Գագիկ Խաչատրյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Միակ պատգամավորն եք, որ մեզ լուրջ դրության մեջ եք դրել»
«Մեր երկիրը չի զարգանում և չի զարգանում մեր պատճառով, ոչ թե աշխարհի»,- այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նշելով, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր տարեկան 7% աճ, Հ. Բագրատյանը հաշվարկեց, որ 9 տարում (2008-16թթ.) ՀՀ տնտեսությունը 83.4%-ով պետք է աճեր, բայց աճելու է 17.9%-ով. «Սա աղետ է, երկիրը առաջ չի գնում»: Ըստ նրա՝ նույն ժամանակահատվածում բյուջեն դրամով աճելու է ընդամենը 6%, ինչը նշանակում է, որ մեր երկիրը պետք է զիջենք մեկ այլ մրցունակ երկրի:
«Մենք պետք է կարողանանք աճեցնել տնտեսությունը: Մենք բոլորս չենք աշխատում՝ սկսած ինձանից»,- ասաց Հ.Բագրատյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրեց՝ «Ի՞նչ ճար եք տեսնում»:
Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Բագրատյանին, որ նա 49 հարցադրում է արել. «Միակ պատգամավորն եք, որ մեզ լուրջ դրության մեջ եք դրել»:
Ըստ Գ.Խաչատրյանի՝ ոչ մի երկրում տնտեսական կանխատեսումները տարեվերջին մոտ չի լինում, այդ թվում՝ ՀՀ-ում, և շեղումը 3% է: «Լավ կլինի, որ մեր կանխատեսումները մոտ լինեն իրականությանը»,- նկատեց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե ցուցանիշները հարկունակ են, այլ պատկեր է, բայց խորանալուց երևում է, որ դրանք ընդհանրապես տնտեսական էֆեկտ չեն կարող բերել: Գ.Խաչատրյանի կարծիքով՝ հիմա տնտեսական աճի տեմպերը պետք է ուղղված լինեն զարգացմանը և լուրջ քայլեր են արվում վերջին տարներին գործարար միջավայրը ավելի գրավիչ, տնտեսությունը մրցունակ դարձնելու համար:
«Այս պահի դրությամբ, եթե մեր տարածաշրջանի երկրներն ենք ուսումնասիրում, ոչ մեկ կանխատեսում չունի, ՌԴ-ն ունի 3 սցենար: Տնտեսական միջավայրում բազմաթիվ պարամետրեր շատ արագ են փոփոխվում: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե մեկ ամիս անց ինչ միջավայրում կլինենք»,- ասաց Գ.Խաչատրյանը՝ համաձայնելով, որ ամբիցիոզ ծրագրեր պետք է լինեն:
Հ.Բագրատյանն էլ իր հերթին համաձայնեց Խաչատրյանի հետ ու նշեց, որ բարդ է իրավիճակը, նաև Ադրբեջանում ու Վրաստանում, համաշխարհային տնտեսությունում, ոչ ոք չի կարողանում կողմնորոշվել, թե վերջնական վճակը ոնց է. «Ես չգիտեմ, թե ինչ պետք է անել ՀՀ տնտեսության հետ, բայց ունեմ գաղափար, թե ինչ պետք է չանել: Հաջորդ տարի ավելի բարդ ու անկանխատեսելի կլինի, քան այս տարի»:
«Լուծումները ավելի մեծ ջանքեր կպահանջեն և՛ ինձանից, և՛ կառավարությունից»,- նկատեց Գ.Խաչատրյանը: