Կառավարությունը կաջակցի կարկտահարությունից և քամիներից տուժած համայնքներին
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքների ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին: Նշված ժամանակահատվածում տեղացած ուժգին կարկտահարություններից տուժել են այդ մարզերի համայնքները։ Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ՝ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հողօգտագործողների գումարների հետ վերադարձը ներել: «Մենք այս նախագծով օգնում ենք մեր գյուղացիներին, ովքեր տուժել են կարկտահարությունից: Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2 դրամ՝ մարզային և համայնքային ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Նշենք, որ նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների, ինչպես նաև պետական և համայնքային նշանակության շինություններին: Հարցին արագ լուծում տալու համար Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կիրառել ոչ թե մրցութային, այլ բանակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության:
Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել նաև խնդրի լուծման համար պահանջվող գումարի վերաբերյալ: «ՀՀ Նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում կայացրել, որ աջակցենք: Բայց դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր»,- ընդգծել է վարչապետը և առաջարկել ստեղծել հանձնաժողով, աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում, համայնքներում և տեղում կճշտեն վնասի իրական չափերը: