«Մեր հայ գործընկերների հետ կքննարկենք` արդյոք նպատակահարմա՞ր է ԱՄՆ-ՀՀ կրկնակի հարկման համաձայնագիրը». Ռիչարդ Միլս
«ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի վերաբերյալ որոշում դեռևս չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հստակեցրեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի բացման արարողության շրջանակում:
Միլսը նախ նշեց, որ երեքշաբթի օրը տեղի ունեցավ Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի նիստը, որի տրամաբանական շարունակությունը Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն է:
Դեսպանը հիշեցրեց, որ խորհրդի հանդիպման ժամանակ քննության առնվեցին կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ-ԱՄՆ առևտրային հարաբերությունների վրա:
«Այս հանդիպումն ավելի լայն համապատկերն է դիտարկելու ռազմավարական տեսանկյունից, թե ինչպես կարող ենք նպաստել տնտեսաական աճին: Այնպիսի հարցեր են դիտարկվելու, ինչպիսին են Հայաստանի ռազմավարությունն իր էներգետիկ անվտանգությունը, ջրային ռեսուրսների կառավարման հարցը և թե ինչ է հնարավոր անել աջակցելու ՀՀ կառավարությանը կոռուպցիոն չարիքի դեմ պայքարելու հարցում:
Օրակարգում ներառված հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք կրկնակի հարկման համաձայնագիրն այս պահին անհրաժեշտ և նպատակահարմար է: Մենք մեր հայ գործընկերների հետ քննության ենք առնելու այդ հարցը, որոշելու` արդյոք դա մի հարց է, որի ուղղությամբ պետք է առաջ շարժվենք: Որոշում դեռևս կայացված չէ»,- ընդգծեց դեսպան Միլսը:
Հարցին, թե ի՞նչ ոլորտներում է տեսնում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը, դեսպանը պատասխանեց, որ իրենք խրախուսում են, որպեսզի ամերիկացիներն այստեղ բոլոր ոլորտները դիտարկեն: Սակայն, նրա խոսքով, ամերիկացիների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային ոլորտը: «Մենք այստեղ աջակցում ենք նաև գյուղատնտեսության ոլորտին, քանզի դա համարում ենք տնտեսության աճի շարժիչ ուժերից մեկը: Այս հարցերն այսօր օրակարգում են: Մեր ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտը: Այս պահին թերևս շատ բան չեմ կարող ասել, բայց վաղը մենք մեկնարկում ենք զբոսաշրջությանն ուղղված մի ծրագիր, որի ուղղվածությունը գյուղական բնակավայրերում, մարզերում`Երևանից դուրս, տուրիզմի զարգացումն է»,- ասաց դեսպան Միլսը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի 7-ին ստորագրել էին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր։ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Վաշինգտոնում համաձայնագիրը ստորագրել էին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին:Հայաստանը և Միացյալ Նահանգները այդ փաստաթղթով հավաստել են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Նախատեսվում էր ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց էին կացվելու առնվազն տարին մեկ անգամ։Փաստորեն շրջանակային համաձայնագրի որոշ բաղադրիչներ արդեն իրականացվում են: