ահաբեկիչների դիրքերը խոցող ռմբակոծիչները մարտական առաջադրանքները կատարում են առանց կործանիչնեիի ուղեկցության: Ռազմական գործի գիտակ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ հոկտեմբերի 5-ին Թուրքիայի օդուժը չփորձեց գրոհել իր սահմանը խախտած «Միգ 29» կործանիչների վրա: Փոխարենը՝ թուրքական նույն «F 16»-երը խոցեցին «Սու 24» ռմբակոծիչը:
Թուրքիան այս հակամարտության մեջ փորձում է սեփական շահն առաջ տանել: Փորձում է` օգտագործելով ՆԱՏՕ-ի անդամ լինելու իր հանգամանքը: Իսկ մնացած բոլորը սպասում են: Սպասում են փնթի ու անկանխատեսելի Ռուսաստանի պատասխանին: